HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը շրջել է շուկաներում

Ըստ քաղաքապետարանի` շուկաներում դեռ բազմաթիվ դատարկ վաճառատեղեր կան Այսօր Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց կատարեց մայրաքաղաքի մի շարք շուկաներում՝ ծանոթանալու բացօթյա ապօրինի առևտրի արգելման և կանխարգելմանն ուղղված միջոցառումների ընթացքին, ինչպես նաև գործող շուկաներում առևտրականներին առաջարկվող պայմաններին։ Նոր տեղափոխված առևտրականներն ընդհանուր առմամբ գոհ էին շուկաներում առկա պայմաններից, սակայն Տարոն Մարգարյանին դժգոհեցին շուկա այցելողների քանակից: Առևտրականները կարծում են, որ դրա պատճառն այն է, որ քաղաքացիները տեղյակ չեն, թե որտեղ են գտնվում շուկաները: Քաղաքապետի առաջին տեղակալը շուկաների տնօրեններին տեղում հանձնարարեց կարճ ժամկետում տեղադրել բնակչության համար տեսանելի, ակնառու գովազդային և ուղղորդող վահանակներ: Տարոն Մարգարյանը շուկա նոր տեղափոխվածներից հետաքրքրվեց նաև տեղի համար գանձվող վարձավճարների մասին: Առևտրականներն ասացին, որ շուկաների տնօրինության հետ փոխադարձ համաձայնությամբ` սկզբնական շրջանում իրենցից վարձավճար չի գանձվում։ Անցած շաբաթ քաղաքապետարանում աշխատանքային հանդիպում էր տեղի ունեցել մայրաքաղաքի շուրջ 30 շուկայի ղեկավարների հետ, և խնդիր էր դրվել աշխատատեղերով ապահովել բացօթյա առևտրով զբաղվողներին։ Միաժամանակ հանձնարարվել էր պատշաճ տեսքի բերել շուկաների տարածքները։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ թեև նախկինում ապօրինի առևտրով զբաղվող զգալի թվով առևտրականներ արդեն տեղափոխվել և շուկաների տարածքում են աշխատում, այդուհանդերձ, շուկաներում դեռ բազմաթիվ դատարկ վաճառատեղեր կան։ Քաղաքապետի հանձնարարությամբ տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ շուկաների տնօրենները վստահեցրել էին, որ կարող են ապահովել ավելի քան 3.000 վաճառատեղ։ Այսօրվա շրջայցի ժամանակ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ ապօրինի առևտրի դեմ պայքարի հարցում քաղաքապետարանը վճռական է, և գործընթացը շարունակական է լինելու: «Տեղերը բավական շատ են, իսկ եթե պահանջարկ լինի, այն նույնպես կբավարարվի. նոր մինի շուկաներ կկազմակերպվեն»,- նշեց նա։ Շրջայցի ընթացքում քաղաքապետի առաջին տեղակալը հանձնարարեց ամենօրյա խիստ և հետևողական վերահսկողություն սահմանել շուկաներում սանիտարահիգիենիկ պայմանների նկատմամբ։ Տարոն Մարգարյանը խիստ հանձնարարեց նաև վերացնել շուկաների և դրանց մերձակա տարածքների սառցաշերտերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter