HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եգիպտոս. պայքար, պայքար մինչև վերջ

Ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդները ողջունում են և իրենց աջակցությունն են հայտնում Եգիպտոսի քաղաքացիների պայքարին ընդդեմ բռնապետության: Ուշադրությամբ հետևում ենք հանուն ազատության, հայրենիքի և արդարության ձեր ընդվզմանը: Հիացած ենք ձեր դիմադրողական ոգով, համառությամբ և քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորումներով: Համոզված ենք ձեր պայքարի հաղթական ավարտի մեջ: Կարծում ենք՝ բռնակալությունը, որը ասելիք չունի իր ժողովրդ, պետք է հեռանա և իր տեղը զիջի հասարակության մեջ հասունացած նոր ուժերին: Հուսով ենք, որ հնարավոր կլինի խուսափել նորանոր զոհերից, քաոսից, և կապահովվի խաղաղ անցում դեպի նոր իրավիճակ: Պայքարի երեք տարվա փորձ ունենալով ընդդեմ մեր հայրենիքում ծվարած նմանատիպ բռնակալության` առանց «թարգմանության» լիովին ընկալում և հասկանում ենք ձեր վրդովմունքը, վճռականությունը և ազատատենչությունը: Ցավոք, 2008-ի փետրվարին մեր երկրում տեղի ունեցած նմանատիպ ընդվզումը ճնշվեց արյան մեջ՝ զինված ուժերի և քրեական զինված բանդաների օգնությամբ, որոնք կրակ բացեցին հարյուր հազարավոր մարդկանցից բաղկացած, 10 օր տևած շուրջօրյա խաղաղ ցույցի մասնակիցների ուղղությամբ: Չնայած մեր պայքարը չպսակվեց վերջնական հաղթանակով, և բազմաթիվ մարդիկ նետվեցին բանտերը հանուն իրենց իդեալների` «ժողովրդավարական» արևմուտքի և «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանի լռելյայն համաձայնությամբ` սակայն պայքարը չմարեց, և երեք տարի է դիմակայում ենք ոստիկանապետությանը: Կոչ ենք անում աշխարհի բոլոր ազդեցիկ կառավարություններին, չթաքնվել երկիմաստ հորդորների թիկունքում, չկառչել իր դարն ապրած բռնապետության կեղծ կայանությունից, այլ ընդառաջ գնալ երիտասարդ և առաջադեմ պայքարին՝ ղեկավարվելով միմիայն համամարդկային ունիվերսալ արժեքներով և ոչ թե գեոպոլիտիկ կեղծ իմաստությամբ: Համոզված ենք, որ նման վճռականության և իդեալիզմի դրսևորման դեպքում կշահի ողջ աշխարհը: Հնարավոր չէ արհեստական պատնեշներով կանգնեցնել պատմական ժամանակի հոսքը: Եթե այսօր կառչենք դրանցից և թեկուզ ժամանակավոր կանգնեցնենք առաջընթացը, ապա վաղը կստանանք ավելի մեծ և ավելի անկանխատեսելի պայթյուն: Կրկին ողջունում ենք մեր եգիպտացի բարեկամներին՝ վստահ լինելով, որ նրանք երբեք չեն նահանջի և չեն հրաժարվի իրենց սկզբունքներից և իրենց պայքարից: Պայքար, պայքար մինչև վերջ: ՀԱԿ երիտասարդական հանձնախումբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter