HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ Արտգործնախարարությունն ու նախարարը խախտել են Սահմանադրությունը

Խտրականության ենթարկելով դիվանագիտական դպրոցի դիմորդին Ասում են՝ ըստ դեմոկրատական բոլոր պետությունների (կարծես թե նաև ՀՀ-ի) սահմանադրությունների՝ «յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք» (ՀՀ Սահմանադրության հոդված 39): Հետաքրքիր է, թե այդ պայմաններում ինչպես պատահեց, որ ՀՀ արտգործնախարարությունը մերժում է ընդունել չտեսնող ուսանողի դիմումը միջազգային հարաբերությունների և դիվանագիտության դպրոց` հաշմանդամության պատճառով: Այստեղ հարկ է հղում անել նաև ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածին. «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»: Արդյո՞ք ԱԳՆ կառավարման խորհրդի ու անձամբ նախարարի մերժման որոշումը չի խախտում Սահմանադրության միանգամից երկու հոդված: Սկզբում հավանաբար ենթադրելով, որ չտեսնողը շնչավոր անշարժ առարկա է ու ոչ բանական արարած՝ փաստարկեցին, որ միգուցե գրականություն կարդալու անկարողության պատճառով չեմ կարող ուսանել դիվանագիտական դպրոցում (Մի՞թե տեղյակ չեն, որ կա բրայլյան համակարգ, որը թույլ է տալիս չտեսնողներին շոշափելու միջոցով կարդալ, կամ որ կան ծրագրեր, որոնք բարձրաձայն կարդում են էլեկտրոնային գրքեր: Ի դեպ, զարգացած երկրների ուսումնական հաստատություններում այս երկու հնարավորությունն էլ տրվում է չտեսնող ուսանողներին): Հետո էլ նշեցին, որ միգուցե հաճախելիության անհնարինության պատճառով՝ հավանաբար կարծելով, որ տեսողության կորուստը ինքնաբերաբար հանգեցնում է քայլելու կամ տեղաշարժվելու հնարավորության կորստի (ի դեպ, շատ երկրներում ստեղծում են անհրաժեշտ պայմաններ, որ չտեսնողն ինքնուրույն տեղաշարժվի, կամ համալսարանները տրամադրում են ուղեկցող): Հարգելի ԱԳՆ թիմ, բոլորիդ հրավիրում եմ ա. հրապարակում զբոսանքի, բ. վազքի մրցույթի, գ. պախկվոցի խաղալու, դ. լեռնագնացության Ձեր իսկ ընտրած բարձունքը: Ընտրության հնարավորություն եմ տալիս. կարող եք ընտրել սրանցից յուրաքանչյուրը: Գրավիչ առաջարկ է. արդյունքում կառողջացնեք թե մկանները, թե մտքերն ու աշխարհայացքը: Վերադառնալով ԱԳՆ կառավարման խորհրդի՝ նույնիսկ դիմումս ընդունելու մերժման որոշման անօրինականությանը՝ նշեմ, որ ՀՀ կառավարության 2002 թ. փետրվարի 13-ի 121 որոշմամբ հաստատված, ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում նշված և ոչ մի հիվանդություն չունեմ: Խնդրեմ, կառավարության վերոնշյալ որոշումը: Այստեղ նշված տեսողական հիվանդությունները հետևյալներն են. 12. Չկոմպենսացված կամ ենթակոմպենսացված գլաուկոմա 13. Ցանցաթաղանթի դիuտրոֆիկ կամ դեգեներատիվ հիվանդություններ 14. Տրախոմա, պարատրախոմա 15. Տեսադաշտի նեղացում՝ լավ տեսնող աչքում ավելի քան 25 աստիճան ֆիքսման կետից բ) (որոնք ենթակա են բուժման կամ շտկման): Սրանցից և ոչ մեկին ես չեմ համապատասխանում: Արդյո՞ք այսքանից հետո իրավունք չունեմ ԱԳՆ կառավարման խորհրդի անդամներին ու անձնապես նախարարին մեղադրել նույնիսկ նախախորհրդային կարծրատիպերի պատճառով ՀՀ մի շարք օրենքներ ու մարդու հիմնային իրավունք խախտելու և անհատի արժանապատվությունը վիրավորելու մեջ: Եթե ոմանք չեն պատկերացնում չտեսնող դիվանագետ, ապա մատնացույց կանեմ բոլորիդ կողմից հավերժ թմբկահարվող ամերիկյան օրինակը: Հուսով եմ՝ շատերն են հասկանում, թե ինչ իմիջային առավելություն կտար չտեսնող դիվանագետի առկայության փաստը ՀՀ միջազգային հեղինակությանը: Այդպիսի հանգամանքը կարող էր որպես դրոշակ օգտագործվել ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ու այլևայլ հիմքերով խտրականության բացակայության իրական ու ոչ դեկլարատիվ լինելու տեսանկյունից: Այնուամենայնիվ, եթե ոմանք էլի չեն պատկերացնում չտեսնող դիվանագետ, ապա գոնե պետք է հասկանան, որ ես դիմել էի ոչ թե դիվանագիտական աստիճան ստանալու, այլ միայն ու միայն միջազգային հարաբերությունների ու դիվանագիտական կրթություն ստանալու համար: Դպրոց իմ ընդունվելու և ավարտելու պարագայում ԱԳՆ-ը կարող էր ինձ չտալ դիվանագիտական աստիճան. չէ՞ որ դիվանագիտական դպրոցի կրթությունը պարտադիր կերպով չի նշանակում դիվանագիտական աստիճանի տրամադրում, քանի որ, եթե չեմ սխալվում, 25 շրջանավարտից միայն 15-ին է տրվում այդ հնարավորությունը: Վերջում ԱԳՆ թիմին (առաջադեմ նախարարի գլխավորությամբ) կոչ կանեի, որ եթե նույնիսկ չեն ընդունում դիմումս, ապա գոնե փորձեն իրենցից թոթափել ոչ իրական ու վիրավորական կարծրատիպերը ու չշարժվել գայլային օրենքներով՝ տեղ չտալով հիվանդ/հաշմանդամներին: Վերջիվերջո, հենց հանրապետության ղեկավարությունը պետք է դրական օրինակ ծառայի հասարակության համար, նոր դրանից հետո փորձի ճառել վերամբարձ ու վարագույրային «իրականության» մասին: Սիրելի լրագրողներ, Ձեզ էլ կոչ կանեի այս ամոթանքի մասին գրել՝ աջակցելով գոնե շատերի մեջ կոտրելու նմանատիպ կարծրատիպերը: Արտակ Բեգլարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter