Միջավայրի մաքրությունը` աշակերտների ձեռքերում
«Միջավայրի մաքրությունը մեր ձեռքերում է»,- այսօր այսպես էին բարձրաձայնում Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի աշակերտները: Նախաձեռնությունը «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությանն էր: Կազմակերպությունից տեղեկացնում են, որ անկախության 20-ամյակին նվիրված նախաձեռնությունն անցկացվեց «Մաքուր հայրենիք, առողջ մանկություն» խորագրի ներքո:
Նախաձեռնությունը բաղկացած էր երեք մասից: Առաջին մասը ուսուցողական դասընթաց էր, որի ժամանակ Երիտասարդական ակումբների դաշնության երիտասարդ-բնապահպաններն աշակերտներին սովորեցրին շրջակա միջավայրի պահպանության, աղբի մաքրման և վերջինիս վնասակար ազդեցության, ինչպես նաև` աղբի տեսակավորման մասին: Մասնավորապես նրանք հետաքրքիր խաղի միջոցով երեխաներին ներկայացրին, թե պոլիէթիլենային տոպրակներն ու շշերը, բնության մեջ նետված մնալով, ինչ թունավոր նյութեր են արտանետում մթնոլորտ, ապա` ինչպես տեսակավորել աղբը, և որ Հայաստանում «Քլինլենդ» ընկերության կողմից արդեն ստեղծվել է աղբի վերամշակման գործարան, և որ արդեն Վանաձոր և Գյումրի քաղաքներում աղբի տեսակավորման կայաններ էլ գոյություն ունեն:
«Մենք պարբերաբար կազմակերպում ենք տարբեր ոլորտներում առկա խնդիրներին նվիրված ակցիաներ: Այսօր Հայաստանում առկա բնապահպանական խնդիրներից ամենավտանգավորը աղբի խնդիրն է` բաց երկնքի տակ լցվում են և ապակին, և պլաստիկը, և կենցաղային աղբը, ինչպես նաև տարբեր բնույթի նյութեր, ինչը շրջակա միջավայրի համար լուրջ խնդիր է և մարդկանց առողջության համար վտանգավոր,- ասում է «Հայկական ՓԻ Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը,- այս ակցիայով կոչ ենք անում մարդկանց չաղտոտել բնությունը, և դպրոցականներին ուսուցանելով` մենք դաստիարակում ենք ապագա քաղաքացուն, որ պետք է գիտակցի, թե իր թափած աղբը ինչ վտանգ կարող է ներկայացնել»:
Երկրորդ մասը կոչվում էր ձեռքերով կերտել սեփական հայրենիք: Աշակերտները աղբի մնացորդներով և ներկված քարերով հաշված րոպեների ընթացքում «կերտեցին» իրենց կտոր հայրենիքը: Շուտով դպրոցի տարածքը զարդարվեց պայծառ արևով ու բիբլիական Արարատով, Սևանա լճով և գեղեցիկ ծաղկով: Եվ այս ամենը ստեղծվեց աղբի մնացորդով:
«Ակցիաների կազմակերպումը երեխաներին նախապատրաստում է մեծ կյանքի և առողջ ապրելակերպի: Կարծում եմ, որ նման միջոցառումները առիթ կդառնան, որ յուրաքանչյուրը իր վարքագծով օրինակ ծառայի և չաղտոտի միջավայրը, թեկուզ հենց իր իսկ առողջության համար»,- ասում է Ա. Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանը:
Երրորդ մասով նախատեսված էր ֆլեշ մոբ: «Հայկական Փի Ար ասոցիացիայի» անդամները և աշակերտները կանաչ շապիկներով ստեղծեցին կանաչ, մեծ, ծառ` իր հաստ հիմքով, որը մաքրության և կյանքի խորհրդանիշն էր:
Նշենք նաև, որ «Քլինլենդ» ընկերությունը դպրոցին նվիրեց երկու աղբաման, որոնց մեջ երեխաները հավաքեցին ու տեսակավորեցին դպրոցի շրջակայքի աղբը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել