Հովիկ Աբրահամյանի բիզնեսը «բարգավաճում» է
Դա չի թաքցնում նաեւ հենց ԱԺ նախագահը
«Իմ եկամուտները միշտ աճում են, դուք դրա համար ուրախ եք, չէ՞»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովիկ Աբրահամյանը: Անդրադառնալով այն հարցին, թե ճգնաժամն ի՞նչ ազդեցություն է ունեցել ԱԺ նախագահի բիզնեսի վրա, Հովիկ Աբրահամյանը մի պահ շփոթվեց. «Բայց ի՞նչ բիզնես»:
«Դուք բիզնես չունե՞ք»,- անակնկալի եկան լրագրողները:
«Ունեմ: Դուք ուրախ եք դրա համար, չէ՞: Ինչի՞ չեք վերցնում` նայեք, թե ի՞նչ ունեմ, հայտարարագրում գրված է: Մի օրինակը տրամադրե՞մ` տեսնեք, թե ինչ ունեմ»,-ավելացրեց ԱԺ նախագահը:
Հովիկ Աբրահամյանի 2009թ. գույքի եւ եկամուտների հայտարարագրի մասին տեղեկանքը «Հետքը» ստացել է Պետեկամուտների կոմիտեից դեռեւս ամիսներ առաջ: ԱԺ նախագահը հայտարարագրել է շատ համեստ գումար` ընդամենը 29 մլն 499 հազ 760 դրամ, որից միայն 4 մլն 80 հազ դրամն է Հովիկ Աբրահամյանի աշխատավարձը (ամսական ստանում է 340 հազ. դրամ):
Մինչդեռ հայտնի է, որ ԱԺ նախագահի իրական եկամուտները շատ ավելին են: Նա հայրենի Արարատի մարզում ունի տասնյակ հեկտարներով հողեր եւ արտադրամասեր:
Վերջերս էլ Հովիկ Աբրահամյանը որոշակի ակտիվություն է ցուցաբերում հանքարդյունաբերության ոլորտում:
«Հետքն» արդեն անդրադարձել է, որ 2010 թվականին ԱԺ նախագահին պատկանող «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ն ստացել է հանքարդյունահանման լիցենզիա:
Նրան է պատկանում նաեւ Վայոց Ձորի Ելփին գյուղի պղնձի եւ մոլիբդենի հանքավայրի ուսումնասիրման լիցենզիան, որը ստացել է Մխչյան գյուղում գրանցված «Արգամիկ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը Հովիկ Աբրահամյանի որդին է՝ Արգամ Աբրահամյանը:
ԱԺ նախագահը «Հետքի» հետ զրույցում խոսեց միայն այս ՍՊԸ-ի մասին, այն էլ` կցկտուր: Երբ հարցրինք, թե ինչո՞վ է պայմանավորված, որ հատկապես վերջին տարիներին հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ որոշակի հետաքրքրություն է ցուցաբերում, Հ. Աբրահամյանը պատասխանեց. «Ոչ մի բանով: Դու նկատի ունես այն ՍՊԸ-ն Վայոց Ձորում…Դա եղել է 4-5 տարի առաջ, եւ այդպիսի խնդիր չի եղել, որ հետաքրքրություն ցուցաբերեմ: Ուղղակի հետազոտումների փուլում է, որ պետք է փորձեն, այնտեղ կա դժգոհություններ, որ կքննարկենք կլուծվի»:
Նշենք, որ լրագրողները Հովիկ Աբրահամյանից պահանջեցին հրապարակել իր ունեցած ամբողջ բիզնեսը, մինչդեռ ԱԺ նախագահը թվարկելու փոխարեն խորհուրդ տվեց նայել իր հայտարարագրում:
Այնինչ կառավարության որոշմամբ, ԶԼՄ-ներին տրվող հայտարարագրի տեղեկանքում չի երեւում, թե պաշտոնյան որտեղ եւ ինչ չափով բաժնեմաս ունի եւ որտեղից են գոյացել դրամային եկամուտները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել