HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Կալանքը մեկ ամսով էլ երկարաձգվեց

Ներկայացված մեղադրանքից հետո Աշոտ Հարությունյանը 2 ամսով կալանավորվեց: Կալանքի ժամկետը լրանում էր հունվարի 9-ին, բայց դատարանի որոշմամբ (դատավոր` Գ.Հովհաննիսյան) այն երկարաձգվեց ևս մեկ ամիս` մինչև փետրվարի 9-ը: Ընդ որում` քննիչը դատարանին միջնորդել էր, որ կալանքի ժամկետը երկարաձգվի 2 ամսով: Աշոտ Հարությունյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկեց վերադաս ատյանում: Վերաքննիչ դատարանը քննարկեց բողոքը և ուժի մեջ թողեց առաջին ատյանի որոշումը` կալանքի ժամկետի երկարաձգումը համարելով հիմնավոր: Արդեն կալանքի երկարաձգման ժամկետն էր լրանում, բայց հիմա էլ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն ներկայացրեց դատարանին` կալանքի ժամկետը երկարաձգելու ևս 2 ամսով: Փետրվարի 4-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դռնփակ նիստում քննարկվեց այդ միջնորդությունը: «Դատական քննությունը կրում էր ձևական բնույթ,- դատվարության մասին «Հետքին» ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:- Նախ, ծանուցված չեմ եղել դատական նիստի մասին: Այդ մասին տեղեկացրել է Հատուկ քննչական ծառայության քննիչը»: Նախագահող դատավորի ով լինելը փաստաբանը տեղում է ճշտել` դատարանի գրասենյակից: Նրան հայտնել են, որ դատական նիստը նախագահելու է դատավոր Գ.Հովհաննիսյանը, ով արդեն մեկ անգամ որոշում է կայացրել երկարաձգել կալանքի ժամկետը: Բայց նիստը սկսվելուց րոպեներ առաջ հայտնի է դարձել, որ նրա փոխարեն գործը կքննի դատավոր Վ.Հովհաննիսյանը: «Ամենայն հավանականությամբ, չուզեց, որ իր վրա ընկնի պատասխանատվությունը»,- կարծում է փաստաբանը: Ըստ նրա` երկրորդ անգամ նույն գործը քննելով` դատավորը կհակասեր իր նախկին դիրքորոշմանը, որով մեկ ամիսը բավարար էր համարել կալանավորման համար: «Ինչ է ստացվում. միջնորդությունը ստացել է մի դատավոր, նա է ծանոթացել գործի նյութերին, նախապես նա է տեղյակ եղել, թե ինչպիսի գործ պիտի քննի, 5 րոպե հետո ուրիշ դատավոր է քննում, որը բոլորովին անտեղյակ էր գործից, չէր կարդացել գործի նյութերը»,- ասում է փաստաբանը: Պաշտպանական կողմը բացարկ է հայտնել դատարանի կազմին, քանի որ, փաստաբանի խոսքով, Աշոտ Հարությունյանը մեղադրվում է մի արարքի մեջ, որին առնչվում են նույն դատարանի դատավորն ու 4 կարգադրիչները: «Դատարանը չի կարող այդ նույն դատարանի աշխատակիցների գործողություններին մեկնաբանություն տալ: Ամբողջ դատարանի հեղինակության հարցն է: Գործի անաչառ քննություն չի կարող լինել»,- ասում է Տ.Հայրապետյանը: Բացարկը մերժվել է: Ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այժմ դատարանը մասնակի է բավարարել միջնորդությունը` կալանքը կրկին երկարաձգելով մեկ ամսով: Փաստաբանի խոսքով` նախորդ անգամվա պես դատարանը հիմնվել է քննիչի բանավոր խոսքի վրա: Դատարանի հարցին` ինչ հիմքեր ունի, քննիչը պատասխանել է` «հիմնավոր կասկած»: Դատարանն էլ, այդ «կասկածի» հիման վրա երկարացրել է կալանքի ժամկետը: Փաստաբանի փոխանցմամբ` դատավարության ավարտին դատավորը դիմել է քննիչին` առաջարկելով որոշ փաստաթղթեր ներկայացնել, որպեսզի կալանքի ժամկետը երկարացնելու` դատարանի որոշումը հիմնավորվի: «Ներկայացրեք գործ հարուցելու մասին որոշումը, ձերբակալման արձանագրությունը. գոնե մի քանի փաստաթուղթ լինի»,- ասել է քննիչին դատավորը: Փաստաբանի խոսքերով` երբ գործը փոխանցվեց ՀՔԾ, հույս առաջացավ, թե «արդարության բացահայտումը մի քիչ ավելի հավանական կլինի». Աշոտ Հարությունյանը տուժող կճանաչվի, իսկ կարգադրիչները կհայտնվեն մեղադրյալի կարգավիճակում: Ըստ փաստաբանի` դա կմեղմացներ նաև Աշոտ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոցի ընտրությունը: Այնինչ, իրավիճակն ավելի բարդացավ: Տիգրան Հայրապետյանը միտումնավորություն է տեսնում ՀՔԾ-ի գործողություններում: «Հատուկ քննչականը լիազորություններ ունի, բայց ցանկություն չունի: Պատվեր ունի, հետաքննությունից պարզ երևում է. փոխանակ գործը այնպես տանի, որ օբյեկտիվ լինի, մի բան էլ 2 ամսով ուզում է երկարացնել»,- ասում է փաստաբանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter