HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժամանակակից կենսաբանության հսկաները կդասախոսեն Երևանում

Հայաստանի անկախացումից հետո առաջին անգամ Երևանում կազմակերպվում է արտահամալսարանական դասախոսությունների շարք` ուսանողների և երիտասարդ կենսաբանների համար, որի ընթացքում իրենց դասախոսություններով հանդես կգան ինչպես տեղացի ճանաչված կենսաբաններ, այնպես էլ արտերկրից ժամանած, միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ: Արտասահմանցի գիտնականների թվում են Նոբելյան մրցանակակիր Թիմ Հանթը, Ռոբին Վայսը, Մայքլ Նեուբերգերը, Փիթեր Մաքհյուջը ( Մեծ Բրիտանիա), Վիրջինիա Զաքյանը, Էրիկ Գրինը, Գրեգ Համփիկյանը, Սուսան Ուոլեսը ( ԱՄՆ), Միցուհիրո Յանագիդան (Ճապոնիա), Վալտեր‎ Դոեր‎‎ֆլերը (Գերմանիա), Լորենսո Պուրին (Իտալիա), Յանոս Շաբադը (Հունգարիա) և Նոռա Գուսենը (Հոլանդիա): ‎‎‎‎ Արտահամալսարական դասախոսությունների շարքը կազմակերպվում է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ կողմից` Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիաների ֆեդերացիայի (FEBS) աջակցությամբ: Դասախոսությունների թեմատիկ ուղղվածությունը ժամանակակից գենետիկան է և հատկապես` գենետիկական անկայունությունը, որը վերջին տասնամյակում ամենաշատ ուսումնասիրվող թեմաներից մեկն է: Քաղցկեղի առաջացումը և իմունային համակարգի նորմալ կենսագործունեությունը պայմանավորված են մարդու գենոմում պատահական և նպատակաուղղված մուտացիաների (փոփոխությունների` անկայունության) առաջացումով: Ավելին, գենետիկական անկայունության ուսումնասիրությունները թույլ են տվել ստեղծել մի շարք մեթոդներ, որոնք լայնորեն կիրառվում են այնպիսի ասպարեզներում, ինչպես օրինակ` դատական գենետիկան և մարդաբանությունը: Բոլոր վերը նշված թեմաները կներկայացվեն դասախոսությունների ընթացքում: Կքննարկվի նաև գենետիկական անկայունության առաջացման պատճառները և մեխանիզմները, ինչպես նաև այն միջոցները, որոնցով կենդանի օրգանիզմը հակազդում է գենետիկական անկայունությանը: Նոբելյան մրցանակակիր Թիմ Հանթը, ով հանդիսանում է մեկ տասնյակից ավել ակադեմիաների անդամ և Մեծ Բրիտանիայի ասպետ, հանդես կգա բաց դասախոսությամբ, և կներկայացնի ցիկլին սպիտակուցների դերը բջջի բաժանման մեջ: Այս սպիտակուցը հայտնաբերվել է Թիմ Հանթի կողից 1982թ., երբ վերջինս ուսումնասիրում էր ծովաոզնու ձվաբջիջները: Մի քանի տարի անց նա, այլ գիտնականների հետ համատեղ, պարզեց ցիկլինի գործունեության մեխանիզմը և դրա դերը բջջի բաժանման կարգավորման մեջ: 2001թ. Նոբելյան կոմիտեն բժշկության կամ ‎ֆիզիոլոգիայի ասպարեզում Նոբելյան մրցանակը հանձնեց Թիմ Հանթին, Փոլ Ներսին և Լելանդ Հարտվելին իրենց կատարած մեծ գիտական ներդրման` բջջի բաժանման ուսումնասիրության համար: Միցուհիրո Յանագիդան իր գիտական ճանապարհը սկսել է` ուսումնասիրելով T4 վիրուսների մոլեկուլային կենսաբանությունը և մոր‎ֆոգենետիկան Ժնևի համալսարանում, որտեղից տեղափոխվելով Կյոտոյի համալսարան` փոխել է իր հետազոտությունների ուղղությունը և սկսել է զբաղվել քրոմոսոմների վարքի ուսումնասիրությամբ: Հանդիսանում է շուրջ 300 գիտական հոդվածների հեղինակ, անյպիսի գիտական պարբերականներում ինչպես են Nature, Science և Cell: Իր ղեկավարած երկու գիտական լաբորատորիաներում կիրառվում են կենսաբանության ժամանակակից մեթոդներ, որոնք թույլ են տալիս ուսումնասիրել քրոմոսոմների վարքը բջջի միտոզում: Այս ասպարեզում ունեցած մեծ գիտական ավանդի համար Յանագիդան պարգևատրվել է մի շարք հեղինակավոր կառույցների կողմից, որոնց թվում են ԱՄՆ –ի և Ճապոնիայի գիտությունների ակադեմիաները: Հայազգի գիտնական Վիրջինիա Զաքյանը (Փրինստոնի համալսարան) երկար տարիներ ուսումնասիրում է քրոմոսոմների եզրային հատվածները, որոնք կոչվում են թելոմերներ: Հայտնի է, որ բջջի ամեն բաժանումից հետո թելոմերները կարճանում են, և մի քանի տասնյակ բաժանումներից հետո թելոմերներն այնքան են կարճանում, որ անհնար է դառնում բջիջների նորմալ կենսագործունեությունը` թելոմերներին հարակից գեների շարքից դուրս գալու պատճառով, որի արդյունքում դրանք  մահանում են: Թելոմերները չեն կարճանում միայն երկու տեսակի բջիջներում‎` սեռական և քաղցկեղային, որոնցում գործում է թելոմերազ անունով սպիտակուցը, որը բջջի ամեն բաժանումից հետո վերականգնում է կարճացած թելոմերները: Թելոմերազի ակտիվ լինելը քաղցկեղային բջիջներում թույլ է տալիս վերջիններին դառնալ «անմահ» և անվերջ թվով բաժանվել (ինչը քաղկեղային բջիջների հիմնական հատկանիշն է): Երկար տարիներ անհայտ էր, թե ինչու թելոմերազները չեն գործում մյուս բջիջներում: Զաքյանի լաբորատորիայում հայտնաբերվեց մի սպիտակուց` Pif1p, որը պարզվեց ճնշում է թելոմերազի գործունեությունը խմորասնկերում: Հետագայում հայնաբերվեցին Pif1p անալոգները այլ կենդանական տեսակների մոտ: Զաքյանի այս հայնագործությունը հայտնի դարձրեց իրեն և իր լաբորատորիան` գիտական լայն շրջանակներում: Այսօր, Վիրջինիա Զաքյանը մեկ տասնյակից ավել մրցանակների դափնեկիր է, հանդիսանում է բազմաթիվ ասոցիացիաների և գիտական պարբերականների խմբագրական կազմի անդամ: Անգլիացի հայտնի վիրուսաբան Ռոբին Վայսը Երևանում հանդես կգա վերջին շրջանի իր հետազոտությունների արդյունքների զեկույցով, որոնք նվիրված են գենետիկական անկայունությանը քաղկեղային բջիջներում: Այս թեմային զուգահեռ Վայսը երկար տարիներ  հետազոտում է մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) ախտաբանությունը: Նա առաջինն էր, որ ցույց տվեց բջջի մակերեսի վրա գտնվող CD4 ռեցեպտորների (սպիտակուցներ, որոնց կապվում են վիրուսները և մտնում բջիջ) կարևորությունը ՄԻԱՎ ախտաբանության մեջ: Բացի այդ Վայսի ուշադրության կենտրոնում են եղել քաղցկեղածին վիրուսները: Պատահական չէ, որ այդ ասպարեզում ունեցած մեծ ավանդի և հեղինակության շնորհիվ նա 1980-1989թթ. գլխավորել է Մեծ Բրիտանիայի ամենազդեցիկ գիտական կառույցներից մեկը` Քաղցկեղի ուսումնասիրության կենտրոնը: Հանդիսանում է Մեծ Բրիտանիայի քաղցկեղի ուսումնասիրության ասոցիացիայի և մանրէաբանների ասոցիացիայի նախագահ: Նրա ղեկավարած գիտական խմբերը մինչ այսօր զբաղվում են ՄԻԱՎ-ի դեմ պայքարի միջոցների մշակմամբ: 2007թ. ղեկավարում է Բիլ Գեյցի կողմից ստեղծված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի կոնսորցիումը: Մնում է հավելել, որ դասախոսությունները տեղի կունենան այս տարվա փետրվարի 20-26 ընկած ժամանակահատվածում Երևանի «Կոնգրես» հյուրանոցում: Միջոցառման շրջանակներում կկազմակերպվի նաև կլոր-սեղան քննարկում «Գիտությունը և հասարակությունը ապագայում» թեմայով, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Ժամանակացույցը, դասախոսությունների թեմաները և այլ հետաքրքրող տեղեկատվություն կարելի է գտնել միջոցառման կայքում` www.febs.yba.am Հովակիմ Զաքարյան Ռաֆայել Ազիզյան Արսեն Գասպարյան «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter