
Արմեն Ն.-ն հերքում է իրավապահներին տված իր նախնական ցուցմունքը, ըստ որի` կիլոգրամը 1500 դրամով մի քանի անգամ ձիու միս է վաճառել Վանաձորի կենտրոնական շուկայի մսավաճառներից մեկին, որն էլ իր հերթին այն վերավաճառել է տարբեր քաղաքացիների:
Նախապես նա նաև մսավաճառի անունն էր տալիս: Բայց այժմ և ինքն է հերքում դա, և տվյալ անձը: Շուկայի տնօրինությունն էլ պաշտոնապես հաստատել է, որ շուկայում նշված անուն-ազգանունով աշխատող չկա:
Արմեն Ն.-ի ներկայիս ցուցմունքով` ինքը ձիու մսի առևտրով զբաղվել է միայն նախատոնական օրերին, երբ քաղաքում թույլատրված էր ազատ փողոցային առևտուրը: Իր ասելով` միսն իրացրել է ոչ թե շուկայում, այլ շուկային հարակից` Մխիթար Գոշ և Գրիգոր Լուսավորիչ փողոցների հատման խաչմերուկում: Միայն այդտեղ է վաճառք կատարվել. ինքն է վաճառել, իր ավտոմեքենայի վրայից:
Ձիերի նախնական` 15 թիվն այժմ դարձել է 13: Արմեն Ն.-ի ասելով` 13 ձի է մորթել, 500 կիլոգրամը վաճառել է, իսկ 400-ը փչացել է, որովհետև պահելու տեղ չի ունեցել:
Ըստ քննիչ Սասուն Մխիթարյանի` դեռ պատժի մասին խոսելը վաղ է: Պետք է հիմնավորել` արարքի մեջ հանցակազմ կա՞, թե՞ ոչ: Իրավապահներն էլ միայն Արմեն Ն.-ի խոսքի վրա են հիմնվում, որովհետև խաբված քաղաքացիներ դեռ չեն գտնվել, որ հարցաքննվեն` իրենց զգուշացվ՞ել է, որ վաճառվողը ձիու միս է, թե՞ ոչ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել