Արցախում փորձում են կանխել հացի գնաճը
Երեկ երեկոյան ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը կառավարությունում հանդիպել է հանրապետության հաց և ալյուր արտադրող ընկերությունների ղեկավարների հետ և քննարկել հացի շուկայում ստեղծված իրավիճակը: Վարչապետը ընդգծել է, որ ինչպես ազգաբնակչությանը, նույնպես և իշխանություններին մտահոգում է հացամթերքների թանկացումը, որը պետք է կանխվի ունեցած հնարավորություններով և փոխհամաձայնեցված գործողություններով:
Ա.Հարությունյանը ներկաներին իրազեկեց, որ ԼՂՀ նախագահի կողմից կա հատուկ հանձնարարական` փետրվարի 9-ից վերադառնալ հացի նախկին գներին, թույլ չտալ գնաճ, ինչի համար պետությունը կանի համարժեք քայլեր` աջակցելով տնտեսվարողներին, որպեսզի նրանք չկրեն կորուստներ: Մասնավորապես, խոսվեց այն մասին, որ համապատասխան հաշվարկներից հետո առաջիկա ամիսների համար կսահմանվի ալյուրի առավելագույն գին, ինչի շնորհիվ կզսպվի հացամթերքների գնաճը: Վարչապետ Ա. Հարությունյանը հայտարարեց, որ մինչև այս տարվա հացահատիկի բերքահավաքը կարգելվի ցորենի արտահանումը Արցախից: Կառավարության ղեկավարը գյուղնախարարին հանձնարարեց հաշվառել հանրապետությունում առկա ցորենի պաշարները, որ պետք է օգտագործվեն ներքին շուկայի պահանջները բավարարելու համար:
Ա.Հարությունյանը ներկաներին զգուշացրեց, որ պետությունը խիստ հսկողություն կսահմանի հացարտադրության ոլորտում, հետամուտ կլինեն ոչ միայն գնաճի կանխման, այլև հացամթերքների քանակական ու որակական ցուցանիշների պահպանման նպատակին:
Լսելով հանդիպմանը ներկա գործարարների կարծիքները` վարչապետը հավաստիացրել է, որ ալյուրի գնի պահպանման համար պետությունը կունենա իր անմիջական ներդրումը և ֆինանսական, և կազմակերպական առումներով: Նրանք, ովքեր չեն առաջնորդվի առաջարկվող կանոններով, դուրս կմնան պետական ամենայն աջակցությունից` հայտարարել է վարչապետը և հավելել. «Միանշանակ հացի գինը չպետք է բարձրանա»:
Հացարտադրողները պատրաստակամություն են հայտնել ընդառաջ գնալ կառավարության քայլերին: Չի բացառվում, որ մոտ ապագայում վերահսկողական միջոցներ ձեռնարկվեն նաև սննդամթերքի որոշ այլ տեսակների շուկան կարգավորելու նպատակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել