HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովը մեղադրանքների նոր հարթակ է

«Ես դեռևս որոշակի պատրանքներ ունեմ ԵԽԽՎ-ից` մարդու իրավունքների դերակատարման հարցում»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը, ապա ըստ Դ.Հարությունյանի` Վեհաժողովը խայտառակել է իրեն` ակնհայտ և կողմնակալ գործելակերպով: Դավիթ Հարությունյանն այսօր խոսեց վերջերս ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների վերսկսման մասին, ինչը նախատեսված է 1416 բանաձևով: Նշենք, որ 2005թ. հունվարին վեհաժողովը քննարկել է 1416 բանաձևը և ընդունել այն: Բանաձևը պարունակում էր մի շարք մտահոգիչ դրույթներ: Դ.Հարությունյանի խոսքերով` առաջին անգամ է, որ նման ձևակերպումներ են տեղ գտել բանաձևում: Բանաձևի 5-րդ կետում առաջարկվում է, որ ժամանակավոր հանձնաժողով ձևավորվի Մինսկի կոնֆերանսի անդամ 14 երկրներից նրանցից, որոնք ներկայացված են Վեհաժողովում: Հանձնաժողովը ամեն տարի պետք է Վեհաժողովին զեկուցի, թե ինչպիսի ջանքեր են գործադրում իրենց երկրների կառավարությունները` ղարաբաղյան գործընթացի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Բանաձևն ընդունելուց 3 օր անց` 2005թ. հունվարի 28-ին, ԵԽԽՎ Բյուրոն ստեղծել է ժամանակավոր հանձնաժողով, որի նախագահ է նշանակել լորդ Ռասսել Ջոնսոնին: 2005թ. հրավիրվել են լսումներ, որոնց մասնակցել են Մինսկի խմբի ներկայացուցիչները, պաշտոնատար անձինք Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություններից, ինչպես նաև այլ կառույցներից: Այդ ժամանակ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ չեն պատրաստվում բացահայտել բանակցային գործընթացին վերաբերող դետալներ, քանի որ նման բացահայտումները կքաղաքականացվեն և ի չիք կդարձնեն տարիներ ի վեր գործադրվող ջանքերը` վնասելով քաղաքական գործընթացին: Հետո որոշվել է փոխել բանաձևի անունը, ինչը ենթադրում էր, որ հանձնաժողովը պետք է դիտարկեր ոչ միայն բանաձևի 5-րդ կետը, այլև` 1416 բանաձևն ամբողջությամբ: Ըստ Դ.Հարությունյանի` ԵԽԽՎ թուրք նախագահ Մևլութ Չավուշօղլուն գիտի, որ իր պաշտոնավարմանը մնացել է մեկ տարի, և որոշեց նորացնել ժամանակավոր հանձնաժողովի կազմն ու սկսել աշխատանքները` ունենալով որոշակի ծրագիր: Դավիթ Հարությունյանի խոսքերով` եղել են ոչ օբյեկտիվ գործընթացներ, որոնցից կարելի է օրինակ բերել միայն այն, որ Բյուրոյի անդամներին չի փոխանցվել հայկական պատվիրակության անդամների այն նամակը, որով անդամները դեմ են արտահայտվել ժամանակավոր հանձնաժողովի կազմի փոփոխությանը: «Նման երևույթ ԵԽԽՎ-ում մինչ այդ չէր եղել»,- ասում է Դավիթ Հարությունյանը: Կանխատեսելով, որ հետագայում ևս նման խոչընդոտներ լինելու են, հայկական պատվիրակներն առանձին-առանձին հանդիպումներ են ունեցել Բյուրոյի գրեթե բոլոր անդամների հետ և ներկայացրել իրենց մտահոգությունները: Այնուամենայնիվ, Բյուրոն որոշեց ժամանակավոր հանձնաժողովի կազմը թարմացնել և վերսկսել աշխատանքները: Ավելին` Բյուրոն խնդիր է դրել, որ այդ հանձնաժողովը տարեվերջին զեկուցի կատարված աշխատանքների մասին: Հայ պատվիրակները հարցեր են ուղղել հանձնաժողովում ընդգրկված մի քանի անդամի: Ստացված պատասխանների արդյունքում հանձնաժողովում ընդգրկված որոշ անդամներ ստիպված են եղել խոստովանել, որ անկողմնակալ չեն, քանի որ իրենց կարծիքով` Հայաստանը զբաղեցրել է Ադրբեջանի տարածքի 50 տոկոսը: Դրանից հետո այդ անդամները ստիպված են եղել դուրս գալ հանձնաժողովի կազմից: «Թե ինչ է անելու հանձնաժողովը` դեռևս հայտնի չէ, որովհետև այս հանձնաժողովի` ինչ-որ մի բան անելու բոլոր փորձերը առ այսօր ձախողված են եղել: Առաջին պոտենցիալ վտանգն այն է, որ սա նոր հարթակ է փոխադարձ մեղադրանքներ ներկայացնելու համար»,- նշեց հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter