
Երեկ` փետրվարի 4-ին` ժամը 15-ի սահմաններում, Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Գյումրի քաղաքի Շառլ Ազնավուր հրապարակի վրա գտնվող «Բյուզարդ» ռեստորանային համալիրից ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են բերման ենթարկել թվով 20-25 անձի:
Նշված անձանց մեջ են եղել հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գողեր», նախկինում դատապարտված «Զավ» մականունով 43-ամյա Անդրանիկ Սողոյանը, «Օշականցի Գևորիկ» մականվամբ 41-ամյա Գևորգ Մելիքյանը, «Պավլուշի տղա Սուրո» մականվամբ 38-ամյա Սուրեն Ավետիսյանը, «Ալո» մականվամբ 47-ամյա Ալեքսանդր Մակարյանը, «Մանեթի տղա Սամո» մականվամբ 38-ամյա Սամվել Հարությունյանը, «Աֆուլիկ» մականվամբ 32-ամյա Ռաֆայել Խոյեցյանը, ինչպես նաև հանցագործ աշխարհում հեղինակություններ համարվող «Վստրեչի Ապեր» մականվամբ 40-ամյա Արամ Վարդանյանը և 37-ամյա Սպարտակ Ղուկասյանը` Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին:
Բոլորը ենթարկվել են խուզարկման: Նրանք կեսգիշերին ստորագրությամբ ազատ են արձակվել: Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել