HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերսկսվել է հողհատկացումների գործընթացը

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ վերսկսվել է քաղաքի Սիլիկյան, Չարբախ թաղամասերում և նախկին Հաղթանակ գյուղի տարածքում բնակչության հողհատկացումների գործընթացը։ Հարցը հնարավորին արագ կարգավորելու նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները համակարգում է քաղաքապետի տեղակալ Վահագն Առաքելյանը։ Հանձնաժողովի տվյալներով՝ 2005թ.-ից մինչ օրս Երևանի քաղաքապետարանը նշված տարածքներում իրականացրել է քաղաքացիներին հատկացված 256 միավոր հողամասերի հողհատկացման հիմքերի վերականգնում։ Խնդիրն ունի բարդություններ, քանի որ շատ դեպքերում չեն պահպանվել տրամադրված հողամասերի նախկին ուրվագիծը, հողի տեսքը, փաստաթղթերի բնօրինակները։ Տարածքներում առկա են համադրումներ, հարևանների վեճեր` կապված հողօգտագորման հետ, քաղաքաշինական նորմերի խախտումներ։ Վերը նշված տարածքների շուրջ երեք տասնյակ քաղաքացի հրավիրվել է քաղաքապետարան։ Նրանց իրազեկել են գործնթացի և հարցին ընթացք տալու մասին, տեղեկացրել, որ քաղաքապետարանը պատրաստակամ է ժամկետում քաղաքացիներին տրամադրել համապատասխան փաստաթղթեր` բոլոր այն դեպքերում, երբ պահպանվել են փաստաթղթերը, հողամասերի ուրվագծերը, չեն առաջանում քաղաքաշինական նորմերի խախտումներ, չկան համադրումներ, և հիմքերը բավարար են։ Իսկ եթե քաղաքացու դիմումը մերժվի, ապա մերժումը կլինի հիմնավորված և պարզաբանված։ Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հիշեցնում է, որ դեռևս 1990-ական թթ. Երևան քաղաքի Սիլիկյան, Չարբախ թաղամասերում և նախկին Հաղթանակ գյուղի տարածքում հողատարածքներ են հատկացվել շուրջ 1600 ընտանիքի։ ՀՀ կառավարությանն առնթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն վերը նշված տարածքների քաղաքացիների կողմից մինչև 2005թ. ընդունել է դիմումներ և կատարել պետական գրանցումներ։ Երևանի քաղաքապետարանի ունեցած տվյալներով` մինչ օրս 41 միավոր պետական գրանցում է ստացել։ Հետագայում նշված հողամասերի համար գլխավոր հատակագծեր տրամադրելու անհրաժեշտություն է առաջացել: Ուստի, քաղաքացիները դիմել են Երևանի քաղաքապետարան՝ հողամասերի հատկացման հիմքերը վերականգնելու և հողամասերի համար հատակագծեր թողարկելու խնդրանքով։ Ներկայում համակողմանիորեն ուսումնասիրվում են շուրջ 900 ընտանիքի հարցերը։ Հաղթանակ գյուղում հողհատկացումների օրինականությունը հանձնաժողովը կուսումնասիրի առանձին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter