HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Կուզեմ, որ մեր ձայները ստացած պատգամավորը գոնե մեկ-մեկ գա, էս ժողովրդի հալն ու քեֆն իմանա»,-ասում է բաշգյուղցի Սերյոժան

Մանրափաթիլ ձյանը զուգընթաց բարձրացող քամին սպառնում է վերածվել բքի: Առավոտյան ժամը 9-ին Աշոցքի տարածաշրջանի Բաշգյուղ ուղեւորվողների խումբը տարակուսած է` տեղ կհասնե՞ն: Գյումրիից մոտ 45 կմ հեռավորության վրա գտնվող փոքրիկ համայնքում նշանակված կիրակնօրյա պատարագը պիտի կայանա` անկախ եղանակային պայմաններից. սա էլ Շիրակի թեմի առաջնորդի որոշումն է: «Դե ինչ, ուրեմն շարժվեցինք»,- վարորդը խաչակնքվում է` գործի գցելով մեքենան: Ճանապարհի աջ կողմում երեւացող ցուցանակն ազդարարում է, որ Ձորի 6 գյուղերից 2-րդն է Բաշգյուղը` Սալուտից հետո: Գյուղում 19 տնտեսություն կա ընդամենը: Իսկ ժամանակին այստեղ 100 տնտեսություն  է եղել: Ցրտերն ընկնելուն պես միայնակ ծերերը տեղափոխվում են հարազատների մոտ: Ձմռանը Բաշգյուղում հիմնականում 12 ընտանիք է շարունակում տնտեսություն վարել: Գյուղը հիմնվել է 1830-ականներին` Արեւմտյան Հայաստանից գաղթած հայերի կողմից: Բաշգյուղի ծխական եկեղեցին կառուցվել է 1837 թ. եւ գործել մինչեւ 1932 թ., խորհրդային տարիներին վերածվել է պահեստի: Շինությունը փոքր է, հեռվից երեւացող խաչն էլ եթե չլինի, հեշտությամբ կարելի է շփոթել բնակելի տան հետ: Պատարագի մասնակիցները փոքրաթիվ են: «Գյուղում 65 մարդ է ապրում,- տեղեկացնում է համայնքապետ Վոլոդյա Մովսիսյանը,- ձմռան սկզբին մի 10-12 հոգի գնում են գյուղից, ամռանը նոր վերադառնում են, արտագնա աշխատանքի մեկնողներ էլ ունենք»: Լեռնային այս փոքրիկ գյուղում մարդիկ իրենց հիմնական ապրուստն ապահովում են անասնապահությամբ: Կարտոֆիլ են մշակում, այն էլ` միայն սեփական կարիքների համար: «Դաչնիկներն են շատ, գյուղից քաղաք տեղափոխվողը եթե տունը չի ծախում, պահում է որպես ամառանոց: Մի ժամանակ տարրական դպրոց ունեինք: Հետո որ երեխեքի թվաքանակը պակասեց, էդ էլ փակվեց: Բաշգյուղից հարեւան Փոքր Սարիարի միջնակարգ դպրոց հաճախող 3 աշակերտ ունենք: Գյուղում տարեցտարի պակասում է ծնելիությունը: Վերջին անգամ տեղը տեղին, ադաթով, զուռնա-դհոլով, մեծաքանակ հյուրերով, գյուղի մեծով ու փոքրով հարսանիք եղել է 2006 թ.,-ասում է համայնքապետը,- անցյալ տարի գյուղում 2 երեխա ծնվեց, աշխարհով մեկ էինք եղել: Վերջին 4- 5 տարում Բաշգյուղում ոչ մի ծնունդ չէր գրանցվել: Ջահելները, ելնելով էսօրվա պայմաններից, չեն ուզե ամուսնանալ: Էսպես գնաց` գյուղը կդատարկվի»: Համայնքապետի հետ զրուցում ենք դրսում, մինչեւ պատարագը սկսվի: Չդադարող ձյան փաթիլները քամին ուղղակի ծեփում է դեմքերիս: Վոլոդյա Մովսիսյանը, ձեռքը մեկնելով եկեղեցի շտապող երիտասարդի կողմը, ավելացնում է. «էս տղուն կտեսնի՞ք, ասածս երեխեքից մեկի հայրն է: Երիտասարդ ընտանիք են: Վերջին մի քանի տարին է, որ առանձնացել են հայրական օջախից, գյուղի վերեւում տեղ ենք հատկացրել, գարնանը տունը կկառուցեն, կվերջացնեն»: Անդրանիկ եւ Շահանե Աղասյանների 4 ամսական փոքրիկը երիտասարդ ընտանիքի երկրորդ արու զավակն է: Շահանեն Բաշգյուղ հարս է եկել Գյումրիից: Ասում է` լավ գիտեր, թե ուր է գալիս ու ինչ պայմաններում է ապրելու: Դժգոհ չէ, լավ ամուսին ունի, ում գերդաստանում բոլորն աշխատող, տուն ստեղծող մարդիկ են: «Հարեւան Սարապատ գյուղում իմ բարեկամներն են ապրում: Ամռանը միշտ գալիս էի: Էնտեղ էլ ծանոթացել ենք ամուսնուս հետ: Գյուղի գործերին անծանոթ էի, բայց հիմի ամեն ինչ անում եմ` կով կթել, պանիր սարքել, կարագ հարել, մածուն մերել, մենակ լավաշ չեմ կարողանում թխել,- Շահանեն ծիծաղում է,- մնացած բոլոր գործերն անում եմ: Չաշխատես` ով պիտի բերի տա, որ ապրես: Քաղաք տեղափոխվելու ցանկություն էլ չկա, բայց կուզենայինք հնարավորության դեպքում Գյումրիում բնակարան ձեռք բերել երեխեքի ապագայի համար»: Անդրանիկ Աղասյանն առիթ է ունեցել նաեւ արտագնա աշխատանքի մեկնելու, սակայն կյանքը ցույց է տվել, որ հայրենի գյուղում եւս հնարավոր է եկամուտ ունենալ: «20-25 գլուխ անասուն որ պահես, նորմալ կապրիս,- ասում է Անդրանիկը,- բայց մենակ անասնապահությամբ քիչըմ դժվար է: Պիտի կողքից այլ եկամուտ էլ ունենաս: Տնից գոնե մեկ-երկուսն էլ աշխատավարձով մե տեղմ պիտի աշխատին: Թե չէ մարդ կա` 4-5 կով կպահե, էլի նորմալ կապրի, մարդ կա 20 հատ կպահե` ծերը ծերին չի հասցնե»: Բաշգյուղում վարկային կազմակերպություններից գրեթե չեն օգտվում: Համայնքի ղեկավարի փոխանցմամբ` մեկ-երկու հոգի են, այն էլ պարտաճանաչորեն մարում են վարկը: Անդրանիկը եւս առիթ ունեցել է մեկ անգամ վարկ վերցնելու ու այլեւս փորձը կրկնելու ցանկություն չունի: «Ավելի լավ է` ես իմ ունեցած եկամուտը դնեմ գործի մեջ, քան թե վարկ վերցնեմ,- եզրակացնում է բաշգյուղցի երիտասարդը,- գոնե գիտես, որ գիշերը հանգիստ կքնիս, հեչ մարդու պարտք չես, դատ ու դատարաններ չես ընկնի, դու ես ու քո հալալ քրտինքով վաստակը»: 12 տարի դրսի կյանքը ճաշակած, լավն ու վատն իր համար տարբերակած եւ վերջնականապես հայրենի գյուղ վերադարձած Սերյոժա Նիկոլյանն էլ նույն կարծիքին է: «Էս տարիներին համոզվա, որ մեր գյուղից լավ տեղ չկա, ուրտեղ ծնվել ես, ուրտեղ մեծցել ես, ընտեղ էլ պիտի մնաս, հայրենի հողը մենակ թաղվելու համար չէ: 3 տարի է էլ խոպան չեմ երթա: Գյուղ ես ծնվել, մնա գյուղդ, շենացրա, մեծցրա, ոչ թե գնա, 20 տարի հետո ըսա` հայրենիքիս ջու~րը, բուռմ հո~ղ էղներ հայրենիքես կամ թե, որ մեռա, տարեք անպայման մեր գյուղը թաղեք: Շատ է եղել, որ գնացել իջել ենք Մոսկվայի Շերեմետեւո աէրոպորտ, տակառիկով ջուր ենք տարել, ով ջրի կսպասեր, քյալի վրա կընկներ, թե` վա¯յ, հայրենիքիս ջուրը... Որ ըդքան կգնահատես հայրենիքիդ ջուրը, ուրեմն մի գնա մնա ռուսաստանները,մի ընտանիքդ տար, մի երեխեքիդ սարքե ռուս կամ այլ ազգի, հետո էլ փափագած հայրենիքիդ ջուրն ուզե»: Բաշգյուղցի Վազգեն պապի կինը Սիմֆերոպոլից 40 կմ հեռու գտնվող Աննովկա գյուղից է: Հեռավոր Հայաստանի հեռավոր ծայրամասային Բաշգյուղ հասել է հանուն սիրո: Դմիտրեշկա Սվետլանան 67 տարեկան է ու ամուսնության 44 տարիների ընթացքում 44 վայրկյան անգամ չի մտածել ամուսնուն Ղրիմ տանելու մասին: Ծանոթացել են, երբ Վազգեն պապը ծառայելիս է եղել խորհրդային բանակում: «Տանցիպլաշադկայում ենք ծանոթացել,- կոտրտված հայերենով, ընթացքում ռուսերեն բառեր խառնելով` պատմում է Սվետա տատը,- սիրահարվեցինք ու ամուսնացանք, հենց որ Վազգենը զորացրվեց: Էկել ենք գյուղ, չնայած սկզբում Վազգենը կուզեր քաղաք ապրեր: Չստացվավ, հետո էլ ես չուզեցի, մեր գեղ շատ լավ տեղ է, դե էնպես չէ, որ ես քաղաքից եմ, ես էլ գեղի աղջիկ եմ»: Վազգենը եւ Սվետան 5 զավակ ունեն: Աղջիկներից Լյուդան մորն օգնելու նպատակով մի պատմություն է պատմում, որ այսօր էլ բաշգյուղցի տարեցները լավ են հիշում: «Քանի որ պապայենքս 6 երեխա են եղել, նշանվելուց հետո պապս կորոշե, որ իրանք առանձնանան, առանձին ապրին: Առաջի տունն որ հայրս ու մայրս ապրել են, հոլիկ է եղել, այսինքն` հողե պատերով, երդիկով տուն: Որպեսզի մաքուր էղնի, երեւի մի քիչ էլ` լուսավոր, մամաս պատերին թերթ է կպցրել, գյուղացիք տեսել, հետո իրար մեջ խոսացել են, թե ռուսն եկել պատերին թերթ է կպցրել, ըդպես էլ բան կեղնի՞՚: Լյուդայի պատմությունը լսելիս Սվետա տատը բարեհոգաբար ժպտում է ու ավելացնում. ՙԵս փոշման չեմ, լավ մարդ ունիմ, լավ երեխեք, գյուղն էլ լավ գյուղ է: Լեննականն, օրինակ, իմ դուրս հեչ չի գա, ավելի լավ է Բաշգյուղ ապրիմ»: Բաշգյուղում արտագաղթածների մասին չխոսեցին: Դե գնացել են, որովհետեւ դժվարությունները հաղթահարելու կամք չեն ունեցել: Ձորի գյուղերում որ ձմեռը սկսվում է, ծայրը չի երեւում: Շատ ժամանակ արջերի նման փքվում են ու վերջ` կտրվում դրսի աշխարհից: Գարունը մայիսին է գալիս: Էլի փառք են տալիս, որ այս տարի, կարելի է ասել, ձմեռ չտեսան: Մարզկենտրոնից կտրված են: Չինովնիկներն էլ շատ անգամ դժկամությամբ են թեքվում իրենց կողմը: Ճանապարհների հարց կա: Երեւի 30-40 տարի առաջ է ասֆալտ տեսել ձորի 6 գյուղերով անցնող ճանապարհը: Երեխաներն  էլ հենց դառնում են դպրոցահասակ` ուշք ու մտքերն ընտանիքով քաղաք տեղափոխվելն է: «Մենք մի հատ պատգամավոր ունինք էս կողմերից, անունն էլ եմ մոռացել»,- Սերյոժա Նիկոլյանը հարցական նայում է դեմքիս` կարծես սպասելով հուշման: «Աշոտ Աղաբաբյան, նա է ձեր տարածաշրջանի պատգամավորը»,- հիշեցնում եմ: «Կարողա, հա ճիշտ ես, ինքն է, կուզեմ, որ բառ-բառ ըսածներս գրես, մեկ էլ տեսար` կարդաց: Կուզեմ, որ մեր ձայները ստացած պատգամավորը գոնե մեկ-մեկ գա էս ժողովրդի հալն ու քեֆն իմանա: Գոնե հաշվարկ էնե, թե յարաբ, էն մյուս ընտրությանն էս գյուղում մարդ կմնա՞ ապրող, որ իրան ձեն տա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter