HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բեգլարյանի պատասխանը ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանին

Երեկ «Հետքը» հրապարակել էր Արտակ Բեգլարյանի նամակը, որում վերջինս գրում էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և նախարարը խախտել են իր` կույր քաղաքացու իրավունքները, քանի որ մերժել են միջազգային հարաբերությունների և դիվանագիտության դպրոց ընդունվելու համար իր ներկայացրած դիմումն իսկ: Քիչ անց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել էր Արտակ Բեգլարյանի հրապարակմանը` նշելով, որ այդ հրապարակումը՝ մարդկայնորեն որքան էլ հասկանալի և հուզիչ, տեղիք է տվել տարաբնույթ մեկնաբանությունների: Ստորև ներկայացնում ենք Արտակ Բեգլարյանի պատասխանը ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանին: «Հարգելի Պարոն Բալայանը խոսում է հրապարակման մարդկայնորեն հուզիչ ասպեկտի մասին, այնինչ ես երբեք չեմ էլ ակնկալում խղճահարություն ստեղծելու միջոցով ճանապարհ հարթել իմ կրթության ու կյանքի ընթացքի համար: Տվյալ պարագայում ավելորդ է հուզվել: Դրա փոխարեն պետք է մտածել, թե ինչո՞ւ է խախտվել օրենքը, և ով է պատասխանատու դրա համար: ԱԳՆ կառավարման խորհրդի իրավական որոշումը ընդունվել է` առանց որևէ օրինական հիմնավորման: Դիվանագիտական դպրոց դիմելու գործընթացը կարգավորող որոշումը ՀՀ կառավարության 2002 թ. փետրվարի 13-ի 121 որոշումն է, որում ամրագրված սահմանափակումներից և ոչ մեկը չի համապատասխանում ինձ: Ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկի մեջ նշված են աչքի վարակիչ հիվանդություններ և տեսողության շեղում. դրանցից և ոչ մեկով ես հիվանդ չեմ: Այսպիսով, այդ օրենքին հղում անել ԱԳՆ-ը չի կարող ու չի էլ արել: «Իրականությունը հետևյալն է. ԱԳՆ նորաստեղծ դիվանագիտական դպրոցում չկան տեխնիկական հնարավորություններ՝ հավասար պայմաններ ապահովելու սահմանափակ կարողություններով քաղաքացիների ոչ միայն կրթության, այլև ընդունելության և ավարտական գրավոր քննությունների համար»: Հետաքրքիր է, ԱԳՆ-ում հստակորեն տեղյա՞կ են, թե ինձ համար ինչ անհրաժեշտ պայմաններ են պետք քննություն տալու և դասընթացներին մասնակցելու համար: Առանց ինձնից հարցնելու, թե ինչի կարիք հնարավոր է ունենամ քննության ժամանակ` նրանք ինչպե՞ս որոշեցին, որ հնարավոր չէ անհրաժեշտ պայմանները ստեղծել: Ի գիտություն ԱԳՆ-ի՝ ինձ անհրաժեշտ էր լինելու միայն մեկ համակարգիչ (եթե իհարկե չուզենային բանավոր կամ բրայլյան համակարգով վերցնել քննությունները», ընդ որում` ես պատրաստ էի իմ դյուրաշարժ համակարգիչը տանել: Սա քննությունների հանձնման արդեն փորձված միջոց է ինձ համար: Վերջիվերջո, իրենց պատկերացրած պայմանների բացակայությունը թույլ չի տալիս իրենց միակողմանիորեն մերժել ընդունել դիմումս: Քանի դեռ ես պատրաստ էի նույնիսկ սուղ պայմաններում ուսանել, ապա նրանք պարտավոր էին գոնե դիմումս ընդունել: Մի մոռացեք, որ իմ նախորդ կրթությունն էլ եմ ստացել սովորական պայմաններում ու չեմ բողոքել դրանից: Այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում, բոլոր չտեսնողները պետք է նստեն տանը՝ սպասելով մի գեղեցիկ օր այդ հրաշալի պայմանների ստեղծմանը: «Հարկ է հաշվի առնել նաև, որ դիվանագիտական դպրոցը դասական կրթօջախ չէ՝ բառի ակադեմիական իմաստով, այլ պրակտիկ մասնագիտացված հաստատություն, որի նպատակն է ԱԳՆ կադրերի՝ դիվանագետների պատրաստումը, իսկ դիվանագիտական ծառայությունն իր բնույթով, ինչպես զինվորական ծառայությունը, ունի որոշակի սահմանափակումներ»: Այո, սովորական կրթօջախ չէ ու ունի սահմանափակումներ: Բոլորս էլ գիտենք, որ նմանատիպ սահմանափակումները սահմանվում են իրավական նորմերով: Այն, որ իմ կարգավիճակը և առողջական վիճակը չեն մտնում վերոնշյալ որոշմամբ հաստատված սահմանափակումների մեջ, ինձ թույլ է տալիս պնդելու, որ իմ իրավունքները խախտվել են` առանց որևէ իրավական հիմքի: Ի հավելում ասեմ, որ իմ տեղեկություններով` դիվանագիտական դպրոցում այնպիսի հատուկ վարժություններ ու սեմինարներ չկան, որոնք անհասանելի կլինեն իմ կուրության պայմաններում: «Մարդկայնորեն խորապես հասկանալի հույզերի հաշվին շահարկումներն արդարացված չեն»: Ոչ այդքան անհրաժեշտ պայմանների բացակայության հիմնավորմամբ օրենքի ու քաղաքացու հիմնարար իրավունքների ոտնահարումը արդարացված չէ: Եկեք տարբերակենք միջազգային հարաբերությունների ու դիվանագիտական կրթությունը դիվանագիտական ծառայությունից: Ես պահանջում եմ կրթության իրավունքիս նկատմամբ հարգանք և դրա իրացում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter