HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը նախատեսում է ներկրել 1000 տոննա գարու սերմացու

Մարզպետների մասնակցությամբ այսօր ՀՀ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց ՀՀ գյուղացիական տնտեսություններին տրամադրվելիք պետական աջակցության ծրագիրը: Գարնանացանի արդյունավետ կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է ներկրել 1000  տոննա գարու սերմացու եւ այն տրամադրել գյուղացիական տնտեսություններին` պայմանով, որ վերջիններս  կպարտավորվեն իրենց հողատարածքներում գարի ցանել եւ հաջորդ տարի  ստացած սերմացուի չափով վերադարձնել: ՀՀ վարչապետը նշեց, որ մարզպետներից ակնկալվում է աջակցություն`  համապատասխան տնտեսությունների ցանկը ճշգրտելու, ըստ մարզերի գարու պահանջարկը ներկայացնելու հարցերում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկա օրերին մարզպետերաններն այդ տեղեկությունները կներկայացնեն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, որտեղ կամփոփվեն բոլոր տվյալները եւ կներկայացվեն ՀՀ կառավարություն: Այնուհետեւ «MVV-decon GmbH» (որը «Շիրակ ջրմուղկոյուղի», «Լոռի ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք ջրմուղկոյուղի»՚ ՓԲ ընկերությունների կառավարիչն է)  եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունների ղեկավարները ներկայացրին 2010 թ. հաշվետվություններն ու այս տարվա անելիքները: Հաշվետվություններին հնարավոր է ծանոթանալ ՏԿՆ կայքում (www.mta.gov.am): Մարզպետները ներկայացրին որոշ համայնքներում ջրամատակարարման հետ կապված խնդիրները, անդրադարձ եղավ նաեւ ընկերությունների սպասարկման տարածքից դուրս գտնվող համայքների ջրամատակարարման հարցերին: ՀՀ փոխվարչապետ, տարծքային կառավարման նախարար Արմեն Գեւրոգյանը ՙՀայջրմուղկոյուղի՚ ընկերության ղեկավարությանն առաջարկեց առաջիկայում մարզեր այցելության ժամանակացույց կազմել` տեղերում խնդիրները բացահայտելու, քննարկելու եւ եղած ծրագրերի շրջանակում լուծումներ գտնելու համար: Առաջարկվեց, որ քննարկումներին մասնակցեն նաեւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչները: Չվճարումների մեծ ցուցանիշ ունեցող համայնքների վերաբերյալ փոխվարչապետը մարզպետներին առաջարկեց աջակցել, որպեսզի խնդիրները լուծվեն ոչ թե դատական ճանապարհով, այլ ընկերության հետ փոխադարձ պայմանավորվածությամբ` պարտքերը մարելու պայմանագիր եւ ժամանակացույց հաստատելու միջոցով: Փոխվարչապետը նաեւ հույս հայտնեց, որ ընկերությունները կկարողանան ապահովել 2011թ. պլանավորած ցուցանիշները: Խորհրդակցության ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ս. Ավետիսյանը ներկայացրեց Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված փոփոխությունները: Ըստ նախատեսվող փոփոխությունների` մարզպետարանների, ԳԱՄԿ-երի, գյուղացիական տնտեսությունների, վերամշակող ընկերությունների, բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ պետք է ստեղծվի խորհրդատվական խորհուրդ, որը հաստատելու է ԳԱՄԿ-ի տարեկան միջոցառումների ծրագիրը եւ լսելու է հաշվետվությունը: Առաջարկվում է գյուղական խորհրդատուի փոխարեն մարզի յուրաքանչյուր տարածաշրջանում ունենալ համակարգող խորհրդատու, որը ԳԱՄԿ-ի մարզային մասնագետների հետ միասին կբացահայտի տվյալ տարածաշրջանի խորհրդատվական կարիքները, դրանց հիման վրա կկազմի տարեկան ծրագիրը եւ կապահովի դրա իրականացումը: Ա. Գեւորգյանն առաջարկեց փոփոխությունների նախագիծը մշակելիս  հաշվի առնել մարզպետների կարծիքներն ու դիտարկումները, ինչպես նաեւ կարեւորեց մարզպետարանների եւ ԳԱՄԿ-երի միջեւ սերտ գործակցության մեխանիզմների ստեղծումը, ինչը կնպաստի առկա խնդիրների արդյունավետ լուծմանը: Անդրադարձ եղավ նաեւ ՀՀ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 10 մլրդ դրամի հատկացման մասին կառավարության որոշմանը: Փոխվարչապետը նշեց, որ մարզերում իրականացվելիք նախագծերի արժեքը պետք է համապատասխանի հատկացված գումարին: Նախատեսված աշխատանքները պետք է կատարվեն այս տարվա ընթացքում, ուստի առաջարկվեց ժամանակ չկորցնելու համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումն իրականացնել մեկ աղբյուրի սկզբունքով: Նախագծերը պատրաստելուց հետո մարզպետները պետք է նաեւ առաջարկություններ ներկայացնեն մրցութային փաթեթների կազմման վերաբերյալ: Այս ծրագրով նախատեսված աշխատանքները լինելու են ՀՀ տարածքային կառավարման նախարարության անմիջական վերահսկողության ներքո, եւ փոխվարչապետը պահանջեց աշխատանքներն իրականացնել կազմակերպված, պատշաճ որակով եւ  նախանշված ժամկետներում: Մարզպետներին ներկայացվեցին նաեւ 2011թ. առաջին ամսվա ընթացքում   համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը հրավիրեց հատկապես հողի հարկի հավաքագրումների վրա` հորդորելով տարեսկզբից ուշադրություն դարձնել  2011թ. պլանավորած եկամուտների մակարդակի ապահովմանը: Հանձնարարվեց նաեւ մեկամսյա ժամկետում կատարել համայնքների 2011 թ. բյուջեների հաշվարկային ցուցանիշների համեմատական վերլուծությունը 2010թ. ցուցանիշների նկատմամբ: Խորհրդակցությանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի, ոստիկանության եւ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելու նպատակով ընտանիքների փաստագրման գործընթացում ի հայտ եկած խնդիրները: Նշվեց, որ կառավարության որոշմամբ երկարաձգվել են հունվար եւ փետրվար ամիսների փաստագրման ժամկետները, համապատասխանաբար, մինչեւ փետրվարի 11-ը եւ մարտի 11-ը: Ուստի փոխվարչապետը ներկաներին առաջարկեց առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքները` հնարավոր շահառուներին համակարգում ներառելու համար: Նա մարզպետներին հանձնարարեց նշված հարցերը պահել իրենց ամենօրյա ուշադրույթան կենտրոնում եւ պետական մարմինների հետ համագործակցությամբ շտկել ի հայտ եկող թերությունները: Անդրադարձ եղավ նաեւ 2011թ. հոկտեմբերին համապետական մարդահամարի նախապատրաստական աշխատանքներին: Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստ. Մնացականյանը տեղեկացրեց, որ բոլոր մարզերում արդեն փոխմարզպետների գլխավորությամբ ստեղծվել են համապատասխան  աշխատանքային խմբերը, որոնցում ներգրավված են նաեւ ԱՎԾ մասնագետները: Այս մասին տեղեկացնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter