HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Հոսանքահարվել է 3 ոչխար եւ 2 այծ. տերը փոխհատուցում է պահանջում «ԱրմենՏելից»

2009 թ. ապրիլի 17-ին Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ, կենսաթոշակառու Հմայակ Ասիլյանն իր ոչխարներն ու այծերն էր արածեցնում Գանձաքարի «Խաչի յալ» կոչվող, համայնքի ընդհանուր օգտագործման արոտավայրում: Այդտեղ «ԱրմենՏել» ՓԲԸ-ին պատկանող հեռախոսակապի աշտարակը էլեկտրականությամբ սնուցող օդային լարերը կտրված, գետնին ընկած են եղել: Անասունները Հմայակից 40-50 մ առաջ են եղել: Տեսնելով անասունների անկումը՝ Հմայակը չի հասկացել, թե ինչ է կատարվում: Նա օգնելու համար վազելով մոտեցել է թավալվող կենդանիներին: Չնկատելով գետնին ընկած լարերը` ինքն էլ է հոսանքահարվել` մի կողմ շպրտվելով: Հմայակը գլխի շրջանում ստացած վնասվածքներից ուշագնաց է եղել: Հետո ուշքի գալով` անասունները քշել է գյուղ, դեպքի մասին տեղյակ պահել համայնքապետարանում, որպեսզի ուրիշները հեռու մնան բաց լարերից: Հոսանքահարման հետեւանքով սատկել են Ասիրյանի 3 ոչխարը եւ 2 այծը: Կատարվածն ուսումնասիրելու համար այդ օրը համայնքապետարանի 9 հոգանոց հանձնաժողովը եղել է դեպքի վայրում եւ ակտ կազմել: Բարձր լարումից հոսանքահարման հետեւանքով կենդանիների միսն այրվել-մոխրացել է եւ օգտագործման համար անպիտան դարձել: Հանձնաժողովն ակտով պատճառված վնասը գնահատել է 200 հազար դրամ: Ասիրյանը համաձայն չի եղել այդ գնահատման հետ, քանի որ իր համոզմամբ՝ 2-3 տարեկան այդ անասուններից յուրաքանչյուրի մսի արժեքը կազմել է 50 հազար դրամ: Բացի դրանից, քանի որ այդ անասունները հղի մայրացուներ էին եւ 10-15 օրից պիտի ծնեին, նա լրացուցիչ վնասը գնահատել է 100 հազար դրամ: Իր առողջությանը պատճառված վնասը, էլեկտրական հոսանքի հարվածից վնասված լսողությունը վերականգնելու, այդ նպատակով դեղորայք գնելու համար էլ նա «ԱրմենՏելից» 100 հազար դրամ է պահանջել, ընդհանուր առմամբ` 450 հազար դրամ: Հ. Ասիլյանը 2009 թ. ապրիլի 27-ին պատճառված վնասը հատուցելու համար դիմել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրենին, սակայն 2009 թ. հունիսի 24-ին գրավոր մերժում է ստացել: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի «Աղստեւ» մասնաճյուղի տնօրեն Ալբերտ Ղալթախչյանը, պատասխանելով Գանձաքարի համայնքապետ Շ. Շահինյանի գրությանը, նույն թվականի հուլիսի 13-ին հայտնել է, որ վնասը պատճառվել է մասնաճյուղի սպասարկման տարածքից դուրս՝ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից տիրապետվող եւ սպասարկվող տարածքում, եւ որ վնասի հատուցման համար կարող են դիմել «ԱրմենՏելին»: Ասիլյանը 2009 թ. սեպտեմբերի 17-ին «Առավել վտանգի աղբյուրով անձի առողջությանը եւ գույքին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին» հայցադիմումով դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան: 2010 թ. մարտի 11-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Արման Կուրեխյանը (նստավայրը` Նոյեմբերյան) վճռել է Ասիլյանի հայցը մերժել: Դատարանը նման վճիռ կայացրել է՝ հիմք ընդունելով, որ համայնքապետարանի տված տեղեկանքներում հոսանքահարման օրը նշված է եղել ապրիլի 19-ը եւ ոչ թե ապրիլի 17-ը: Հայցվորի ներկայացուցիչը դատարանում պնդել է, որ դա մեխանիկական սխալ է եղել, վրիպակ, որն ուղղվել է համայնքապետարանի կողմից հետագայում տրված տեղեկանքով: ՀԵՑ «Աղստեւ» մասնաճյուղի տնօրենի գրությամբ դեպքը տեղի է ունեցել «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից տիրապետվող եւ սպասարկվող տարածքում, սակայն դատարանը համարել է, որ դրանով չի հաստատվում, որ վնասը պատճառվել է այդ ընկերության կողմից շահագործվող առավել վտանգի աղբյուրից: Հ. Ասիլյանն այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել: 2010 թ. հուլիսի 22-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանը (նախագահությամբ Տ. Նազարյանի) որոշել է Հ. Ասիլյանի վերաքննիչ բողոքը բավարարել, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանել եւ գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: 2010 թ. օգոստոսի 23-ին «ԱրմենՏելը» վճռաբեկ բողոք է ներկայացրել վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման դեմ: 2010 թ. սեպտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանը (նախագահող դատավոր` Ե. Խունդկարյան) որոշել է վերադարձնել «ԱրմենՏել» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը: 2010 թ. նոյեմբերի 16-ին գործն ընդունվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ: Դեկտեմբերի 16-ին դատարանը (նախագահող դատավոր՝ Զոյա Զաքինյան, նստավայրը` Բերդ) վճռել է Ասիլյանի հայցը բավարարել մասնակիորեն՝ ապացուցված համարելով միայն հանձնաժողովի ակտով հաստատված 200 հազար դրամ վնասը: Դատարանը վճռել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ից հօգուտ Հմայակ Ասիլյանի բռնագանձել 200 հազար դրամ: Սակայն «ԱրմենՏելը» չի համակերպվել այդ վճռի հետ: 2011 թ. հունվարի 14-ին «ԱրմենՏելը» վերաքննիչ բողոք է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ: Այդ բողոքում ընկերության լիազորված անձ Հ. Գրիգորյանը մասնավորապես նշել է. «....Դատարանը ինչպիսի՞ հաշվարկ է կատարել հայցը բավարարելիս, երբ գործում առկա է հասցված վնասի մոտավոր հաշվարկ: Եթե համայնքի ղեկավարի կողմից հաստատված ակտը որպես ապացուցված չի համարվել անասունների հղի լինելու եւ հղիության ստադիան որոշելու համար, ապա ինչպե՞ս է նույն ապացույցի համաձայն որոշվում, որ անասունները հոսանքահարված են, եւ դրանց միսը ենթակա չէ հետագա օգտագործման: Նշվածից կարելի է եզրակացնել, որ նույն հանձնաժողովը կարող է որոշել անասունների սատկման այլ պատճառներ (թունավորման դեպքեր, էպիդեմիա, սպանդ արջի թե գայլի կողմից, դժբախտ պատահար): Փաստորեն, գյուղապետարանը, իր հիմնական գործառույթներից զատ, հանձնաժողովի հետ միասին զբաղվում է կամ կարող է զբաղվել չգրանցված գործունեությամբ` փորձաքննության կատարում: Հարց է ծագում, թե ինչպես կվարվի նույն հանձնաժողովը, եթե օրինակի համար ներկայացվի սատկած աղավնի: Հանձնաժողովը կարո՞ղ է, արդյոք, որոշել աղավնու տարիքը, սեռը, սատկելու պատճառը.... Եթե պարզվի, որ աղավնին պատկանել է Գանձաքար գյուղի բնակիչներից մեկին, ապա գյուղապետը կհաստատի հանձնաժողովի կողմից կազմված ակտն այն մասին, որ աղավնին սատկել է «ԱրմենՏելին» պատկանող բջջային ընդունիչ կայանը սնուցող հաղորդալարի միջոցով հոսանքահարման հետեւանքով` նշելով, որ աղավնու ոտքերը եղել են թաց, իսկ հոսանքալարը բաց վիճակում է` 610 վոլտ լարմամբ...»: ԱրմենՏելի լիազորված անձը նաեւ ներկայացնում է ընկերության համար առաջին ատյանի դատարանի վճռի «ծանր» հետեւանքները. «Սույն գործով կայացված դատական ակտը կարող է առաջացնել ծանր հետեւանքներ, քանի որ պատասխանողը հանդիսանալով ՀՀ տարածքում հեռախոսակապի օպերատոր եւ խոշորագույն հարկատու` նմանատիպ դատական ակտերի կիրառումը կարող է առաջացնել չնախատեսված նյութական միջոցների ծախս, կխոչընդոտի տնտեսական մրցակցությանը կամ կստեղծի անհավասար պայմաններ ՀՀ տարածքում գործող հեռախոսակապի օպերատորների միջեւ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter