Ռուբեն Հայրապետյանի հայհոյանքները կլսի նաեւ գլխավոր դատախազը
Քիչ առաջ «Հետքը» պատվիրված նամակով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղարկեց «Հաղորդում հանցագործության մասին»` կցելով նաեւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը: Ստորեւ ամբողջությամբ ներկայացնում ենք «հաղորդման» բովանդակությունը.
Հարգելի պարոն Հովսեփյան, Ս.թ. փետրվարի 2-ին «Հետք» թերթի լրագրող Գրիշա Բալասանյանը զանգահարել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի բջջային հեռախոսին` տեղեկատվություն ստանալու համար: Ներկայանալուց հետո Ռուբեն Հայրապետյանն ասել է. «Էդ ի՞նչ թերթ ա, օրական ըտենց մի թերթ ա բացվում, ու որոշում եք, որ ինձ պիտի զանգե՞ք»: «Իսկ Ձեզ զանգելն արգելվա՞ծ է»,- հարցրել է «Հետքի» լրագրողը Ռուբեն Հայրապետյանին: «Տգետ, ես լրատվական ծառայություն ունեմ, «չերեզ» լրատվական ծառայություն իմ հետ կապնվի»,- ասել է պատգամավորը եւ անջատել հեռախոսը: Գրիշա Բալասանյանը լուսաբանում է ԱԺ-ի աշխատանքները եւ շատ լավ տեղյակ է, որ ԱԺ որեւէ պատգամավոր մամուլի ծառայություն չունի: Ինքը` Ռուբեր Հայրապետյանը, մամուլի ծառայություն ունի ֆուտբոլի ֆեդերացիայում, բայց լրագրողը ֆուտբոլին վերաբերող տեղեկություն չէ, որ նրանից ուզում էր ճշտել: Հետեւաբար, լրագրող Գրիշա Բալասանյանը կրկին զանգահարել է Ռ. Հայրապետյանին` պարզելու, թե ինչու է պատգամավորն իրեն վիրավորում եւ տգետ անվանում միայն այն բանի համար, որ ինքն իր մասնագիտական գործունեությունն է իրականացնում եւ ընդամենը փորձում է պատգամավորից` պետական պաշտոնյայից, տեղեկություններ ստանալ: Ռուբեն Հայրապետյանը նախ ճշտել է` արդյոք զրույցը ձայնագրվո՞ւմ է, եւ երբ լրագրողը տեղեկացրել է, որ, այո, ձայնագրվում է, սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ լրագրող Գ. Բալասանյանին: Ավելին` հայհոյանքներ տալուց հետո ավելացրել է. «լավ արեցի» ու շարունակել հայհոյել: Պատգամավորը ակնհայտ խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը` ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդված: Ուստի, խնդրում ենք միջոցներ ձեռնարկել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Հաղորդմանը կցվում է «Հետք» շաբաթաթերթի «N4 (64) փետրվարի 3-9, 2011» համարը` համապատասխան հոդվածի առկայությամբ, հեռախոսազրույցի ձայնագրությունը` խտասկավառակի վրա: Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք տրամադրել ձայնագրության բնօրինակը: Հարգանքներով` «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ, «Հետք» թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան «Հետք» թերթի լրագրող Գրիշա Բալասանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել