
Մարտի 8-ի առավոտվանից «ՎիվաՍելի» Կապանի բաժանորդներին չի հաջողվում օգտվել հեռախոսակապից: Արդեն 6 ժամից ավելի է, բաժանորդները չեն կարողանում զանգել կամ զանգեր ընդունել տվյալ օպերատորի ցանցում: Սա առաջացրել է հազարավոր կապանցի բաժանորդների դժգոհությունը:
Վրդովմունքն առավել մեծ է հատկապես այն պատճառով, որ խոտան առաջացել է հենց այսօր` մարտի 8-ին, երբ հեռախոսազանգերի միջոցով բաժանորդները պետք շնորհավորանքներ ու մաղթանքներ հղեին կամ ստանային:
Չի ստացվում ուղարկել նաև կարճ հաղորդագրություններ: Բաժանորդները դժգոհում են, որ առավոտյան ուղարկված sms-ները ժամը 16-ի սահմաններում դեռ հասցեատիրոջը չէին հասել:
Կապանում «ՎիվաՍելի» ցանցից հնարավոր է զանգահարել միայն մյուս երկու օպերատորի` «Բիլայնի» և «Օրանժի» բաժանորդներին: Եվ հակառակը, այդ երկու օպերատորի բաժանորդներն են կարողանում կապ հաստատել «ՎիվաՍելի» բաժանորդների հետ:
Ժամը 10:30-ից մինչ այս պահը «ՎիվաՍելի» խափանված կապի հետևանքով տուժած բաժանորդներին չի հաջողվում զանգահարել ոչ միայն Կապանում, այլև մայրաքաղաքում կամ Հայաստանի մյուս շրջաններում գտնվող իրենց հարազատներին ու ծանոթներին:
Կապանցի բաժանորդների միակ հույսն այն է, որ գոնե օրվա վերջում կապը կվերականգնվի, և իրենք կհասցնեն այսօր հղել մարտի 8-ի շնորհավորանքները: Այլապես ստիպված կլինեն, կապի խափանման պատճառով, կանանց ու աղջիկների մարտի 8-ը շնորհավորել մարտի 9-ին:
Մերի Սողոմոնյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել