Խաղաղություն խրճիթներին, պատերազմ պալատներին
« Այդ վայրկյանին պատշգամբից արճիճ տեղաց գնդացիրը: Մի կին ճչաց:
- Վայ բալա ջան…
Ձիավորը թեքվեց մի կողմի վրա և կախվեց, ինչպես հնձած հասկը: Փրփրած ձին խրտնեց ու սլացավ: Հեծվորի ոտքը մնաց ասպանդակի մեջ: Տաք մարմինը քարեքար դիպչելով շաղ տվեց արյուն և ուղեղ: Փողոցի մեջտեղը շնչահեղձ պառկել էր Անա զիզին և լիզում էր որդու տաք արյան առաջին շիթը… Լիզում էր հողը, արյունը, երեսը քսում էր գետնին և չանգռոտում անմռունչ գետինը»:
«Բրուտի տղան» Ակսել Բակունց
Հեղափոխություններից առաջ, պատերազմներից առաջ, ընդհանրապես կրիտիկական բոլոր պահերին, յուրաքանչյուր անհատի ճակատագիր գալիս, խաչվում է իր ժողովրդի ճակատագրի հետ. ակամայից մարդկային առանձին ճակատագրերը գալիս, հանդիպում են այն խաչմերուկներում, որտեղ տրոհվում, խզվում է ժամանակը, ուր դրա անպիտան լինելու զգացումը դառնում է շատ ավելի ցավոտ ու անտանելի:
Ժամանակն` իր ամենայն սրությամբ զգում է հատկապես հետապնդվող մարդը: Հետապնդման մեջ ապրող մարդու համար ժամանակի զգացումը, անշուշտ, ամենամոտիկներից մեկն է ռեալականին:
Ապրելով այրող ժամանակի մեջ` մյուսների հետ միասին, լինելով սիստեմատիկ ոտնահարման ու հետապնդման մեջ, համաժողովրդական փետրվարյան նոր ալիքից առաջ անհրաժեշտ եմ համարում կիսվել իմ հայրենակցի հետ ներկա ժամանակի իմ ընկալումներով:
Հենց սկզբից, առանց մեկնաբանությունների ասեմ, որ ժամանակը նախահեղափոխական է: Ասեմ նաև, որ ուզենք, թե չուզենք մենք անցնելու ենք հեղափոխության միջով: Այնպես որ պետք է լինել պատրաստ ռիսկի գնալուն: Հեղափոխությունը բարձրավանդակից վարար գետի մեջ պարտադրված նետվելու նման մի բան է` սեռական ձգտման կամ էլ միզելու նման բնական մի պարտադրանք:
Խոսքով, զրույցով հեղափոխության, ապստամբության, խռովության միջով անցնել հնարավոր չէ: Մեր այս դժվարին պարագայում հուսադրողն այն է թերևս, որ ընդվզումը, ապստամբությունը մեզ պարատադրվել է վերևից:
Այդպիսին մեզ դարձրել է սիստեմատիկ ճնշումը: Ըմբոստը բնավորություն է, էություն է, որ ձեռք է բերվում արժանապատվության զգացում ունեցող մարդու մոտ երկար ու տևական ճնշման արդյունքում:
Եվ մենք` ըմբոստներս, պետք է պատրաստ լինենք դիմակայելու անխիղճ ու ագահ իշխանավորի սադրանքներին, որն անամոթաբար նորից սկսելու է լոլոներ կարդալ մեր գլխին հեղափոխության վնասների մասին:
Խոսքեր են շաղ տալու` ղարաբաղյան վտանգ, իրատեսություն, կառուցողական ընդդիմություն ու էլի դրանց նման, մայթեզրին ընկած արժեզուրկ խոսքեր: Ասելու են. «մենք կիրգիզ չենք, մենք արաբ չենք, մենք սևամորթ չենք…»: Ասելու են. «հայրենասիրություն»:
Ոչ մի քարոզ չի անցնելու այլևս: Հատկապես վերջինը: Հայրենասիրության մասին քարոզն ուզում եմ հերքել Արևմտյան Հռոմեական կայսրության վերջին կայսր Ռոմուլուս Ավգուստուսից մի մեջբերմամբ: Նա ասել է. «Պետությունը, որն սկսում է ճնշել իր քաղաքացիներին, անվանում է իրեն Հայրենիք»:
Այդ Հայրենիք ասվածում մեր նորանկախ տարիներին հասունացել է ազատամիտ ու արժանապատիվ մի նոր սերունդ, որն իր խռովքն ու անհամաձայնությունը էլ չի տանելու լուռ:
Ես ենթադրում եմ, որ այդ սերունդն իր խոսքը կասի հենց այս փետրվարին: Ենթադրում եմ նաև, որ հանրությանն առաջնորդող նոր լիդերներ ի հայտ կգան:
Համենայնդեպս հրապարակախոսական դաշտում առկա են ազատամիտ, շնորհաշատ առնվազն մի տասնյակի հասնող գրողներ, ովքեր պայքարի վերջին մի քանի տարիներին վաստակել են քաղաքացիական անհնազանդության կոչ անելու լեգիտիմությունը և որոնք մի փոքր համարձակություն հանդես բերելու դեպքում կարող են առաջնորդել 2011 թվականի փետրվարյան հեղափոխությունը:
Իսկ նրանց` մեր նոր լիդերներին, ասեմ, որ պետք չէ վախենալ հեղափոխություն բառից, առավել ևս այն պարագայում, երբ հստակ է ձևակերպված դրա նպատակը: Նպատակը ծնվում է իրավիճակի հստակ գնահատականից: Գնահատական, ինչը գրագետ կերպով ձևակերպված է արդեն.
Ոստիկանական ու հարկային տեռոր
Ապօրինի ձերբակալություններ
Կեղծ դատավարություններ
Սահմանադրական նորմերի ու մարդկային արժանապատվության սիստեմատիկ ոտնահարում:
Վերոնշյալ բոլոր այդ կետերը առանց վարանելու, մի արտահայտությամբ, կարելի է որակել որպես պետական ահաբեկչություն:
Իսկ դրա դեմ պայքարն արդեն լուրջ հումանիտար և ինչ որ տեղ ազգայինից վեր կանգնող նպատակ է:
Վախի մթնոլորտի ձևավորման պատճառը մեկն է: Նախորդ տասնամյակում գռեհիկ, ամբարտավան, ցինիկ պահվածքը ամենաթողտվության պայմաններում դարձավ իշխող էլիտայի բարոյական նորմ:
Նրանք բանտ նստեցրին մարդկանց` անպատիժ, սպանեցին` անպատիժ, մարդկային ինքնասիրությունը ոտնահարեցին` անպատիժ ու անօրեն կերպով, և դա արեցին բացառապես փողոցային մեթոդներով:
Ժողովուրդ-իշխանություն երկխոսության քաղաքակիրթ ճանապարհները միակողմանիորեն փակվել է սափրագլուխներով իրենց շրջապատած իշխանավորների կողմից:
Պետությունն ուզուրպացրած մի փոքրիկ հանցախումբ իր կամքն է թելադրում մեծամասնությանը` ամենաքսու մեթոդներով:
Սա է նորանկախ Հայաստանում տիրող իրերի վիճակը: Ըստ ամենայնի, այդպիսին է եղել իրավիճակը նաև արաբական աշխարհում, ինչը նեկայումս հանգեցրեց արյունահեղ հեղափոխությունների:
Նման վիճակներ ծնել ու ծնում է իշխող էլիտան: Երբ փողոցային վարքն ու բարքը դառնում է վարչախմբի կենսակերպ, ապա հանրային հարաբերությունները սկսում են պարզվել փողոցում և կամա թե ակամա դաստիարակված շարքային մարդը ստիպված է լինում իշխող ռեժիմի հետ խոսել ու հարաբերություններ պարզել փողոցում:
Հարցերի հենց այդ փողոցային պարզաբանումն է, որ կոչվում է հեղափոխություն`կատարելիք մի քայլ, մի անհրաժեշտություն, որի առջև բառացիորեն կանգնած է հայ հանրությունը:
Ես ասացի սկզբից, որ պատմական ինչ- ինչ պահերի առանձին անհատների ճակատագրերը փոխկապակցվում են: Փաստորեն մենք կանգնած ենք հենց այդ պահի առաջ, երբ յուրաքանչյուր անհատի ճակատագիր փոխկապակցված է իր կողքինի հետ:
Կատարվեց, փաստորեն, «մեկ պլյուս մեկ» սինթեզը: Փաստն առկա է, մնում է կայանա դրա գիտակցումը: Ճակատագրերով փոխկապակցվածության այնքան պարզ թվացող գիտակցումը, ահավասիկ, ունի կայացման իր տևողությունը:
Մեկն այդ գիտակցմանը գալիս է արագ, մյուսը մի քիչ դանդաղ: Ես ենթադրում եմ, որ շուտով, շատ շուտով իրար հետ փոխկապակացվածության զգացումը կդառնա ավելի ընդգրկուն ու ամենամոտ ապագայում մի անգամ ևս հզորագույն կշառաչի բակունցյան խոսքը.
Խաղաղություն խրճիթներին, պատերազմ պալատներին:
08 փետրվարի 2011 թ.
Արամ Մաթևոսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել