HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գևորգյանը պահանջում է ապահովել անխափան ջրամատակարարում

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ այսօր Ծաղկաձորում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ջրառ և Ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարները: Քննարկվեցին 2010թ. ոռոգման համակարգում կատարված աշխատանքները և 2011թ. գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր: Նշվեց, որ ընթացիկ տարում մեծ ուշադրություն է դարձվելու ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը: ՋՕԸ-երի հիմնական խնդիրներն են լինելու անխափան և պահանջարկին համապատասխան ջրամատակարարման, արդյունավետ ֆինանսական վարչարարության և կարգապահության ապահովումը: Ա.Գևորգյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսված արտաքին միջոցների զգալի մասն ուղղում է ոռոգման ենթակառուցվածքների բարելավմանը, և պահանջեց օգտագործել բոլոր հնարավորությունները` բավարար և անխափան ջրամատակարարում ապահովելու համար: Ամփոփելով 2010 թ. գործունեության արդյունքները` փոխվարչապետն  ընդհանուր առմամբ բավարար գնահատեց համակարգի գործունեությունը` նշելով, որ 2010 թ. ընթացքում նախորդ տարվա համեմատ հավաքագրումներն ավելացել են 350 մլն դրամով: Այնուամենայնիվ, Ա.Գևորգյանը պահանջեց ժամանակին և ավելի ինտենսիվ զբաղվել ձևավորված հասույթների հավաքագրմամբ: Այդ համատեքստում առաջիկայում փոխվարչապետին կներկայացվի մատակարարված ջրի դիմաց 200 հազար դրամից ավելի պարտք ունեցող ջրօգտագործողների ցուցակը, որոնց նկատմամբ համապատասխան միջոցներ կկիրառվեն: Փոխվարչապետն ընկերությունների ղեկավարներին հորդորեց լրջորեն նախապատրաստվել ոռոգման նոր շրջանին: Հանձնարարվեց մինչև ոռոգման շրջանի մեկնարկը պայմանագրեր կնքել սպառողների հետ` նշելով սպասարկվող հողատարածքի ծավալը, մշակվող կուլտուրայի տեսակը և այլն: Անդրադարձ եղավ նաև ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներին: Մասնավորապես, կարևորվեց ՋՕԸ-երում GIS ծրագրի ներդրումը, որի միջոցով իրականացվում է ոռոգվող հողատարածքների և ջրի ծավալների հաշվառումն ու կառավարումը: Ոլորտի համար կարևոր համարվեց նաև ՋՕԸ-երի մատուցած ոռոգման ծառայություններն ԱԱՀ-ից ազատելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունը: Անդրադարձ եղավ ՋՕԸ-երի կողմից շահագործվող խորքային հորերի վրա սեղմ ժամկետներում ջրաչափեր տեղադրելու խնդրին: Մի շարք ՋՕԸ-երի ղեկավարներ տեղեկացրին, որ այսօր արդեն արձանագրվում է ստորերկրյա ջրերի ճնշման զգալի նվազում, ինչը խնդիր է առաջացնում ոռոգման ջրի անհրաժեշտ ծավալների մատակարարման համար: Այդ երևույթը նկատվում է հատկապես Մասիսի տարածաշրջանում: ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա.Անդրեասյանին հանձնարարվեց ուսումնասիրել այդ երևույթի հետ կապված ոռոգման համար անհրաժեշտ ջրի ծավալի ապահովման հարցը և ի հայտ եկած խնդիրների լուծման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնել: Խնդիր դրվեց նաև հատուկ ուշադրություն դարձնել ջրի խնայողաբար օգտագործմանը, որպեսզի բնապահպանական նկատառումներով հնարավորինս նվազեցվի Սևանից ջրառը: Նշվեց, որ կառավարությունը պատրաստակամ է աջակցելու գյուղացիական այն տնտեսություններին, որոնք կցանկանան ներդնել ոռոգման նոր տեխնոլոգիաներ: Խորհրդակցությանն անդրադարձ եղավ նաև «ՀՄՀ-Հայաստան»-ի կողմից ոռոգման համակարգում իրականացվող ծրագրերին: Ա. Գևորգյանը ՋՕԸ-երի ղեկավարներին հորդորեց աջակցել 3-րդ կարգի ջրանցքների և պոմպակայանների վերականգնման ծրագրերի իրականացմանը: Նա նաև խնդիր դրեց ներկաների առջև` որոշ պոմպակայանների վերազինման աշխատանքների հնարավոր ուշացումների դեպքում գյուղացիական տնտեսություններին նախազգուշացնել այդ մասին և առաջարկել ոռոգման այլընտրանքային տարբերակներ: ՋՕԸ-երի ղեկավարները տեղեկատվություն ներկայացրին իրենց սպասարկման տարածքում «ՀՄՀ-Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքի և կատարված աշխատանքների որակի մասին: Մի շարք ՋՕԸ-երի սպասարկման տարածքներում «ՀՄՀ-Հայաստան» հիմնադրամի ծրագրերի մասով առկա են չլուծված խնդիրներ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց «ՀՄՀ-Հայաստան» հիմնադրամի պատասխանատուների մասնակցությամբ առաջիկայում տեղերում քննարկումներ կազմակերպել և սեղմ ժամկետներում լուծել առկա խնդիրները: ՀՀ փոխվարչապետը կարևորեց նաև «ՀՄՀ-Հայաստան»-ի` ՋՕԸ-երի տեխնիկական օժանդակության և կարողությունների հզորացման ծրագիրը, որով մինչև հունիս ընկերություններին տրամադրվելու է նոր տեխնիկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter