
Մշտապես լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հյուրընկալվելով «Շանթ» հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի ուղիղ եթերում, չգիտես ինչու սկսեց դժգոհել, որ իրեն ԶԼՄ-ները ենթարկել են բլոկադայի, որ հրավերներ չեն լինում, ուղիղ եթերների չեն կանչում, որպեսզի մարդիկ հնարավորություն չունենան իրեն լսելու, որ իր հեղինակությունը աստված մի արասցե, հանկարծ չբարձրանա: Դրա համար էլ ինքն այսօր եկել է, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ ինքը կա, իր հետ ամեն ինչ կարգին է: Հորդորի, թե նախատիքի նոտայով իր միտքն արտահայտելուց հետո, քաղաքապետը չմոռացավ կրկին բարձրաձայնել նույն այդ լրատվամիջոցների «խառնակիչ» վարքագծի մասին:
«Դուք որ չխառնենք, մենք նորմալ կաշխատենք,-դիմելով հաղորդավարին` շարունակեց քաղաքապետը,-նույն էդ Մուշի տների հարցով: Հարցնում եք` ինչն է պատճառը, որ մարդիկ չեն գնում ապրեն «Գլենդել հիլզի» կառուցած տներում: Մոռացաք` ինչեր գրեցիք ու ասեցիք, թե պատերը փլվում են, մարդիկ էլ սկսեցին վախենալ: Նույնիսկ մասնավորն էլ, որ գործ է անում, էլի թերություններ են լինում: Լավ չի՞, որ «Գլենդել հիլզը» խոստացել է մեկ տարվա ընթացքում բոլոր թերությունները վերացնի: Նորմալ տներ են, ամեն դեպքում 22 տարվա փտած դոմիկներից լավ են: Պիտի գնան ապրեն մարդիկ, որ էն երկրորդ ծրագիրը չձախողենք: Ուղղակի լրատավամիջոցները շատ բան արին, վախեցրին մարդկանց, մարդիկ էլ չեն գնում ապրեն: Բայց ամենաշատ թուքն ու նալլաթն էլի մենք ենք ուտում: Ասում են, ուրեմն, էդքան անօթեւան չկա Գյումրիում, որ ներկայացնում եք: Գնացինք կյանքերս տվեցինք, որ էս բնակարանները կառուցվեն, բա գնացեք ապրեք, ինչ չեք գնում, որ մեզ են թուք ու մուր տալիս»:
Գյումրիում տարածված խոսակցությունները, որ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող նախակրթարանները, մարզադպրոցները եւ մյուս կառույցները հունվար ամսին դիտավորյալ են հարկադիր պարապուրդի մատնվել, ու աշխատակիցներն էլ չեն վարձատրվելու, հաղորդավար Արտակ Հովհաննիսյանի ձեւակերմամբ հնչեց հետեւյալ կերպ. «Ի՞նչն է պատճառը, որ դադարեցվել է այդ հաստատաությունների աշխատանքը եւ արդյոք վարձատրվելո՞ւ են աշխատակիցները հարկադիր արձակուրդի համար»:
Գյումրու քաղաքապետը շտապեց հավաստիացնել, որ վարձատրություն անպայման լինելու է, իսկ չեն աշխատել, որովհետեւ հանրակրթական դպրոցներում եւս արձակուրդ էր, բացի դրանից էլ. «Դե գրիպ, բան կար տարածված, մենք էլ մտածեցինք` ավելի լավ է երեխաները տանը մնան: Այ Արտակ ջան, դուք որ չմտնեք, չխառնեք, լրատվամիջոցներդ, մենք շատ նորմալ աշխատում ենք: Շատ եք խառնում, շատ, եթե չեք կարող օգնել, գոնե սուս մնացեք»,-հորդորեց քաղաքապետը:
Հարց հնչեց նաեւ ապօրինի շինությունների օրինականացման վերաբերյալ, որ Գյումրիում բավական մեծ թիվ է կազմում: Այստեղ Գյումրու քաղաքապետը հիշեց սեփական եկամուտների մասով թերացումները, նշելով, որ ինչքան արագ կատարվեն օրինականացումները, այդքան արագ էլ կլցվի բյուջեն:
«Իմ կողմից ստեղծվել է հանձնաժողով, ամեն շաբաթ օր ստուգումներ են անում, գլխավոր Ճարատարապետը ստացել է նկատողություն, ասեմ իմանաք` էդ գործով, բայց ինքը էդքան էլ մեղավոր չէ էդ հարցի շուրջ, կադաստրի հետ է կապված, թղթաբանությունն է շատ, եւ դրա համար գործը դանդաղ է գնում: Գործընթացն իմ հսկողության ներքո է, այսինքն` շահագրգռված կողմը քաղաքապետարանն է եւ բնակիչները: Օրինակ` էսօր նմանատիպ 100 որոշում եմ ստորագրել»:
Տխրեցնող փաստը, որ վերջին երկու-երեք տարիներին բյուջեն 100 տոկոսով չի կատարվում, մի կերպ լրացնելով 70-72-ի շեմը, քաղաքապետը հավաքագրման առումով գրանցված հետընթացը մեկնաբանեց այս կերպ. «Եթե ես շատ ղեկավարների պես թաքցնեմ, ճիշտը չներկայացնեմ, անպայման 100 տոկոս արդյունք ցույց կտանք կամ 200 տոկոս: Բայց մենք մեր վրա էնպիսի պլանկա ենք վերցնում, որ չարչարանքով կարողանանք կատարել, մենք չենք թաքցնում հարկերը: Հիմա էսօրվա դրությամբ ինչի համար նվազեց…նվազեց լոկ նրա համար, որ մի որոշում կայացվեց, որ ստեղծվեց քաղաքում հատուկ գոտի, որ քաղաքի 70 տոկոսն է կազմում: Այսինքն` կար մեկը, որ որոշեց, որպեսզի քաղաքապետն ընկնի իր լծակների տակ, գնաց ու էնպես արեց, որ դրանից հետո քաղաքապետի որոշումը նախ պիտի գնար մարզպետարան, հետո կառավարություն…113 որոշումներից հետ է վերադարձել դրական պատասխանով 7-ը: Այսինքն` քաղաքում մոտավորապես 300 մլն դրամ մենք անցած տարվա վրա պակաս հավաքեցինք: Այ Ազգային Ժողովի պատգամավորները սրա վրա պիտի լուրջ մտածեն: Դիմել ենք, բողոքել ենք, ասել ենք եւ փառք աստծու, որ հանրապետության նախագահին տեղյակ պահեցինք, ու հիմա որոշակի դրական լուծում եղավ, գործը տեղից շարժվեց: Ամբողջ քաղաքի 70 տոկոսը ընկել էր հատուկ կարգավորման գոտու տակ, եւ ինչ է ստացվում` Երեւանից ոչ ոք չի գալիս, տեղերում ոչ մեկը չի նայում…փաստորեն, քաղաքի գլխավոր հատակագիծը գծած հաստատած, բայց մենք պիտի նորից երկրորդ անգամ դիմենք, թե` թույլ կտա՞ք ձերդ գերազանցություն: Դրա համար էնպիսի պատգամավորներ պիտի ընտրենք, որ խելք ունենան, չգնան քաղաքականության, իրենց բիզնեսի, բանի համար, նորմալ մարդիկ ընտրվին, որ գնան նորմալ որոշումներ կայացնեն կամ եթե չգիտեն` հարցնեն, գան մեզնից հարցնեն, վերջը 12 տարվա քաղաքապետ ենք, գիտենք ինչ ենք անում: Այ դրա համար պակասեց մեր բյուջեն»:
Հաղորդավարին հետաքրքրում էր, թե Գյումրիում կա՞ն աշխատանքներ, որոնք կրում են հանրապետական կուսակցության ձեռագիրը: «Ես կուսակցությունների համար մեռած չեմ, գիտեք իմ բնավորությունս, բայց ներկայացնեմ մի ցուցակ օբյեկտների, որոնք կառուցվում են Շիրակի մարզում հանրապետական կուսակցության ջանքերով: 2010 թ.-ին 58 օբյեկտ 40 մլրդ դրամի սահմաններում գործ է արվել, այ էս բոլոր էս կուսակցության ջանքերով է: Արվում են գործեր, որ մենք կարողացել ենք մարզպետի հետ ձեռք ձեռքի տված բերել, եթե էսքան բան կարողանա անել ցանկացած կուսակցություն` լինի դիմություն, թե ընդդիմություն, ես իրանց կողջունեմ ու ձեռքերը կսեղմեմ: Ամեն մեկս կարողանանք մի բան բերել ի շահ մեր քաղաքի ի շահ մեր մարզի, ոչ թե իրար ուտենք»,-նկատեց քաղաքապետն ու սկսեց ներկայացնել Գյումրիում ու գյուղական համայնքներում ընթացքի մեջ գտնվող կամ արդեն կառուցված օբյեկտների ցանկը:
Հաղորդավարը նկատեց, որ դրանք հիմնականում պետբյուջեից ֆինանանսավորվող օբյեկտներն են. «Է հաա,-չժխտեց քաղաքապետը,-ուրեմն սաղ թուք ու նալլաթն էս կուսակցությունն ուտէ, իրա էրած գործերը անտեսենք: Բա էս կուսակցությունն է ղեկավարում, բա ո՞ւմ ջանքերով պիտի լինի»:
«Ես ապրում եմ, որ ասեն` բալա ջան, քար էրթաս կանաչ բուսնի, ես դրա համար եմ ապրում, օր չկա որ ես մի բարեգործություն չանեմ, իմա որ արածներս հեռուստատեսությամբ ցուց տաք, տեղ ու սթար չի լինի,-նկատեց բարեգործ քաղաքապետը,-մենք հիմի դրա համար էլ ցույց չենք տալիս: Ուրիշների նման բացիկ չենք բաժանում, դրա մասին էլ 3 մլն-ոց գովազդ սարքում, թե` տեսեք, տեսեք»:
Խոսելով գյումրեցու ներկա խեղճ վիճակի մասին` քաղաքապետը հանկարծակի մտաբերեց, որ նույն «Շանթը» իր եթերներում այնպիսի մարդկանց է ցույց տալիս, որ Գյումրին խայտառակ են անում ողջ հանրապետությունով մեկ. «Մեր էն խանում կնկտանց, մեր էն ինտիլիգենտ մարդկանց թողած, ինչքան խայտառակ դեմքով, մի էսպես մրոտ բոմժեր կան ցույց եք տալիս, ամբողջ Հայաստանով մեզ խայտառակել եք: Մի քիչ լավ-լավ մարդկանց ցույց տվեք, սիրուն կնկտինք ունինք, լավ տղամարդիկ ունինք, ցույց տվեք էլի, ամոթ է, ես կնայեմ շատ վատ կզգամ, կմտածեմ նիուժելի էս մեր լեննականցիք ըսպես վատ վիճակի են»,-վրդովվեց Վարդան Ղուկասյանը:
Քաղաքապետը նկատեց, որ ինքը սովորություն ունի քաղաքում շրջելու, կաբինետում նստած չէ ու ափսոսում է, որ լրատվամիջոցները լավ չեն տեսնում:
«Մի քիչ էլ լավից խոսեք, որ լավ լինենք: Որ մենք բոլորս բողոքում ենք, թե վատ է վիճակը, է հետո, արեք լավից խոսանք, որ աստված էլ լավը տա: Մի քիչ փառք տանք, մի քիչ ասենք` Աստված, էղածը օրհնէ, մի քիչ նմանատիպ ձեւով խոսանք, որ լավ լինի: Էնքան վատից ենք խոսում, որ չկա մեկը որ բերանից լավ բան լսենք, մի բարի բան լսենք: Լրատվական կառույցներից շատ բան է կախված արտագաղթի հետ կապված: Եթե մշտական վատն եք ցույց տալիս, ով կմնա»,-նկատեց քաղաքապետը:
«Մի քիչ էլ մենք ենք մեղավոր. որ վատ ենք ապրում,-շարունակեց Վարդան Ղուկասյանը,-էհ, լավ մարդ ընտրենք, լավ ապրենք, հենց թեկուզ էս պատգամավորները, մարդիկ կան ասում են, ախպեր, ես գյումրեցիները ձայները գնել եմ: Հերիք չէ մենք մեզ 5 հազարով, 10 հազարով ծախենք ու վատաբանենք: Պատգամավոր ունենք, որ ընդհանրապես ձայնը կտրած նստած է: Մենք մեր ձեռքով մեր աչքը հանում ենք, հետո պահանջում ենք, ամոթ է: Եկեք մեր միջի լավը ընտրենք եւ եկեղեցու հովիվ, եւ եկեղեցին մաքրենք, եւ մնացած տեղերը մաքրենք, կտեսնեք, որ շատ լավ վիճակում կլինենք: Ինչքան որ մենք ենք, էդքան էլ մեր առաջնորդները պիտի լինեն: Մեկից չի կարելի պահանջել: Մի քիչ էլ մենք մեր մեղքերի մասին մտածենք, որ աստված է մեզ պատժում, մի քիչ հավատքով լցվենք, աղոթքով լցվենք, մեր մեղքերի մասին մտածենք, որ աստված էլ մեզ չպատժի»:
Հաղորդման վերջում Վարդան Ղուկասյանը հավաստիացրեց, որ առաջիկա քաղաքապետի ընտրություններում կրկին առաջադրվելու է, քանի որ դեռ անելիքներ ունի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել