HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Նախարարությունը «կանխավճարներ» է տվել

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ մշակույթի նախարարության «Գուգարք» ՊՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովսեփյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է պետական միջոցների, մասնավորապես` մշակույթի նախարարության կողմից Հնեվանք և Քոբայրավանք վանական համալիրների վերականգնման համար հատկացված գումարների յուրացման մեջ: Հերթական դատական նիստին հարցաքննության էր կանչվել գործով վկա «Գուգարք» ՊՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ Սվետլանա Վերմիշյանը: Ինչպես նախաքննությամբ է պարզվել, Հնեվանք և Քոբայրավանք վանական համալիրներում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար մեղադրյալ Սամվել Հովսեփյանին մշակույթի նախարարության կողմից փաստացի գումարներ են հատկացվել: Սակայն առկա է չկատարված աշխատանքների մեծ ծավալ: Այս կապակցությամբ «Գուգարք» ՊՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ Սվետլանա Վերմիշյանը դատարանում ցուցմունք տվեց, որ նախարարությունը պարբերաբար գումարներ է փոխանցել ընկերությանը` առանց կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն պահանջելու: Ընդ որում` ընկերությունը նաև ավել ֆինանսավորում է ստացել նախարարությունից: Հաշվապահը ճշգրտեց նախարարությունից ֆինանսավորման սահմանված կարգը. փոխանցված գումարի դիմաց ընկերությունը պարտավոր էր նախարարությանը ներկայացնել համապատասխան կատարողական` կատարված աշխատանքների վերաբերյալ: Դրա հիման վրա պետք է ձևակերպվեր գումարի ծախս, և այն դուրս բերվեր ընդհանուր ծավալից: Ակտը պետք է հաստատվեր նախարարության կողմից և վերադարձվեր կազմակերպությանը: «Պետք է կանխավճարը փակվեր կատարողական ակտով, որ նորից գումար գար,- բացատրեց հաշվապահը,- բայց առանց փակվելու` նորից գումար ա տրվել. կատարողական ակտեր չեն եղել: Նախարարությունը հարմար ա գտել էդ ձևով»: Հաշվապահը տնօրենին ահազանգել է, նախազգուշացրել, որ կատարողական ակտեր չկան: Նա էլ ասել է` կլինի, բայց չի եղել: Հաշվապահի ցուցմունքով` նախարարությունը ոչ միայն չի պահանջել կատարողական ակտեր, այլև նույնիսկ ուշադրություն չի դարձրել ամեն եռամսյակի ավարտին ներկայացված մոնիթորինգի արդյունքներին: «Ըտեղ պարզ պետք է տեսնեին, թե իրանց պարտքն ինչքան է կազմում: Բայց ոչ մի անգամ ոչ փոխադարձ ակտ է կազմվել, ոչ մի բան: Ու դեռ չփակված` նախարարությունը նորից կանխավճարներ ա տվել: Ավել գումարներ ա փոխանցել: Ու բնական ա` եթե կատարողական չկա, պետք ա նստի որպես պարտք»,- բացատրեց հաշվապահը: Սամվել Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ «Գուգարք» ՊՓԲԸ-ի հաշվեկշռից առհաշիվ գումարներ է փոխանցել իրեն պատկանող «Ջոջ» ՍՊԸ-ին կամ վերջինիս պարտքերը մարելու նպատակով` այլ ընկերությունների և այդպիսով յուրացրել այդ գումարները: Բոլոր այդ փոխանցումները Սվետլանա Վերմիշյանն է կատարել: Դրա վերաբերյալ հաշվապահն ասաց. «Ընդունում եմ, որ պըտի չանեի, բայց արել եմ: Սխալ եմ արել: Պետք է պայմանագիր լինի, հաշիվ-ապրանքագրի փոխանցման համար լինի, բայց չի եղել. բանավոր ձևով կարգադրությունով փոխանցվել ա: Տնօրենն ասել ա` գնում եմ ապրանք բերելու. ապրանքը բերել են, ապրանքագիրը տվել եմ. ապրանքը բերվել ա «Ջոջ» կազմակերպության անունով, փոխանցումը կատարվել ա «Գուգարքից»: Կամ ինքը գումարները բանկից վերցրել ա, որ ապրանք ձեռք բերի, չի վերադարձրել, էդ ձևով մնացել ա առհաշիվ: Շահույթով ենք աշխատել»,- ցուցմունքում նշեց հաշվապահը: Իսկ ընկերությունը մեծ չափերի չվճարված աշխատավարձի պարտք ու հարկային պարտավորություններ ունի: Ըստ մեղադրանքի` չվճարված աշխատավարձերի դիմաց Սամվել Հովսեփյանը աշխատողներին ստորագրել է տվել աշխատավարձի վճարման տեղեկագրում և այդպիսով յուրացրել նրանց գումարները: Հաշվապահը հաստատեց, որ նշված գումարի չափով ելք է եղել ընկերության հաշվեկշռից. «Տեսել եմ, որ Քոբայրի աշխատողները իրա մոտ են մտել, բայց ընդեղ ինչ ա էղել` չգիտեմ: Տնօրենը վերցրել ա ցուցակը, վերադարձրել ա մի քանի օր անց, ձևակերպումը արել եմ: Անձամբ չեմ տեսել նրանց աշխատավարձ վճարելուց»: Հաշվապահը հաստատեց նաև Սամվել Հովսեփյանին ներկայացված այն մեղադրանքը, որ նա իր հիմնարկում գանձապահի հաստիք է ձևակերպել, բայց նման աշխատող չի ունեցել: «Գանձապահ ունեցել ենք ձևակերպված, բայց ընդհանրապես աշխատանքի չի ներկայացել: Աշխատավարձ ստացել ա»,-ասաց նա: Ինչ վերաբերում է Ս. Հովսեփյանի կողմից հարկային պարտավորություններից խուսափելուն, այս դեպքում էլ, հաշվապահի համոզմամբ, դարձյալ «կնիք դնողը, առաջին ստորագրություն տվողը տնօրենն է»: «Եթե եկամուտ ստացել ենք, պարտավոր էինք ներկայացնել հարկային: Դա չի եղել, ժամանակին պըտի փոխանցվեր, չի փոխանցվել, որովհետև առաջնությունը հարկային պարտավորություններին չի տրվել: Թող տնօրենը պատասխան տա»,- ասաց Սվետլանա Վերմիշյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter