HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Տուն են նվիրում Եվրոպայի չեմպիոնին համայնքի բյուջեից

Երեկ Վանաձոր համայնքի ավագանու 2011 թվականի առաջին նիստն էր: Ավագանու 14 անդամներից նիստին ներկա էր 9-ը: Հայտարարվեց, որ 2011-ին պետական բյուջեից շուրջ 390 հազար դրամով պակաս դոտացիա է ստացվել, քան կանխատեսվում էր: Միաժամանակ նշվեց, որ համայնքը տարին ավելորդով է փակել` պարտավորությունները կատարվել են, ու դեռ գումար է ավելացել: Քաղաքապետարանն էլ իր բաժիններով ավելացած գումարը բաշխել էր հետեւյալ կերպ. քաղաքապետարանի համար վարչական սարքավորումներ` 7 մլն դրամ, նախադպրոցական հիմնարկների համար գույք` 5 մլն դրամ, մայթերի հիմնանորոգման համար` 15 մլն եւ լուսավորության համար` 16 մլն դրամ: Մարզադպրոցի ջեռուցման համակարգը ձեւափոխելու համար նախատեսված էր 2 մլն դրամ: Բոլոր առաջարկություններն ընդունվեցին: «Բնականաաբր 14 ավագանուց յուրաքանչյուրը կուզի` կամ իր փողոցը լուսավորվի, կամ գոնե իր փողոցին հարակից փողոցը: Բայց էդպես չի, որովհետեւ էսօր մեր հնարավորությունները չի ներում ամբողջ փողոցները լուսավորենք: Բաղրամյանինը թույլ ա, ընդեղ ենք դրել, Աղայանինը թույլ ա, ընդեղ ենք դրել: Գոնե լուսավորենք, քաղաքացին իրա ոտքի առաջը տեսնի` գիշերը իրա տուն գնալու»,- պարզաբանեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Վանաձորի ավագանու անդամ Կարեն Ադամյանը, ով նաեւ թիվ 2 հիվանդանոցի տնօրենն է, բարձրացրեց հիվանդանոցի շրջակայքը լուսավորելու հարցը` քաղաքապետին հիշեցնելով, որ նա խոստացել է ապահովել այդ տարածքի լուսավորությունը: «Առողջապահության գումարներից կդնեք, կլուսավորեք,- պատասխանեց քաղաքապետը եւ ավելացրեց,- հիվանդանոցի ճանապարհը սարքեցինք համայնքի միջոցով` Նիզամի փողոցը»: «Էդ հիվանդանոցի ճանապարհը չի»,- ուղղեց Կարեն Ադամյանը: Մայթերի հիմնանորոգման վերաբերյալ վերջինս առաջարկություն արեց, որ համայնքը պայմանագիր կնքի մայթից մուտք ունեցող խանութների ու գրասենյակների տերերի հետ, որպեսզի մայթերի հիմնանորոգումը համատեղ ֆինանսավորմամբ կատարվի: Քաղաքապետի խոսքին, որ «եթե ասֆալտը 2-3 տարի էլ դիմանա, էլի ձեռնտու է», Կարեն Ադամյանը ակնարկեց. «Ծախսային մասով` հա: Ոնց սարքվում ա, նենց էլ քանդվում ա. փոսը ասֆալտապատում են, մեկ տարի հետո նստվածք ա տալիս,- ասաց եւ հարցն ուղղեց քաղաքապետին,- ասֆալտը 3 անգամ քանդելն ա թա՞նկ, թե՞ մեկ անգամ հիմնավոր իրանց հետ սարքելը»: «Ում վրա էրք ունեցել եմ, ստիպելով անել եմ տվել,- ասաց քաղաքապետը,- մարդ էլ կա` մարդկային որակից լրիվ զուրկ ա. ես նրան ի՞նչ ասեմ: Նա համաներդրում չի անում»: «Բայց առաջարկե՞լ եք»,- կասկած հայտնեց Կարեն Ադամյանը: «Նրանք, ովքեր իրեն օֆիսների բակը կվերականգնեն, կսալապատեն, փառք ու պատիվ իրենց, ովքեր որ չեն անի, ասֆալտապատում ենք, ուղիղ 10 տարի թույլ չենք տալիս այլեւս ասֆալտը փոխեն, որովհետեւ եթե մեր վերահսկիչները եկան տեսան, որ մեր արած ասֆալտը չկա, սալապատած ա, կնշանակի` մենք էդ գործը չենք արել: Եվս մեկ անգամ էդ մարդկանց հետ բանակցություններ կանենք եւ ապրիլի 1-ից կհատկացնենք 15 մլն-ը. իրանք իրանցը կանեն` կանեն, չէ` մենք ենք անում»,- որոշեց քաղաքապետը: Ավագանու անդամ Արմեն Այվազյանի մոտ հարց առաջացավ, թե 5 մլն դրամի գույքն ինչպե՞ս, ի՞նչ քանակով է բաժանվելու նախադպրոցական հիմնարկներին: Իսկ Կարեն Ադամյանին հետաքրքիր էր` որքա՞ն արժե, ասենք, 1 մահճակալը այն դեպքում, երբ զեկուցագրի մեջ նշված էր գույքի տեսակը, քանակը` 72 հատ մահճակալ, 12 հատ սեղան, 3 հատ 8-տեղանոց հագուստի պահարան եւ այլն, եւ ամբողջ գույքի ընդհանուր արժեքը` 4 մլն 985 հազար դրամ, որը հատկապես կասկածելի էր թվում Կարեն Ադամյանին. Ինչու՞ ոչ 5 մլն: «Մահճակալները գրած ա 72 հատ. 4 մլն 985 հազարը հաշված ա, թիվը որ բաժանեք 72-ի կստացվի, էլի: Ի՞նչ կարեւոր ա` հատը ինչքան ա»,- պատասխանեց հարցի շուրջ զեկուցող Արթուր Սուքիասյանը: «Պատահական թիվ չի գրվում. նախնական հաշվարկով ա ընդունվում. նախնական հաշվարկը գրեք: Ինչ մնում է ֆակտուրաներին, ֆակտուրաների մասին էլ լավ գիտեմ ոնց ա արվում»,- ասաց Կ. Ադամյանը: «Ուղիղ 20 տարի ա` 2 մանկապարտեզի համար ենք գույք ձեռք բերել: 20 մանկապարտեզից որի համար էլ գույք առնենք եւ տանք, արժանի ա, որ փոխվի: Եթե ավագանու անդամներից որեւէ մեկը գտնում ա, որ իրա թաղամասի մանկապարտեզին պըտի տրվի, ես տենց չեմ նայում: Ես նայում եմ ամբողջ 20 մանկապարտեզները. կարող ա մեկին 20 հատ տանք, մեկին` 30, կարող ա մի մանկապարտեզի ամբողջ գույքը փոխենք, հաջորդը` հերթագրենք, որ հաջորդ անգամ էլ մյուս մանկապարտեզի գույքը փոխվի»,- այս հարցն էլ եզրափակեց քաղաքապետ Դարբինյանը: Ավագանին միաձայն քվեարկեց Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 20 հասցեում գտնվող ավտոբուսի կանգառը 10 տարի ժամկետով նշված կանգառում սեփական տաղավար ունեցող Արեւիկ Հովսեփյանին վարձակալության հանձնելու օգտին: Պատճառաբանվեց, թե ղեկավարությունը կանգառի հետ կապված որեւէ բան չի կարողանում պարտադրել նրան, որ կանգառը բարեկարգի, ծածկը փոխի, քանի որ նրան միայն տաղավարի տարածքն է տրամադրված, մնացած հողամասը ձեւակերպված չէ նրա անունով: Հաստատվեցին նաեւ Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային վաճառքի մեկնարկային գները. 1-ին գոտի` 4524 դրամ, 2-րդ գոտի` 2940 դրամ, 3-րդ գոտի` 1914 դրամ: Նշվեց, որ 2005-ին համայնքի ավագանու կողմից ընդունվել է որոշում համայնքային եւ պետական հողերը կադաստրային արժեքի կեսով վաճառելու մասին: Բայց մինչ օրս այդ սկզբունքով գործարք չի արվել. միշտ հիմք է ընդունվել կադաստրային արժեքը: Ուստի ավագանին անվավեր ճանաչեց իր ընդունած նախկին որոշումը: Քվեարկությամբ հաստատվեցին նաեւ բռնցքամարտիկ Հրաչիկ Ջավախյանի մարզիչ Գեւորգ Միսակյանին եւ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակից Ասյա Զաքարյանին 2-սենյականոց բնակարաններ հատկացնելու մասին առաջարկությունները: Գեւորգ Միսակյանի դեպքում նշվեց, որ նա գտնվում է բնակարանային ծանր պայմաններում, իսկ Ասյա Զաքարյանը չունի սեփական բնակարան եւ վարձակալությամբ է ապրում: Բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Հրաչիկ Ջավախյանին էլ ավագանին 6 մլն դրամ հատկացնել` բնակարան ձեռք բերելու համար, քանի որ «օլիմպիական խաղերից հետո նա ամուսնացել է եւ արդեն մեկ երեխա ունի: Բնակվում է ամուսնացած եղբոր ընտանիքի հետ, որտեղ չկան բավարար պայմաններ մարզումներից հետո հանգստանալու եւ առաջիկա աշխարհի եւ օլիմպիական խաղերին պատրաստվելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter