Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Յուրաքանչյուր տարի աշխարհում քաղցկեղ է ախտորոշվում 12,7 միլիոն մարդու մոտ: Ավելի քան 7,6 միլիոն մարդ մահանում է այդ հիվանդությունից: Ընդ որում, մահերի 2/3-ը գրանցվում է միջին և ցածր կենսամակարդակ ունեցող երկրներում: Յուրաքանչյուր տարի քաղցկեղից մահանում է ավելի շատ մարդ, քան ՁԻԱՀ-ից, մալարիայից և տուբերկուլյոզից` միասին վերցրած: Ըստ հաշվարկների` մահերի 1/3-ը կարելի է կրճատել կանխարգելման, ևս 1/3-ը` վաղ հայտնաբերման շնորհիվ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` համապատասխան միջոցառումներ չկիրառելու դեպքում 2010-2015 թթ. ընթացքում քաղցկեղից աշխարհում կմահանա 84 միլիոն մարդ:
Հայաստանում վերջին տարիներին ուռուցքաբանության ծառայությունը գրանցել է դրական տեղաշարժեր: Սակայն, միևնույն ժամանակ առկա են լուրջ խնդիրներ` հիվանդների դիմելիության, հետևաբար. վաղ հայտնաբերման և ընդհանուր ապրելիության առումով:
Հայաստանում ուռուցքային հիվանդություններով տառապող հիվանդների մեծամասնությունը բուժում է ստանում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում: 2010 թ. կենտրոն է ընդունվել ավելի քան 6.200 հիվանդ, որից 3.000-ը վիրահատվել է: Կենտրոնն ապահովում է հիվանդների համակցված և համալիր բուժման ամբողջ փուլը, որը ենթադրում է ինչպես վիրահատական, այնպես էլ քիմիաճառագայթային բուժում, ինչն անհրաժեշտ պայման է ուռուցքային պաթոլոգիաների բուժման պարագայում:
2005 թ.-ից «Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միությունը» (UICC) Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ նշում է քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը, որը նպատակ ունի հասարակության, պետական գործիչների և առողջապահության ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրելու քաղցկեղի հետ կապված խնդիրներին:
Այս տարի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա ուղերձը նվիրված է «Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային դեկլարացիայի» ստորագրմանը: Նշված դեկլարացիայի ընդունումն ու կիրառումը ենթադրում են մինչև 2020 թ. իրավիճակի բարելավում և հիվանդացության ու մահացության նվազում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել