360 վայրկյան Ստեփանակերտի պարարվեստի քոլեջում
Այն, ինչի մասին ուզում եմ գրել, տեղի է ունեցել բավականին վերջերս Ստեփանակերտի պարարվեստի քոլեջում, ու դրան, դժբախտաբար թե բարեբախտաբար, ականատես եմ եղել ես:
Նախ ասեմ, որ ես ինքս մանկավարժ եմ ու երկու զավակների մայր և ուզում եմ հնարավորինս ապահովել երեխաներիս բազմակողմանի զարգացումը: Որդիս պարի նկատմամբ մեծ սեր ունի ու քանիցս խոսել էր իր նախասիրությամբ զբաղվելու ցանկության մասին: Ուստի, որոշեցի որդուս անակնկալ մատուցելու համար այցելել Ստեփանակերտի պարարվեստի քոլեջ, ծանոթանալ պայմաններին ու հնարավորության դեպքում նրան տանել այդ քոլեջ: Ինձ առավելապես հետաքրքրում էր հանրակրթական մասի մակարդակը, որովհետև հնարավոր է` հետագայում նա այլ մասնագիտություն ընտրեր:
Վերոնշյալ նպատակով ներկայացա պարարվեստի քոլեջ ինքս իմ մեջ ուրախ, մանավանդ որ այնտեղ տեսա իմ երեխայի հասակակիցներին: Վայրկյաններ անց ամեն ինչ փոխվեց... Երկու կին վիճում էին, ընդ որում` նրանցից հասակով երիտասարդն իրեն շատ անվայել էր պահում: Մի երեխայի, որը, պատահաբար ինձ մոտ կանգնած, կարծես թե շոու էր դիտում, հարցրի, թե ո՞վ է այս կինը: Պատասխանեց, որ ընկեր Ներսիսյանն է` քոլեջի ուսմասվարը: Մինչ փորձում էի նրա պահվածքում ինչ-որ մանկավարժական նշույլ գտնել, հարգարժան ուսմասվարը խփեց վերջին ակորդը` տնօրենին սովորողների ներկայությամբ անվանելով «փչացած»:
Զարմանքից ու ապշանքից ոտքերս մեխվել էին. ինքս էլ լինելով մանկավարժ` իմ ուղեղում ոչ մի կերպ չէի կարողանում տեղավորել կատարվածը: Ի՞նչ բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրում, և ի՞նչ դաստիարակություն պետք է ստանան երեխաները: Ես` որպես մանկավարժ, ինձ դատարկված էի զգում, մի՞թե դա է օրվա հրամայականը:
Որդուս քոլեջ հաճախելը բացառվում է: Մեքենայաբար շրջվեցի ու քայլերս ուղղեցի տուն` ջարդված հոգով: Անընդհատ մտածում էի այն երեխաների մասին, ովքեր այնտեղ են սովորում: Եթե ուսումնական հաստատության երկրորդ դեմքը, լինելով մանկավարժ, նման անվայել ու լկտի պահվածք է դրսևորում տնօրենի նկատմամբ, ապա ինչպիսի՞ն կլինի վերաբերմունքը ուսուցիչների, մանավանդ երեխաների հանդեպ:
Անկեղծ ասած, չգիտեմ, թե ում դիմեմ` կրթությա՞ն, թե՞ մշակույթի նախարարին: Բայց ուզում եմ Ձեր ուշադրությունը սևեռել այդ խնդրի վրա, թե չէ նման կադրերով ի՞նչ դաստիարակություն ենք տալիս սերունդներին և ի՞նչ ենք ակնկալում: Պարզ չէ՞, որ վաղը կունենանք լկտի հասարակություն, իսկ մեզ անհրաժեշտ են գիտակից, կիրթ ու դաստիարակված քաղաքացիներ:
Ահա թե ինչ կարող է անել անառողջ 360 վայրկյանը:
Էլլա Բաղդասարյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել