Հովիկ Աբրահամյան. «Գալուստ Գրիգորիչն էլ կլինի Ազգային ժողովի նախագահ»
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այս պահին չի տեսնում օրենսդրական գեթ մեկ տարբերակ, որը պատգամավորներին հնարավորություն կտա հավաքվել և անվստահություն հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին: «Դա միանշանակ է և աքսիոմա է»,- այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց Հ. Աբրահամյանը:
Պատճառներից մեկն էլ այն է, որ ԲՀԿ-ն միշտ պաշտպանել է Սերժ Սարգսյանին և Հ. Աբրահամյանի համոզմամբ` ապագայում ևս կպաշտպանի: Իսկ խորհրդարանական ընդդիմությունը նախագահին անվստահություն հայտնելու համար բավարար թվով ձայներ չունի:
Անդրադառնալով իր հրաժարականին` Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ամեն ինչ հնարավոր է: «Կարևորը` Սերժ Սարգսյանի մասով բացառում ենք, Ազգային ժողովի նախագահի մասով հնարավոր է: Բոլոր հարվածները իմ վրա եմ վերցնում: Կարող է հիմա խնդրեն, գնամ հրաժարական տամ, ի՞նչ է եղել: Գալուստ Գրիգորիչն էլ կլինի Ազգային ժողովի նախագահ: Իսկ Սերժ Սարգսյանին դեռ փոխարինող չկա, ես չեմ տեսնում»,- ավելացրեց Հովիկ Աբրահամյանը:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե մտադրություն չունի՞ դառնալ հանրապետության նախագահ: Պատասխանը բացասական էր: «Հանրապետության նախագահ լինելը շատ ծանր ու պատասխանատու գործ է, և յուրաքանչյուր մարդ (երևի մեր ազգի բացասական հատկանիշներից մեկն է) ուզում է նախագահ լինել, անկախ նրանից` կարո՞ղ է աշխատել, թե՞ ոչ: Ազգային ժողովի նախագահի պաշտոնն ինձ բավարարում է»,- ավելացրեց Հ. Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է վարչապետ լինելու հավակնություններին, Հովիկ Աբրահամյանն անկեղծացավ` ասելով, որ նախկինում ցանկացել է լինել վարչապետ, սակայն հիմա փոշմանել է և չի ուզում: «Որովհետև իմ պաշտոնը վարչապետի պաշտոնից բարձր է»,- պատճառաբանեց Հ. Աբրահամյանը:
Լրագրողների դիտարկմանը, որ այսօր օրենսդրական նախաձեռնությունների հիմնական մասը պատկանում է կառավարությանը, որն իր օրինագծերով թելադրում է ԱԺ-ին` Հ. Աբրահամյանն ասաց. «Եթե կառավարության որևէ անդամ, լինի վարչապետը, թե որևէ անդամ կհայտարարի, որ ինքը կարող է թելադրել Ազգային ժողովում, ուրեմն ինքը կարող է երազախաբ լինի: Եթե մեկ-մեկ կառավարության որոշ անդամներ, բարձրաստիճան չինովնիկներ հայտարարում են, որ Ազգային ժողովը չի տալիս հնարավորություն իրենց բարեփոխումներն իրականացնել, նույնպես, կոռեկտ ասած, անարդար են, որովհետև Ազգային ժողովը, կոալիցիան միշտ աջակցել են յուրաքանչյուր նախագծին, որը ներկայացվել է կառավարության կողմից»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել