HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իշխանավորները օժանդակում են Ջավախքը հայաթափելու քաղաքականությանը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պատկանող «վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների» հարցի շուրջ վերջերս ծավալված աղմուկի ու քաղաքացիական պայքարի ֆոնին` միգուցե աննկատ մնաց Վրաստանի քաղաքացիներին պատկանող վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների առնչությամբ ՀՀ իշխանությունների ընդունած որոշումները, որոնք հիմնականում ուղղված են Հայաստանի Հանրապետություն պարբերաբար այցելող Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների շահերի և իրավունքների դեմ։ Տվյալ որոշումներով Վրաստանի քաղաքացիներին պատկանող վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների և հետևաբար նաև վարորդների համար ՀՀ-ում գտնվելու մեկ անգամվա ժամկետը կրճատվում է, դառնալով առավելագույնը 15 օր, իսկ ՀՀ-ում գտնվելու տարեկան առավելագույն ժամկետը սահմանափակվում է՝ մինչև 90 օր: Նույն ավտոմեքենաների համար մտցվել է նաև պարտադիր ապահովագրման համակարգ` մեկ ամսվա համար 6.000 ՀՀ դրամ և մեկ տարվա համար 32.000 ՀՀ դրամ վճարներով: Կարիք չկա տիրապետել պետական գաղտնի տվյալների, հաստատելու համար, որ Վրաստան-Հայաստանի Հանրապետություն պետական սահմանը իրենց ավտոմեքենաներով հատող Վրաստանի քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը մեր հայրենակիցներն են, հատկապես ջավախահայերը, որոնք անթիվ առնչություններ ունեն ՀՀ-Ի ԵՎ ԱՅՍՏԵՂ ԲՆԱԿՎՈՂ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ: Բացի այդ, այս նոր կանոնների ուժի մեջ մտնելուց ի վեր, սահմանի վրա առաջանում են հերթեր, որի հետևանքով ավտոմեքենաներում գտնվող ուղևորները ստիպված տեղում անցկացնում են առնվազն մեկ ժամ, ի հաշիվ իրենց համբերության և առողջության: Տրամաբանությունից ամբողջովին զուրկ և բացարձակապես աններելի այս որոշումները միայն խորացնում են մեր հայրենակիցների հիասթափությունը «մայր պետությունից» և նպաստում վրաց հասարակության հետ «ինտեգրվելու» վրաց իշխանությունների հետապնդած քաղաքականությանը: ՀՀ իշխանավորները հերթական անգամ հաստատում են, որ ոչ միայն անտեսում են ջավախահայության առջև կանգնած և լուծման սպասող խնդիրները, այլև ակտիվորեն օժանդակում են ջավախահայությանը Մայր Հայրենիքից անջատելու և վերջին հաշվով Ջավախքը հայաթափելու վրաց իշխանությունների նպատակասլաց և հետևողական քաղաքականությանը: ՀՀ ներկա իշխանությունների կողմից հակապետական, հակազգային և հակաժողովրդական քայլերի հաճախակիության ակնհայտ արագացումը միայն ընդգծում է այս իշխանավորներից ձերբազատվելու անհետաձգելիության անհրաժեշտությունը: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter