HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ռուզաննա Առաքելյանին անակնկալի են բերել վարչապետի կակաչները

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանն այսօր, մարտի 8-ի կապակցությամբ, բազմաթիվ նվերներ է ստացել, բայց ամենից շատ նրան ուրախացնում են ծաղիկները: Գեղեցիկ ծաղիկներ է ստացել եղբայրներից և մտերիմ մարդկանցից: Պատգամավորի համար անակնկալ են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանի նվիրած կակաչները: «Այսօր բազմաթիվ նվերներ եմ ստացել: Իմ տանը շատ ծաղիկներ կան, որոնց մեջ ինձ շատ-շատ լավ եմ զգում, շատ ուրախ եմ: Շատ կցանկանամ, որ հայ կանայք Հայաստանում և Հայաստանից դուրս հասնեն իրենց պատկերացրած երջանկությանը»,- «Հետքի» հետ զրույցում ասում է Ռ. Առաքելյանը: Պատգամավորը համաձայն չէ այն կարծիքին, որ կանայք հասարակական, քաղաքական կյանքում ակտիվ չեն: Ըստ նրա` եթե նույնիսկ որոշակի պասիվություն է նկատվում, ապա դա պայմանավորված է հայ կնոջ հոգեբանության մեջ խորացած այն համոզմունքով, թե ինքը պետք է ավելի շատ նվիրվի ընտանիքին, երեխաներին, և եթե ակտիվ հասարակական կյանքով ապրի, դրանից կտուժի ընտանիքը: «Կանայք երբեմն ոչ թե տղամարդկանց պատնեշի դեմ են, այլ հասարակական կյանքում չեն կարողանում ճիշտ դրսևորվել. դա ավելի շատ անհատական հատկանիշ է: Իսկ ովքեր էլ որ կան, շատ ակտիվ են: Եթե նկատի ունենանք Ազգային ժողովի կին պատգամավորներին, ապա բոլորն էլ բավականին ակտիվ են, եթե չասեմ, որ շատ-շատ տղամարդկանցից ավելի ակտիվ են»,- նշում է Ռ. Առաքելյանը: Կին պատգամավորը փորձեց նաև ապացուցել, որ կանայք այսօր Հայաստանում զգալի դերակատարում ունեն: Բավական է միայն այն, որ բժիշկների, ուսուցիչների մեծ մասն այսօր կանայք են, որոնց վրա սերունդ կրթելու և դաստիարակելու մեծ պատասխանատվությունն է դրված: Ռուզաննա Առաքելյանն ասում է, որ կանանց 70 տոկոսն այսօր չի աշխատում, և փաստ է, որ չաշխատող կինը չի կարող հասարակության մեջ ակտիվ լինել: Ըստ պատգամավորի` սա ավելի շատ սոցիալական խնդիր է հատկապես մարզերում ապրող կանանց համար: «Կարծիք կա, թե քաղաքականությամբ զբաղվող կանայք ավելի պակաս կանացի են, ինչին միշտ բացասաբար եմ վերաբերում: Դա թյուր կարծիք է և մտայնություն, որովհետև չի կարող կինը այնքան ինտելեկտ չունենալ, որ չկարողանա իր կանացիությունը պահել, որտեղ որ լինի: Կինը կարող է քաղաքականության մեջ լինել և շատ կանացի լինել և հակառակը` տանը նստել, տնային տնտեսուհի լինել և ոչ մի կապ չունենալ կանացիության հետ»,- նշում է Ռ. Առաքելյանը: Վերջում պատգամավորը առանձնահատուկ շնորհավորեց Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների մայրերին, քույրերին, կանանց: Հենց նրանց որդիները, եղբայրները և ամուսինները կերտեցին մեր այն պատմությունը, որը դարձավ մեր հպարտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter