HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրուշոն` քաղաքական հաշվարկների ծիրո՞ւմ

Արդեն որերորդ օրն է` «Արմենիա» հեռուստաընկերության երեկոյան եթերով հեռարձակվում են հանրաճանաչ երգչուհի, հայկական էստրադայի աստղ Սիրուշոյի հին ու նոր երգերը, ինչպեսեւ տարբեր ժամանակների կադրեր նրա տեղական ու արտասահմանյան հյուրախաղերից:

Դրանք «համեմված» են Ռուբեն Մաթեւոսյանի, Անդրեի, Արսեն Գրիգորյանի, Հայկոյի, Արթուր Գրիգորյանի, մեր երգարվեստի եւ շոու-բիզնեսի մի շարք այլ նշանավոր ներկայացուցիչների մեկնություններով եւ Սիրոշոյի բեմական հմայքի ու կատարողական վարպետության մասին հիացմունքի խոսքերով: Հաղորդաշարը, որի շարունակությունը խոստանում են ցուցադրել եկող ողջ շաբաթվա ընթացքում, փաստորեն վավերագրական բազմասերիանոց կինոնկար է` նվիրված պոպ երգչուհու կյանքին ու ստեղծագործությանը:

Ինչ ասել կուզի, Սիրուշոն արժանի է ե'ւ հիացական խոսքի, ե'ւ ամենալայն ներկայացման: Երախտապարտ հանդիսատեսն ամեն անգամ գեղագիտական բավականություն է ստանում` ներկա լինելով սիրված երգչուհու մենահամերգներին եւ լսելով նրա զուլալ, անապական ձայնը: Այդ համատեքստում ակնհայտ է, որ Սիրուշոն, առավելեւս` նրա երգացանկը «ռասկրուտկայի» կարիք չունեն. նա աստվածատուր շնորհքով օժտված երգչուհի է, ում ձայնի կարկաչը գերում է միլիոնավոր սրտեր ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից շատ հեռու:

Այդ ամենը պարզ է, անհասկանալի է միայն մնում, թե ո՞րն է հատկապես «Արմենիայի» այս ձեռնարկի իրական նպատակը, ի՞նչ է ուզում ապացուցել կամ հերքել Sirushow production-ը: Իսկ միգուցե հեռուստաընկերությունն ի՞նքը: Ցանկության դեպքում, իհարկե, հեշտությամբ կարելի է բազմաթիվ առիթներ գտնել: Օրինակ` Քոչարյանների տուն հարս գնալուց հետո երկար ժամանակ հայաստանյան բեմ չբարձրացած երգչուհին միգուցե ուզում է այդպիսով «պարտքը» վերադարձնել իր տաղանդի բազմահոծ երկրպագուներին: Կամ միգուցե խնդրո առարկա հեռուստացուցադրանքն ուղղակի հարմարեցված է Սիրոշոյի ծննդյան օրվան` հունվարի 7-ին, փույթ չէ, թե մի 3-4 շաբաթ ուշացումով:

Պատրվակներ միշտ կարելի է գտնել ու հարմարակցել: Բայց միշտ չէ, որ դրանք միանշանակ կընդունվեն հասարակության, մասնավորապես նրա` ամեն ինչի մեջ քաղաքականություն փնտրող խավերի կողմից: Մանավանդ նախընտրական տարվա այս խառնակ ժամանակներում, երբ քաղաքական դաշտում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը Ռոբերտ Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադարձի տարբերակն է:

Ինչքան էլ պնդենք, թե Սիրուշոն ծնվել-մեծացել է քաղաքականությունից հեռու մարդկանց, ավելին` բեմարվեստի ոչ պակաս հայտնի դեմքերի ընտանիքում, միեւնույն է, նա այլեւս Քոչարյանների օջախի հարս է կամ, որ նույնն է, ընտանիքի անդամ: Թերեւս այդ պատճառով էլ դժվար չէ քաղաքական շապիկ հագցնել նրա հետ կապված ցանկացած գործողության` առաջ քաշելով տարատեսակ վարկածներ:

Այսինքն` որքան ինքը փորձի հեռու մնալ քաղաքականությունից, այնքան քաղաքականությունը մոտենալու է իրեն: Տվյալ դեպքում չի բացառվում, որ Սիրուշոն հայտնվել է Քոչարյանի իշխանատենչության կամ նման կարգի ինչ-ինչ հաշվարկների ծիրում: Քաղաքական PR-ի համար ավելի հուժկու գործիք դժվար թե հնարավոր լինի մտածել: Չնայած առանձնապես մտածելու բան չկա, քաղաքական խաղերում արվեստի ճանաչված գործիչներին օգտագործելու նախադեպը մեզանում վաղուց փորձարկված հնարք է:

Այս անգամ հաշվարկի առանցքը մոտավորապես հետեւյալն է. եթե կեղծ ադամանդներ բաժանող եւ ընդամենը քաղաքական մակերեսային դատողություններ սփռող Կարապետիչի հետեւից այնքան մեծաքանակ ժողովուրդ է դուրս գալիս հրապարակ, ապա երիտասարդ, վառվռուն եւ խարիզմատիկ երգչուհին կարող է ամբողջ զանգվածներ ոտքի հանել` դրանից բխող քաղաքական կապիտալով:

Իսկ այդ քաղաքական կապիտալն այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ է Քոչարյաններին, որոնց բիզնեսների եւ ֆինանսական վիթխարի կարողությունների մասին տեղից ելնողն իրեն թույլ է տալիս խոսել ու անպատիժ մնալ:

Ահաեւ «Արմենիայի» իրականացրած ծրագրի շրջանակներում ասպարեզ է հանվել այս պահի դրությամբ ամենաազդեցիկ «խաղաթուղթը»` Սիրուշոն եւ, ինչու չէ, նաեւ նրա հորական ընտանիքը, որի բարոյական սատարումը միանգամայն տեղավորվում է «բա խնամիները ո՞ր օրվա համար են» հին հայկական տրամաբանության մեջ: Իհարկե, չպետք է բացառել նաեւ այն տարբերակը, որ Սիրուշոն «աշխատում է» իր համար:

Ով իմանա, միգուցե սկեսրայրը կամ ընտանիքի որեւէ բարեկամ համոզել են, որ նա կարող է ծագող աստղի հռչակի հավակնել նաեւ հայոց խորհրդարանում: Փառքի ավելցուկն այս աշխարհում դեռ ոչ ոքի չի խանգարել: Թե վարկածներից որն ավելի մոտ կլինի իրականությանը` պարզ կդառնա մոտ ապագայում: Չէ որ, ինչպես ասում են, մախաթը պարկում չես թաքցնի:

Գևորգ Լալայան

Մեկնաբանություններ (2)

Անուշիկ
Սիրուշոն ընդամենը այս պահին զոհ է, նա ինչով է մեղավոր, որ Քոչարյանի հարսն է, չի բացառվում, որ իր փոխարեն մեկ ուրիշը կլիներ,,,Այնպես որ չարչե նրան քարկոծել, առավել ևս, որ նա հիանալի ծնողների զավակ է:::::Կգա ժամանակ,և ամեն ին չ իր տեղը կնկնի
Արման
Կապ չունի, որ Սիրուշոն Քոչարյանի հարսն է,նա պիտի էությամբ մնար արվեստագետի ընտանիքում մեծացած Սիրուշո, բայց նա այդ ընտանիքում դարձավ փառամոլ, միլիոնատեր, այնպես չի, որ տանջանքով է ձեռք բերել, և հետո միանգամից երկինք բարձրացավ, բոլորին վերից էր նայում, անգամ ԱՄՆ-ում երեխաներ ունեցավ,,,Մի խոսքով, ինչ ցանի, այն էլ հնձելու է, իր վերջն էլ է գալու

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter