HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Պայմանագրային զինծառայողների «ռեկետյորը» դատապարտվել է

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի 35-ամյա բնակիչ, նախկինում դատապարտված, ամուսնալուծված Ավագ Սադյանը 2009 թ. սեպտեմբերի վերջին համագյուղացի, պայմանագրային զինծառայող Արսեն Թադեւոսյանից պահանջել է 2 հազար դրամ: Սադյանը տեղյակ էր, որ Թադեւոսյանը որպես զինծառայող  ամսական 100 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Թադեւոսյանը, սահմանային հենակետից վերադառնալով, հանդիպել է Սադյանին,  պարզելու, թե ինչու՞ ինքը նրան գումար պիտի տա: Սադյանը սպառնացել է, որ նշված գումարը չտալու դեպքում Թադեւոսյանին ծեծի կենթարկի: Վերջինս էլ  երկյուղելով` տվել է 2 հազարը: 2009-ի հոկտեմբերին Ավագ Սադյանը զանգահարել է Ա. Թադեւոսյանին եւ պահանջել, որ նա չորաթանցի պայմանագրային զինծառայող Սեւակ Սահակյանի հետ, յուրաքանչյուրը 4-հազարական դրամ տան համագյուղացի Արմեն Ուդումյանին, որպեսզի վերջինս գումարը փոխանցի իրեն: Սադյանը սպառնացել է, որ գումարը չտալու դեպքում երկուսին էլ կպատժի: Հոկտեմբերի վերջին պայմանագրային զինծառայողները 4-հազարական դրամը տվել են Ա. Ուդումյանին, ով գումարը փոխանցել է Սադյանին: 2009-ի նոյեմբերին Ավագ Սադյանը  զանգահարել է Ա. Թադեւոսյանին եւ պահանջել , որ նա համագյուղացի Մովսես Ուդումյանի խանութ-կրպակից վերցնի ալկոհոլային խմիչքներ եւ տանի իրենց տուն: Թադեւոսյանն այս «հրամանն» էլ է կատարել եւ Սադյանի տանը նրան վճարել է խմիչքների գինը` 3 հազար դրամ: 2009-ի դեկտեմբերին Սադյանը Թադեւոսյանից պահանջել է 3 հազար դրամ: Երբ վերջինս «ռեկետին» ընդդիմացել է, Սադյանը հարվածել է դեմքին, սպառնացել, որ կծեծի: Արսեն Թադեւոսյանն էլ վախենալով` տվել է այդ գումարը: 2009-ի դեկտեմբերի վերջին Սադյանը Թադեւոսյանից պահանջել է 2 հազար դրամ: Այս անգամ «մուծումն» ուշացել է, ինչի պատճառով Սադյանը 2 հազարի փոխարեն պահանջել է 12 հազար դրամ: Նոր տարվա առաջին օրը` 2010 թ. հունվարի 1-ին Թադեւոսյանը Սադյանին տվել է 8 հազար դրամ, իսկ մնացածը չի տվել` ասելով, որ էլ փող չունի: Այսպիսով` 2009-ի սեպտեմբեր-2010 թ. հունվար ժամանակահատվածում Ավագ Սադյանը Արսեն Թադեւոսյանից պահանջել եւ ստացել է ընդհանուր առմամբ 20 հազար դրամ: 2009 թ. սեպտեմբերին Սադյանը պայմանագրային զինծառայող Սեւակ Սահակյանից պահանջել է 3 հազար դրամ` հետագայում գումարը հետ վերադարձնելու պայմանով: Երբ Սահակյանը պահանջել է գումարը, Սադյանն ասել է, որ չի տալու գումարը, իսկ պահանջը կրկնելու դեպքում Սեւակին կծեծի: 2009 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում նա Սահակյանից պարբերաբար, միջինը 10 հազարի չափով գումար է պահանջել եւ ստացել: Սադյանը ընդհանուր առմամբ 100 հազար դրամ է շորթել Սահակյանից: Գումար շորթելիս Սադյանը Սահակյանին պարբերաբար հիշեցրել է, թե ինքն ինչպես է վարվում իր պահանջները չկատարողների հետ` ծեծի է ենթարկում: 2010 թ. հունվարի 11-ին Սադյանը ալկոհոլ օգտագործած վիճակում, իր ընկերոջ` Արծվաբերդի բնակիչ Մարատ Ուզունյանի  հետ, մտել է չորաթանցի Կառլեն Բաբայանի տուն: Մտացածին պատրվակով  սեռական բնույթի հայհոյանքներ տալով`Սադյանը ձեռքերով եւ ոտքերով հարվածել է Կ.Բաբայանի տանը գտնվող չորաթանցիներ Մովսես Պապյանին եւ Աշոտ Ուդումյանին: Նույն օրը Սադյանը խուլիգանությունը շարունակել է Աշոտ Ուդումյանի տանը, ուր քարեր նետելով` ջարդել է նրա տան պատուհանի ապակիները: Դատարանում Սադյանը իրեն  հավակնոտ է պահել: Տուժողները, կարծես վիշապ օձից, վախեցել են  Սադյանի  հայացքից: Նշենք, որ Ավագ Սադյանն աչքի չի ընկնում ֆիզիկական ատլետիկ տվյալներով, տուժողները այս առումով նրան չեն զիջում: Սադյանը հրաժարվել է դատարանում ցուցմունք տալ: Սակայն Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանի մեղադրական ճառից հետո նա ընդունել է իր մեղքը` դատարանից խնդրելով մեղմ պատիժ սահմանել: Դատարանը  նրա պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ չի գտել, իսկ ծանրացուցիչ հանգամանք է համարել նախկինում նրա կողմից դիտավորյալ հանցագործության` մահափորձ կատարելու համար դատապարտված լինելը: 2010 թվականի դեկտեմբերի 9-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Կուրեխյանը ( նստավայրը` քաղաք Նոյեմբերյան) ՀՀ Քրեական օրենսգրքի  182 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով մարզի Չորաթան գյուղի բնակիչ Ավագ Շամիրի Սադյանին դատապարտել է 4 տարվա ազատազրման, 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով դատապարտել է 2 տարվա ազատազրկման: ՀՀ Քր. օր.-ի 66 հոդվածով պատիժները մասնակի գումարելու միջոցով դատարանը վերջնական պատիժ է նշանակել 5 տարվա ազատազրկումը: Դատարանը պատժի կրման սկիզբը համարել է նրա կալանավորման օրը` 2010 թ. հունիսի 25-ը: Դատական  վճիռը մեկ ամսյա ժամկետում չի բողոքարկվել եւ օրինական ուժի մեջ է մտել: Այս պատմության հետ կապված հարցեր են ծագում: Ովքե՞ր են ներկայումս պայմանագրային հիմունքներով համալրում ազգային բանակի շարքերը. առողջական վիճակից զատ ստուգվում են արդյոք նրանց բարոյակամային որակները: Հայրենիքի սահմանը զենքը ձեռքին պաշտպանող երկու պայմանագրային զինծառայողները  սարսափել են նիհարավուն արտաքինով  քրեական  տիպից: Բերդի տարածաշրջանի սահմանագոտում նրանք ինչպե՞ս պիտի դիմագրավեին ազերի զինյալների ոտնձգություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter