HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սպայկա» և «ՎԿՍ Արմենիա» ընկերություններին խրախուսեցին

ՀՀ կառավարությունն այսօր որոշել է «Սպայկա» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2011թ. փետրվարի 1-ից մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014թ. փետրվարի 1-ը։ Ավելի վաղ ներկայացված և կառավարության հավանությանն արժանացած ծրագրով ՀՀ-ից արդեն իսկ արտահանվում են թարմ մրգեր, որոնց նախնական արագ սառեցման, տեսակավորման, փաթեթավորման և պահեստավորման համար ներմուծվել են մոտ 11 մլն ԱՄՆ դոլարի չափով ժամանակակից սարքավորումներ և տրանսպորտային միջոցներ։ Այժմ նախատեսվում է Հայաստանում կառուցել համապատասխան տեխնոլոգիաներով հագեցած մոտ 24 հեկտար ջերմոցային համալիր, մրգի-բանջարեղենի վերամշակման արտադրամաս, որոնց շնորհիվ դրանց արտահանման ծավալը կհասցվի 70 հազար տոննայի, ստեղծել հավելյալ 500 աշխատատեղ։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը թույլատրել է «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ կողմից որոշակի հայտարարագրերով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2012թ. ապրիլի 30-ը։ Նշված ընկերությունում ներկայումս աշխատում է 335 մարդ, հիմնականում` կանայք։ Նախատեսվում է ընդլայնել կարի ծառայությունների մատուցումը և Շիրակի մարզի Ամասիա համայնքում հիմնել նոր արտադրություն։ Այդ նպատակով էլ երկիր են ներմուծվելու անհրաժեշտ սարքավորումներ, որոնք աշխատանքն ավարտելուց հետո արտահանվելու են։ Այս երկու որոշումների ընդունման առնչությամբ ՀՀ վարչապետը ընդգծել է նշված գործընթացների թափանցիկության անհրաժեշտությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարել ԶԼՄ-ների միջոցով քաղաքացիներին պարբերաբար տեղեկացնել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter