Ենթարկել է վրաերթի, հետո խեղդել, այնուհետեւ դիակն այրել
Լուսանկարում հայր ու որդի Պատվական եւ Սերյոժա Հովակիմյաններն են: Քիչ առաջ իրավապահները նրանց տեղափոխել են Ավան, Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Նրանք ձերբակալվել են հունվարի 27-ին` անհայտ կորած 60-ամյա Մարո Ասլանյանին սպանելու կասկածանքով:
Հունվարի 26-ին 34-ամյա Արմինե Ասլանյանը դիմել է ոստիկանության Նոր Նորքի բաժին եւ հայտնել, որ իր մայրը նույն օրը տանից դուրս է եկել եւ չի վերադարձել: Անմիջապես հարուցվել է քրեական գործ` «Սպանության» հատկանիշներով: Իսկ արդեն հաջորդ օրը ոստիկանները բերման են ենթարկել 78-ամյա Պատվական Հովակիմյանին:
Վերջինս խոստովանել է, որ նախորդ օրն իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Արտաշատ ճանապարհին` Շահումյան գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել Մարո Ասլանյանին, ապա կնոջը նստեցրել է իր ավտոմեքենան եւ համոզել, որ չբողոքի: Սակայն կինը փորձել է բջջային հեռախոսով զանգահարել ոստիկանություն եւ «1-03» ծառայություն: Պատվական Հովակիմյանն էլ բռնել է նրա վզից եւ խեղդել, իսկ երբ համոզվել է, որ վրաերթի ենթարկված կինն այլեւս չի շնչում, նրան տեղափոխել է Արարատի մարզի Տափերական գյուղին հարակից տարածք եւ այրել: Այս ամենից հետո Պատվական Հովակիմյանը վերադարձել է տուն եւ կատարվածի մասին պատմել 43-ամյա որդուն` Սերյոժա Հովակիմյանին:
Պատվական Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել սպանության, իսկ նրա որդուն` հանցագործությունը թաքցնելու համար:
Լուսանկարները եւ տեղեկությունը` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել