HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետությունը պատրաստ է 3-4 տարով ազատել շահութահարկից, հետաձգել ԱԱՀ-ի վճարումը

Այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը

«Ցանկացած արտադրության, որը կհիմնվի հանրապետությունում և կլինի նորարարական բազայի վրա, առանց մասնագիտական տերմինների ասած` եթե կարտադրվի մի արտադրանք, որն այսօր մեր հանրապետությունում չի արտադրվում, մենք` որպես պետություն, պատրաստ ենք օգնելու միջոցներով, առաջին հերթին պատրաստ ենք տալ հարկային արտոնություններ»,- այսօր` գործարարների հետ հանդիպման ժամանակ, ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Մասնավորապես, նա նշել է, որ պետությունը պատրաստ է նման արտադրություններին 3-4 տարով ազատել շահութահարկից, հետաձգել ավելացված արժեքի հարկի վճարումը: «Պատրաստ ենք այլ օժանդակությունների»,- հավելել է Սերժ Սարգսյանը:

Գործարար համայնքի ներկայացուցիչների նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը տեղի է ունեցել «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ընկերությունում: Գործարարները և նրանց միավորող կազմակերպությունների` «Հայրենական ապրանքարտադրողների միության», «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության», «ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի» ներկայացուցիչները Սերժ Սարգսյանին ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները:

«Ակնհայտ է, որ գործարար միջավայրի բարելավումը, առկա խնդիրների բացահայտումը և խոչընդոտների դեմ պայքարն առաջին հերթին պետության գործն է: Բայց ապավինել միայն պետությանը ճիշտ չէ: Մենք պետք է կարողանանք հենվել գործարարների միությունների, այն մարդկանց վրա, ովքեր շահագրգռված են կոնկրետ խնդրի լուծմամբ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա այցելել է «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ի հիդրոմետալուրգիական և մանրացման արտադրամասեր: Ընկերության գործունեության հիմնական ուղղվածությունը ֆերոմոլիբդենի արտադրությունն է: Պատրաստի արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է Եվրոպա և Ասիա:

2003 թ. ստեղծված «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ն հանրապետությունում առավել դինամիկ զարգացող մետալուրգիական ձեռնարկություններից մեկն է, որտեղ այսօր աշխատում է շուրջ 500 մարդ:

Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում այցելել է նաև «Արարատ» սննդի կոմբինատ» ՍՊԸ, որտեղ ներկա է եղել ընկերության հյութերի արտադրության գործարանի բացման արարողությանը, ծանոթացել արտադրական հնարավորություններին և ծրագրերին: «Արարատ» սննդի կոմբինատը», ներքին շուկայում իր արտադրանքի իրացումից բացի, նախատեսում է հյութեր արտահանել ԱՄՆ և Եվրոպա:

Ընկերությունն ընթացիկ տարում ծրագրում է կազմակերպել նաև թեյի վերամշակում և փաթեթավորում: Հիմնական ուղղվածությունը լինելու է թեյի արտադրությունը հայկական ավանդական բուսատեսակներից` ուրց, նանա, մասուր, ալոճ: Ըստ նախնական ժամանակացույցի` ներդրումային ծրագիրը կավարտվի հոկտեմբերի կեսերին, և նոյեմբեր ամսից կգործարկվի թեյի արտադրամասը:

«Արարատ» սննդի կոմբինատը» ծրագրում է 2013 թ.-ից ներդրումներ իրականացնել սեփական այգիների ստեղծման ուղղությամբ: Վերը նշված ներդրումները հնարավորություն կընձեռեն առաջիկա տարիներին ստեղծել մոտ 500 աշխատատեղ:

Այնուհետև նախագահն այցելել է «Մաքուր երկաթ» ԲԲԸ, շրջել է ֆերոմոլիբդենի և մաքուր մոլիբդենի արտադրամասերում, ընկերության ղեկավարության հետ զրուցել «Մաքուր երկաթի» ընթացիկ գործունեության և զարգացման ծրագրերի մասին: Այժմ կառուցվում է մոլիբդեն մետաղի գլանման արտադրամաս` թիթեղների ստացման նպատակով:

Մեկնաբանություններ (2)

Saro
The Beautiful work and good colors.
Sara Anjargolian
Beautiful work.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter