HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ է վճարելու «Հանրապետականի» ու «Բարգավաճ Հայաստանի» «բարեգործության» համար

2010 թ. դեկտեմբերի 9-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն առողջապահության ոլորտի խնդիրների վերաբերյալ գրավոր հարցում էր ուղղել Կառավարությանը: Նամակում բարձրացված էր նաև այն հարցը, թե ով է հոգում «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների կողմից իրականացվող «բարեգործական» անվճար բժշկական օգնության համար նախատեսված արտագնա ծառայությունների բժշկական սպասարկման ծախսերը և վճարում բժիշկների աշխատավարձը:

Ի պատասխան այդ հարցի` առողջապահության նախարարն առաջարկել է հարցն ուղղել համապատասխան կուսակցությունների գրասենյակներին: Վերջապես ակնկալելով ստանալ վերոնշյալ հարցի պատասխանը` Անահիտ Բախշյանը «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների նախագահներին ուղղել է նույնաբովանդակ նամակ, որը ներկայացվում է ստորև: «ՀՀ «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդածի 2-րդ կետի համաձայն` օրենքով սահմանված բարեգործության նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերը որպես բարեգործական, որակում և գրանցում է լիազորված մարմինը, իսկ 4-րդ կետի համաձայն` բարեգործական ծրագրում նկարագրվում են ծրագրի նպատակները, նախատեսվող միջոցառումները, նշվում են դրանց կատարողները և ստացողները:

Ծրագիրը պետք է ներառի նաև կանխատեսվող մուտքերի և ծախսերի նախահաշիվը, սահմանի ծրագրի իրականացման փուլերը և ժամկետները: Հեռուստատեսային բոլոր լրատվամիջոցներով հաճախ գովազդում են «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների կողմից հանրապետության տարբեր մարզերում, Արցախում և Երևանում անվճար բուժօգնություն իրականացնելու փաստերը` դրանք ներկայացնելով որպես բարեգործություն:

2010 թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ վարչապետին ուղղած նամակում բարձրացված` «Ո՞վ է վճարում «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների կողմից իրականացվող բարեգործական անվճար բժշկական օգնության համար» հարցին պատասխանել է առողջապահության նախարար պարոն Քուշկյանը և առաջարկել հարցն ուղղել վերոհիշյալ կուսակցությունների գրասենյակներին: Ընդունելով պարոն նախարարի խորհուրդը` պատգամավորը երկու կուսակցությունների նախագահներին է ուղղել հետևյալ հարցերը.

1. Արդյոք կուսակցության կողմից «բարեգործական» հայտարարվող անվճար բուժօգնության ծրագիրն օրենքի պահանջած կերպով լիազոր մարմնի կողմից ստացե՞լ է այդ կարգավիճակի մասին փաստաթուղթ, որում նկարագրվել են ծրագրի նպատակները, ֆինանսական համապատասխան մուտքերն ու ծախսերի նախահաշիվը: Արդյոք կատարված ծախսերի մասին լիազոր մարմնին ներկայացվե՞լ են հաշվետվություններ: Ո՞վ է վճարել արտագնա բժշկական անվճար ծառայությունների, բժշկական սպասարկման ծախսերի համար: Իրենց արտագնա գործունեության համար բժիշկները ստացե՞լ են արդյոք աշխատավարձ. եթե այո, ապա ո՞ւմ կողմից:

2. Որքանո՞վ են օրինական Ձեր կուսակցության կողմից իրականացվող «բարեգործական» կոչվող գործողությունները: Չե՞ք կարծում, որ այդ գործողությունները պարունակում են ընտրակաշառք բաժանելու տարրեր, ինչը քաղաքական կոռուպցիայի ցայտուն օրինակ է և հակասում է ՀՀ օրենքներին:

3. Կոռուպցիան հաղթահարելու մասին Ձեր ելույթներում հնչող մտքերը որքանո՞վ են համատեղելի «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների կողմից իրականացվող «բարեգործական» գործունեության հետ:

4. Ձեր կարծիքով պետական իշխանություն կազմող կուսակցություններն արդյոք ի պաշտոնե պարտավոր չե՞ն հոգալ Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչության, ոչ թե միայն այն հատվածի առողջապահական կարիքները, որը պատրաստակամ է օգտվել նույն այդ կուսակցությունների պետական գործառույթներից դուրս իրականացվող «բարեգործություններից» կամ «նվերներից»:

«Բարեգործությամբ» զբաղվող կոալիցիոն կուսակցությունների ուղիղ պարտականությունը և գործառույթը, իրենց ձեռքում գտնվող պետական լծակներն իրապես կոռուպցիայի և տնտեսական «ստվերի» դեմ օգտագործելը պետք է լինի, այլ ոչ թե խոսքերը: Ըստ տարբեր փորձագիտական գնահատականների` ստվերը անգամ կիսով չափ նվազեցնելու շնորհիվ` հնարավոր կլինի բյուջեում մուտքագրել այնքան գումար, որը բավարարի սոցիալապես խոցելի խմբերի թոշակները և նպաստներն առնվազն կրկնապատկելուն, որպեսզի նրանք այլևս հույսը չդնեն որևէ մեկի ողորմածությանը` այդ թվում իրենց առողջության հետ կապված կարիքները հոգալու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter