4-8 դոլարի հանելուկը դեռ չի պարզվել
Թուրքիայից և Չինաստանից ապրանք բերող առևտրականները, որ մի քանի օր շարունակ կառավարության մոտ բողոքի ակցիա էին անում մեկ կիլոգրամ հագուստի դիմաց վճարվող մաքսատուրքը բարձրացնելու հետ կապված, այսօր նորից վերսկսելու են բողոքի ակցիաները, քանի որ իրենց խնդիրն այդպես էլ լուծում չի ստացել:
Հիշեցնենք` պարզվեց, որ ներմուծվող ապրանքի մաքսազերծման համար նախատեսված գումարի կրկնակի թանկացման մեղավորը բեռնափոխադրմամբ զբաղվող մասնավոր ընկերություններն են, որոնք 4 դոլարից գինը բարձրացրել են 8-ի: Բարձրացված աղմուկից հետո այդ ընկերություններից մեկի տնօրենը` ոմն Կառլեն, հեռուստատեսությամբ հայատարարել էր, որ ոչ մի թանկացում էլ չկա, և առևտրականները կշարունակեն ապրանքը փոխադրել նախկինի պես` 4 դոլարով:
Սակայն երեկ, երբ առևտրականները գնացել են մաքսատուն` ապրանքը ստանալու, անակնկալի են եկել: Նրանցից յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար պահանջել են վճարել 8 դոլար, լավագույն դեպքում առաջարկել համաձայնության գալ առայժմ 6 դոլարի շուրջ:
Սակայն առևտրականները չեն համաձայնել, և այսօր` ժամը 12-ին, նրանք հավաքվելու են նախագահականի դիմաց և պահանջելու են վերջնականապես լուծել այս հանելուկը. ի վերջո ով է այս թանկացման պատասխանատուն, և որն է դրա պատճառը:
Ի դեպ, վերոնշյալ մասնավոր ընկերություններից գոնե մեկ-երկուսի հետ կապվելու «Հրապարակի» ջանքերը զուր անցան. նրանից և ոչ մեկի հեռախոսը չպատասխանեց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել