Ովքեր կարող են օգնել Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց
«ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամը փնտրում է համախոհ և աջակից կազմակերպությունների և անհատների, որոնք պատրաստ են օգնության ձեռք մեկնել և սատարել Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց:
Ներկայումս հիմնադրամը դրամահավաք է իրականացնում' Սյու Սեպետչյանի մայրիկի համար, որն ունի կրծքագեղձի քաղցքեղ: Շտապ վիրահատությունից հետո նրան նշանակվել է «Հերցեպտին» թանկարժեք դեղորայքը (մեկ սրվակի արժեքը 3000 ԱՄՆ դոլար, ընդհանուր բուժման կուրսը 18 սրվակ, ինչը կազմում է 54.000 ԱՄՆ դոլար): Հավելենք, որ «Հերցեպտին»-ը չի մտնում պետպատվերով նախատեսված դեղորայքի ցանկի մեջ:
Մեկ մարդու կյանքի փրկության համար ստեղծված մեր նախաձեռնությունը գնալով լայնացավ ու վերածվեց բարեգործական հիմնադրամի, որի նպատակը դարձավ օգնել Հայաստանում նմանատիպ խնդիրներ ունեցող մյուս կանանց /բարեգործական հիմնադրամի նկարագիրը դիտեք կից/ : Նախաձեռնության շուրջ այսօր արդեն համախմբվել են հարյուրավոր քաղաքացիներ' հիմնականում կանայք, որոնք հասկանում են, որ խնդիրը մասնավոր չէ և նման վիճակում կարող է հայտնվել յուրաքանչյուրը: Հայաստանի վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ամեն 13-րդ կինը բախվում է նմանատիպ խնդրի հետ, ընդ որում նրանց 30 տոկոսը «Հերցեպտին» դեղամիջոցի կարիքն ունի:
Սեպետչյանի մայրիկի փորձը շատերի համար տեսանելի դարձրեց կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշմամբ կանանց նկատմամբ ոչ բավարար պետական աջակցության փաստը: Կյանքի համար վտանգ սպառնացող հիվանդությունների բուժումը զարգացած երկրներում պետության պարտականությունն է, և «Հերցեպտին»-ը շատ դեպքերում տրամադրվում է անվճար, սակայն' ոչ Հայաստանում: Մյուս կողմից, միջազգային և տեղական բարեգործական կազմակերպություններն առայսօր մերժում են մեր դիմումները (դիմել ենք գերմանական «Կարմիր խաչ»-ին, «Բժիշկներ Առանց Սահմանների»-ին Շվեյցարիայում և այլ խոշոր կազմակերպությունների) հիմք ընդունելով, որ մեր երկրում անվճար բուժում են քաղցկեղը, ինչը սակայն ճիշտ է միայն մասամբ:
Ապրիլի 14-ի դրությամբ հիմնադրամին հաջողել է հավաքել ընդամենը 3000 ԱՄՆ դոլար' «Հերցեպտին»-ի մեկ սրվակի արժեքը:
Կոչ ենք անում բոլոր նրանց, ում համար կարեկցանքը խղճահարությունը չէ, այլ' գործողություն, ովքեր գիտակցում են, որ առողջ կինն է առողջ գենոֆոնդի գրավականը, միանալ մեր նախաձեռնությանը.
Մայիսի 3-ին սիրով հրավիրում ենք ներկա գտնվել «ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամի բացմանը նվիրված ցուցահանդեսին, որը տեղի կունենա Գեղարվեստի Ազգային Կենտրոնի Մանկական Պատկերասրահում /Աբովյան 13 /, կլինի Գեղագիտության ազգային կենտրոնի կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի ստուդիա-քոլեջի սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը կտրամադրվի «ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամին:
Մայիսի 13 –ին սիրով հրավիրում ենք ներկա գտնվել «Երաժշտություն Հանուն Կյանքի» ռոք փառատոնին, որը տեղի կունենա Ավանդգարդ ֆոլկ Ակումբում /Պուշկինի 3 ա/: Կմասնակցեն Բամբիռ, Դոգմա և մի շարք այլ խմբեր: Համերգի տոմսերի վաճառքից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի «ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամին: Այս մասին տեղեկացնում է Կանանց Ռեսուրսային Կենտրոնը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել