
Երեկ ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա անցկացնող 2 կանանց նախագահական ապարատի նամակների բաժնի աշխատակիցը շատ կոպիտ եւ անվայել վերաբերմունք է ցուցաբերել: Լարիսա Օհանյանն ու Սուսաննա Գրիգորյանն առավոտյան ժամը 9-ից «Պարոն նախագահ, մենք սպասում ենք ձեր համաձայնությանը, որպեսզի մեր խնդրին լուծում տան» պաստառով սպասում են Սերժ Սարգսյանին: Նրանք արդեն մի քանի տարի է` չեն ստանում իրենց հասանելիք նպաստները` որպես ընտանիքի միակ կերակրողին կորցրած կանայք:
Տարիներ առաջ Իրանում ավիավթարի ենթարկված «Յակ-40» ինքնաթիռի զոհված օդաչուների կանայք վստահեցնում են, որ իրենց անընդհատ դռնեդուռ են գցում. մեկ վարչապետի մոտ են ուղարկում, մեկ` նախագահի: Լարիսա Օհանյանի պատմելով` վարչապետի աշխատակազմից իրենց այս ամսվա 17-ին ասել են. «Ձեր հարցին լուծում չկա»:
Իսկ երեկ նախագահի նստավայրի մոտ նախագահականի նամակների բաժնի պետի օգնականը Լ. Օհանյանին եւ Ս. Գրիգորյանին է մոտեցել եւ կոպիտ տոնով ներս հրավիրել: Լարիսա Օհանյանի խոսքերով` «Այդ մարդը մեզ այնպես ասաց` «առաջ ընկեք», կարծես թե սոված շուն էինք իր համար: Ես էլ ասացի` մենք շուն չենք, որ առաջ ընկնենք: Նա էլ մեր կողքի ոստիկաններին հրամայեց` «դե տշեք դրանց»:
Կանանց պատմելով` որոշ ժամանակ անց աշխատանքի է ժամանել ՀՀ նախագահը, որը նույնպես ուշադրության չի արժանացրել կանանց: Հակառակ դեպքում, ինչ-որ մեկը կմոտենար ցուցարարներին եւ կլսեր նրանց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել