Կենսաթոշակներ ստանալու հերթերը կանոնակարգվե՞լ են
Այսօր կայացած կառավարության նիստում կրկին անդրադարձ է եղել կենսաթոշակների ստացման գործընթացին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին խնդրել է ներկայացնել դրությունը:
Արթուր Գրիգորյանը տեղեկացրել է, որ ի տարբերություն հունվար ամսվա թոշակների վճարմանը, երբ թոշակներն սկսել էին վճարել հունվարի 5-6-ից, փետրվար ամսվա վճարումն սկսվել է փետրվարի 2-ից և միայն երեկ` հենց առաջին օրը, վճարվել է շուրջ 1 մլրդ դրամ: Դա կենսաթոշակ ստացողների մոտավորապես 25 տոկոսն է կազմում Երևան քաղաքում:
Հերթերի հետ կապված նախարարն ասել է, որ արդեն իսկ կանոնակարգվել է: «Երեկվա դրությամբ նախարարությունից կազմվել են համապատասխան աշխատանքային խմբեր, որոնք պտտվել են փոստային բաժանմունքներում, արձանագրել են իրավիճակը և ցուցակների կազմման այն նոր ձևաչափը, որ մենք սահմանեցինք, հնարավորություն տվեց ավելի արդյունավետ բաժանել թոշակները: Ընթացքում եղել են խնդիրներ, որոնք հիմնականում կապված են եղել այն հանգամանքի հետ, որ երբեմն փոստային բաժանմունք գալիս են կենսաթոշակ ստանալու քաղաքացիներ, որոնք այդ իրավունքը չունեն: Այսինքն` չունեն կամ լիազորագիր, կամ նախկինում ստացվել է, որ կենսաթոշակը կանխիկ ձևով ստացել է հարազատը կամ բարեկամը: Ներկայումս այդ հարցը հստակ կարգավորված է, և բոլորին արդեն իսկ ծանուցվել է, որ եթե լիազորագրով պետք է կենսաթոշակ ստանա, ապա լիազորագիրը պետք է ներկայացնի ոչ թե փոստային բաժանմունք, այլ սոցապ համապատասխան տարածքային բաժին, որպեսզի ընդգրկվի ցուցակներում: Երեկվա դրությամբ, պետք է ասեմ, որ ամեն ինչ նորմալ է եղել, թոշակները նորմալ բաժանվել են: Եվ հավելեմ նաև մեկ բան, պարոն վարչապետ, որ, լուծարված վճարային ծառայության աշխատակիցների հետ կապված շուրջ 31 մարդ արդեն «Հայփոստ»-ի կողմից ընդունվել է աշխատանքի, 121 մարդ հրաժարվել է աշխատանքից, և այս ընթացքում, երբ այլ վճարահաշվարկային կազմակերպությունների հետ նախարարությունը կնքեց պայմանագրեր, արդեն այդ վճարահաշվարկային կազմակերպություններում են ընդունվել աշխատանքի, և այս առումով երեկվա տվյալներով 122 աշխատակիցներ ընդգրկվել են արդեն այլ վճարահաշվարկային կազմակերպություններում աշխատանքի»,- ասել է նախարարը:
Վարչապետն ավելացրել է, որ մեկ ամիս հետո հնարավոր կլինի ամփոփել արդյունքները, և համար մեկ խնդիրը լինելու է ցուցակների ճշգրտումը, որպեսզի հասկանան` եղել են չարաշահումներ, թե ոչ, և այն թոշակառուները, որոնք դեկտեմբեր-հունվար ամիսներին չեն ստացել իրենց թոշակները, ինչ պատճառով չեն ստացել:
Արթուր Գրիգորյանն իր հերթին տեղեկացրել է, որ ներկայումս ձևավորված է աշխատանքային խումբ, և համապատասխան վերլուծություններն արդեն սկսել են անել, որի մասին լրացուցիչ կտեղեկացնեն:
«Արդեն մարտ ամսին պետք է բացառենք հերթերը: Եթե այդ մեկ տասնյակ վճարահաշվարկային բանկեր և ընկերություններ արդեն սպասարկում են թոշակառուներին, նշանակում է, որ հերթեր այլևս չպետք է լինեն»,- ամփոփել է Տիգրան Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել