
Անդրադառնալով զինված ուժերում տեղ գտած բացասական երևույթներին` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայատարարել է, թե «նման պայմաններում բանակը ներուժ չի ունենա հակառակորդին ջախջախելու համար, և եթե խուսափում ենք այդ ճշմարտությունից, ապա շարունակում ենք մեր կեղծ կյանքը` դրանով սրբապղծելով մեր զոհված ընկերների հիշատակը»:
«ՉԻ» - ԼՂՀ նախագահն, իհարկե, բացարձակապես իրավացի է, բայց ըստ ՀՀ «պաշտոնական քարոզչության»` իր այդ հայտարարությամբ նա, փաստորեն, «ջուր է լցնում թշնամիների ջրաղացին»:
Սերժ Սարգսյանն, ինչպես հայտնի է, զզվում է բանակում առկա խնդիրների մասին բարձրաձայն խոսողներից: Սամվել Նիկոյանը նրանց ազգի դավաճաններ է համարում: Հաստիքային հայրենասերները նման հայտարարությունները գնահատում են որպես միջազգային մութ ուժերի պատվեր և այլն:
Ու հանկարծ պարզվում է, որ ԼՂՀ նախագահն այդ կարծիքին չէ և նրանց բոլորին, փաստորեն, անվանում է «կեղծ կյանքով ապրողներ»: Գուցե «ադրբեջանական նավթադոլարնե՞րն» են տեղ հասել:
Ոչ, իհարկե: Պարզապես Բակո Սահակյանն անմիջական պատասխանատվություն ունի Ղարաբաղի անվտանգության համար և շատ ավելի մոտիկից է ծանոթ իրավիճակին: Հատևաբար, իրեն իրավունք է վերապահում հրաժարվել ջայլամային քաղաքականությունից: Եվ դա, ի դեպ, միայն պատիվ է բերում նրան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել