HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ներիշխանական ճամբարում լարվածությունը խորանում է

Հունվարի 29-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը միացած Հայաստանի երիտասարդական կուսակցության ներսում խլրտումներ են սկսվել: Մի խումբ ՀԵԿ-ականներ, համաձայն չլինելով ԲՀԿ-ին միանալու կուսակցության որոշման հետ, որոշել են դուրս գալ ՀԵԿ-ից: «Արցախ» մամուլի ակումբի նախագահ, ՀԵԿ անդամ Արման Սարգսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե իր թիմով` մոտ 100 մարդ, որոշում են կայացրել դուրս գալ կուսակցությունից եւ առանձին իրականացնել իրենց ծրագրերը: «Մենք չենք միանալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, քանի որ մեր գաղափարական մոտեցումներով տարբերվում ենք: Մինչեւ վերջ պայքարելու ենք եւ հասնելու ենք մեր ուզածին եւ մեր ծրագրերի իրագործմանը»,- նշեց Ա.Սարգսյանը: Արման Սարգսյանի թիմը որոշել է ստեղծել հասարակական կազմակերպություն եւ առաջիկայում հրավիրել մամուլի ասուլիս` ներկայացնելու իրենց ծրագրերը: «Նման տեղեկությունները չեմ կարող մեկնաբանել, դա սուտ է: Դուք տեսել եք` համագումարին պատվիրակներն ընտրված են եղել, մասնակցել են համագումարին, եւ որոշումը կայացրել ենք: Եթե ինչ-որ մարդիկ կան, որ այլ բան են ասում, իրենց խնդիրն է: Ով որ կուսակցության հետ համաձայն չի եղել կամ համաձայն չէ, բնականաբար, այդ մարդիկ պատվիրակներ չեն եղել, խնդիր չկա»,- «Հետքի» հետ զրույցում ասաց ՀԵԿ նախագահ Վահան Բաբայանը` արձագանքելով Արման Սարգսյանի հայտարարությանը: Հարցին, թե գաղափարական տարբերություններ չկա՞ն ՀԵԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ` Վահան Բաբայանն չցանկացավ պատասխանել. «Հիմա նման հարցերին չեմ ուզում պատասխանել»: Նա նաեւ ասաց, թե «Արցախ» ակումբը ՀԵԿ-ի հետ որեւէ կապ չունի: Ինչ վերաբերում է կուսակցությունից դուրս գալու հայտարարություններին, Վ.Բաբայանն ավելացրեց. «Նման հայտարարություն անողները չգիտեմ ովքեր են եւ ինչ նպատակներ են հետապնդում, բայց Արման Սարգսյանը որեւէ կապ չունի մեր կուսակցության հետ: Մեր կուսակցությունից դուրս է եկել մոտ 6 ամիս առաջ»: Արման Սարգսյանը ժխտում է, որ ինքը դուրս է եկել ՀԵԿ-ից. «Նման բան չկա, 6 ամիս առաջ ես կուսակցությունից դուրս չեմ եկել, թող ապացուցի, որ 6 ամիս առաջ դուրս եմ եկել, ինչով է ապացուցելո՞ւ, թող ապացուցի»: Ա.Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե իր թիմը հնարավո՞ր է առաջիկայում միանա որեւէ կուսակցության: Պատասխանեց, թե դա դեռ չի կարող ասել, եւ մի քանի օրից դա պարզ կլինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter