
«Մենք ուզում ենք փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, մեր պառլամենտը դարձնել երկպալատանի. առաջին պալատ` ներքին պալատ եւ վերին պալատ: Վերին պալատը Սենատն է, որտեղ պետք է ընդգրկվեն նաեւ սփյուռքահայեր»,- ելույթ ունենալով Կալիֆոռնիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը` օրերս հայտարարել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Դժվար է ասել` արդյո՞ք նախագահականից իսկապես նախարարի առջեւ խնդիր են դրած եղել ԱՄՆ-ում անելու նման պատասխանատու հայտարարություն, որն իսկական շոկ է առաջացրել Հայաստանում: Սակայն փաստ է, որ նման մտահղացում իսկապես կա, եւ դա չի ժխտում նաեւ ՀՀ նախագահը:
«Դեռ 2010 թ. մայիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկում էր տեղի ունեցել Հայաստան-սփյուռք կապերի ընդլայնման ուղիների մասին, եւ խորհրդի անդամներին առաջարկվել էր մեկ տարի անց գաղափարներ ներկայացնել այդ առնչությամբ: Սա հնարավոր առաջարկներից մեկն է, որ բազմաթիվ ուրիշների շարքում արժանի է քննարկման»,- նախարարի ելույթին անմիջապես արձագանքեց ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը:
Վերջինիս այսպիսի մեկնաբանությունը ցույց է տալիս, որ այդ ճանապարհով գնալու նախնական քաղաքական որոշումն արդեն կայացված է, կամ առնվազն այդպիսի տպավորություն է ստեղծվում: Եվ հիմա այդ իրողությունն օգտագործելով որպես «տեղեկատվական խայծ»` նախագահի աշխատակազմը փորձում է ստուգել խնդրո առարկայի նկատմամբ հասարակական վերաբերմունքը:
Պատահական չէր Արզումանյանի մեկնաբանությունը, թե «նման որոշում կայացնելու համար, բնականաբար, պետք է տեղի ունենան հանրային քննարկումներ եւ մասնագիտական մանրակրկիտ ուսումնասիրություններ»: Սակայն, ինչո՞ւ հիմա, եւ ինչո՞ւ է այն քննարկման դրվում առաջնահերթորեն հենց սփյուռքում:
Նախագահականի եւ սփյուռքի նախարարի հայտարարությունների համադրումը ցույց է տալիս, որ չնայած «Համահայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստում Հայաստան-սփյուռք հարաբերությունների սերտացմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելու համար մեկ տարի ժամանակ է սահմանվել, սակայն սփյուռքի նախարարը շտապողականություն է հանդես բերել ու «բերանբացություն արել»:
Ավելին, նախարարը վերցրել է միայն Սենատ ստեղծելու առաջարկությունը եւ ամերիկահայերին, փաստորեն, մատուցել որպես նախագահի նախաձեռնություն: Դա այն դեպքում, երբ սեղանին դրված է եղել առնվազն եւս մեկ` համասփյուռքյան կառույց ստեղծելու գաղափարը, որի հեղինակը «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր, հրապարակախոս Հարութ Սասունյանն է:
Իսկ Սենատի գաղափարը շրջանառության մեջ է դրել ՀՅԴ-ն, ավելի կոնկրետ` Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը, Տորոնտոյում 2010-ի դեկտեմբերի սկզբին Դաշնակցության 120-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:
«Այո, կա համահայկական կառույցի անհրաժեշտություն, եւ այդ կառույցը մեր պետականությունն է: Ընդլայնենք Ազգային ժողովի կազմը կամ առաջացնենք վերադաս համահայկական նոր սենատ, դարձնենք այն համահայկական, որտեղ նաեւ ներկայացուցիչներ լինեն արտերկրից»,- ասել էր Մարգարյանը:
Եվ, փաստորեն, ստացվում է, որ սփյուռքի նախարարը հանրապետության նախագահի նման մտադրության մասին հայտարարում է ՀՅԴ-ի` այս առաջարկությունը ներկայացնելուց ուղիղ երկու ամիս անց, այսինքն` գործնականում դրանից անմիջապես հետո: Մյուս կողմից, իշխանությունը նախընտրեց դրա մասին առաջինը խոսել ոչ թե Հայաստանում, որի Սահմանադրության փոփոխության մասին է խոսքը (եւ ըստ այդմ` նրա քաղաքացիները բարոյական առումով ավելի շատ իրավունքներ ունեին առաջինն իմանալու այդ մասին), այլ ԱՄՆ-ում, որտեղ ավանդաբար ուժեղ է հատկապես Դաշնակցությունը:
Այս երկու իրողությունները թույլ են տալիս եզրակացնելու, որ նախագահը, շրջանառության մեջ դնելով Սենատ ստեղծելու գաղափարը, մարտավարական առնվազն երկու խնդիր է ուզում լուծել: Նախ` սա ժեստ էր Դաշնակցությանը: Գալիք խորհրդարանական, ապա նաեւ նախագահական ընտրություններում թիկունքն ապահովագրելու համար Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է ձեռք բերել ՀՅԴ-ի աջակցությունը` հաշվի առնելով հատկապես ԲՀԿ-ի` ինքնուրույն խաղալու նկրտումները եւ վերջինիս հետ ՀՅԴ-ի հնարավոր տանդեմը խափանելու անհրաժեշտությունը:
Եթե այդպիսի տանդեմ կայանա, կենտրոնացված իշխանություն ստեղծելու նրա ծրագրերը կարող են ձախողվել: Կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալու գործնականում միակ պատճառը հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունն էր եւ ԼՂ հարցում որդեգրված պարտվողական քաղաքականությունը:
2010-ին այս երկու ուղղություններով էլ Ս. Սարգսյանը զգալիորեն կոշտացրեց իր դիրքրոշումը, ինչը համապատասխանում էր ՀՅԴ-ի ակնկալիքներին: Եթե հաջողվի նաեւ Սենատի ստեղծման գաղափարով գրավել Դաշնակցությանը, Ս. Սարգսյանը կարող է հույս ունենալ, որ վստահության հետ միաժամանակ կվերադարձնի նաեւ ՀՅԴ-ի պոտենցիալ ընտրազանգվածին:
Այս իմաստով նախագահի վերջին տակտիկական քայլերն իսկապես փակուղու առաջ են կանգնեցնում ՀՅԴ-ին:
Երկրորդ` Ս. Սարգսյանը փորձում է վերականգնել հայ-թուրքական հաշտեցման իր իսկ ձախողված նախաձեռնության պատճառով սփյուռքում խաթարված հեղինակությունը: Դա նաեւ յուրահատուկ ուղերձ է Հայաստան-սփյուռք հարաբերություններում ճեղքվածք առաջացնելու հստակ քաղաքականություն որդեգրած Թուրքիային: Ս. Սարգսյանը ձգտում է հասկացնել, թե Անկարայի կողմից գործընթացը փակուղի տանելն ավելի պահպանողական է դարձնում հայկական կողմի դիրքորոշումը:
Ինչեւէ, իրականում, սակայն, շատ ավելի էական է, թե ինչ կտա երկպալատ խորհրդարան ստեղծելու այս նախաձեռնությունը Հայաստանին եւ սփյուռքին: Սակայն դա առանձին, շատ ավելի խորքային վերլուծության նյութ է, որին դեռ կանդրադառնանք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել