Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրում նշվեց Թումանյանական օրը
Երեկ ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղում Թումանյանական օր էր: Միջոցառումը կազմակերպել էր «Լոռու հայրենակցական միություն» ՀԿ-ն, որի նախագահ Սերգո Երիցյանի ջանքերով Թումանյանի տարածաշրջանում արդեն ավանդույթ են դարձել հայ գրականության և արվեստի լոռեցի մեծերի հիշատակի ու մեծարման միջոցառումները:
Միջոցառումն անցկացվում էր բանաստեղծի ծննդավայրի տուն-թանգարանի բակում, որտեղ ծնվել և բանաստեղծական առաջին քայլերն է արել Հովհաննես Թումանյանը:
Դսեղում ամեն ինչ թումանյանական էր: Միջոցառման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ ունեցողները ջանում էին նոր գնահատականներ ու բացահայտումներ անել Թումանյան գրողի, բանաստեղծի, հրապարակախոսի, ազգային գործիչի մասին:
Հնչեցին Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից Անուշի և Սարոյի արիաների կենդանի կատարումներ: Դսեղի միջն. դպրոցի աշակերտները և հրավիրված հյուրերը ներկաներին մատուցվեցին Թումանյանի չափածոյի գեղեցիկ կատարումներ:
Թումանյանական օրը զարդարում էին ժողովրդական վարպետ, մասնագիտությամբ բուժքույր, դսեղցի Անահիտ Աթոյանի՝ բանաստեղծի ստեղծագործությունների հերոսների՝ Գիքորի, Սարոյի և Անուշի, «Հառաչանքի» ծերունու, Քաջ Նազարի, Գառնիկ ախպոր և մյուսների կերպարների տիկնիկային աշխատանքները, որոնք կենդանություն էին հաղորդում միջոցառմանը:
«Ես իմ աշխատանքերը սկսել եմ կատարել 5 տարի առաջ: Ունեմ 20 տարվա վաղեմությամբ թումանյանական մոտիվներով սիրողական գործեր, բայց այժմ կարող եմ ասել, որ ես ապրում եմ Թումանյանով: Թումանյանի յուրաքանչյուր հերոսի տիկնիկային կերպարը ստեղծելուց առաջ խորությամբ կարդում եմ Թումանյանի համապատասխան ստեղծագործությունը, որովհետև նրա յուրաքանչյուր հերոս իր անհատականությունն ունի: Ես աշխատում եմ զգալ նրանց»,- ասաց ժողովրդական վարպետը:
Թումանյանական օրվա կապակցությամբ Դսեղում էր նաև Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ում էլ «Հետքը» ուղղեց իր հարցերը:
-Ի՞նչ գնահատական կտաք «Թումանյանական օր» միջոցառմանը:
Լ.Ա.-Թումանյանական օրերը արդեն 25 տարի համախմբում է թումանյանասերներին Դսեղում: Սա ուղղակի զուտ Թումանյանի մեծարումը չէ: Սա կարևոր է նրանով, որ Թումանյանով մենք ճանաչում ենք մեր ժողովրդին, և այն պատգամները, որ մեզ ավանդել է Թումանյանը, կարողանում ենք մատուցել մատաղ սերնդին: Շատ կարևոր է, որ մենք տեր ենք մեր մշակութային արժեքներին, մեր ժառանգությանը:
-Ինչպե՞ս եք գնահատում Հովհ. Թումանյանի ստեղծած «Վերնատան» նշանակությունը հայ մտավորականների, նաև հայ գրողների միավորման գործում: Կիրառո՞ւմ եք «Վերնատան» թումանյանական մոտեցումները Հայաստանի գրողներ միությունը ղեկավարելիս:
-Ավելի քան մեկ դար առաջ Թումանյանը հիմնեց «Վերնատունը»: Դա շատ իմաստուն որոշում էր: Նա իր հանճարի ուժով կռահեց, որ մեր ժողովրդի հոգևոր առաջնորդը մտավորականությունն է, գրողն է եկեղեցու հետ ձեռք ձեռքի: Վերնատունը հիմնելով՝ նա հիմնեց այն բջիջը, որը արդեն անցյալ դարի 30-ական թվականներից դարձավ մեր ստեղծագործական միությունների մանրակերտը: Միավորման այն շաղախը, որ կար «Վերնատան» հիմքում, Հայաստանի գրողների միությունում միավորում է անդամների գերակշիռ մասին, և ես կարծում եմ՝ հենց որ դժվարության ենք հանդիպում, անմիջապես Թումանյանի «Վերնատան» չափորոշիչի օրինակով կարողանում ենք շտկել հիմնախնդիրները:
-Չե՞ք կարծում, որ ժամանակակից հայ գրողները կտրված են ժողովրդից և ազգային խնդիրներից:
-Ես հակադարձեմ Ձեր հարցին. շատ կուզենայի, որ հասարակությունը դառնար ընթերցասեր: Ես շատ կցանկանայի՝ մեր լրագրողները առաջինը ծանոթանային մեր ժամանակակից գրականությունը: Կարծես թե մենք ունենք կամերային ժուռնալիստիկա: Իսկ պարբերական մամուլը, հեռուստատեսությունը, որոնց լրագրողները ժամանակ չունեն կարդալու, չգիտեն, թե ինչ կա մեր գրականության մեջ: Տարեկան տպագրվում է 2500 գրանուն: Սովետի լավագույն տարիներին, երբ պետությունը բոլոր հարցերը հոգում էր, այդքան գիրք չէր տպվում: Մենք հասկանում ենք, որ միշտ չէ, որ քանակը որակ է բերում, բայց 2500 գրանունների մեջ տարեկան 2-3 տասնյակ արժեքավոր գրքեր են տպագրվում: Ժողովուրդը, հասարակությունը, ցավոք նաև դպրոցն ու բուհը չեն ճանաչում մեր գրականությունը, չեն կարդում: Կամաց-կամաց կարծես թե մենք ճեղքերը բացում ենք: Կանցնի մի 10-ամյակ, երկու 10-ամյակ, և հաջորդ սերունդը պետք է մեր օրերի դասականներին հայտնագործի: Իսկ այդ անունները կան: Արդեն մեր գրականության ընդերքում դրանք սաղմնավորվել են, և այսօր գրական սաղարթը կայացել է: Ես կարծում եմ՝ ժխտողականությունը չի օգնում գրականության տարածմանը: Կուզենայի, որ մենք բոլորս միասնաբար, հատկապես մտավորականությունը մատաղ սերնդին բացատրի, որ մենք այսօր գրական արժեքներ ունենք, որը շատ կենսականորեն ներկայացնում է այսօրվա իրականությունը՝ արցախյան հերոսամարտը և դժվար կայացող անկախության իրականությունը:
-Ո՞ւմ եք համարում մեր օրերի լավագույն հայ գրողը:
Լ.Ա.-Գրական իրական արժեքը ի հայտ է բերում ժամանակը: Բայց ես կարող եմ թվարկել անուններ, ովքեր պիտի Ձեզ ինչ-որ բան ասեն. Պերճ Զեյթունցյանը, անցյալ դարի 60-ականների «Գարուն» ամսագրի մեր հրաշալի սերունդը՝ Հենրիկ Էդոյան, Դավիթ Հովհաննես, Արտեմ Հարությունյան, Հովհաննես Գրիգորյան: Արձակում նույնպես մենք ունենք հրաշալի անուններ՝ Ռուբեն Հովսեփյան, Նորայր Ադալյան, Լևոն Խեչոյան և այլն:
-Հայ լավագույն գրողների մեծ մասը ծնվել է փոքր գյուղերում, ինչպես Հովհ. Թումանյանը՝ Դսեղում, Հրանտ Մաթևոսյանը՝ Ահնիձորում և այլն: Դուք ի՞նչ եք անում մարզերում նոր տաղանդներ հայտնաբերելու համար:
Լ.Ա.-Այո, ցավոք գեղարվեստական միտքը այսօր կենտրոնացված է մայրաքաղաքում: Եվ մենք ամեն ինչ փորձում ենք անել այն տարհանելու մարզեր, որովհետև տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ մեր գիտական, գրական և մշակութային ներուժը տվել են գյուղական բնակավայրերը: Բայց ցավոք, դժվար է այսօր: Գյուղ, թե քաղաք (գյուղը հատկապես), սոցիալական բեռի տակ արտագնա աշխատանքի պատճառով, դատարկվում են: Գրողների միությունը որոշ բան փորձում է անել: Մենք մարզերում բացել ենք գրողների միավորումներ, որպեսզի կարողանանք տեղում հավաքագրել և համակարգել գրական ներուժը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել