«Կարա՞ս ասես` մեքենան երբ ա փչանում, նույնն էլ մարդն ա»
Զորամասի փոխհրամանատարը զինվորի սպանության առթիվ
Գևորգ Կոտինյանը պարտադիր զինվորական ծառայությունն անցնում էր ԼՂ Հադրութի շրջանի Արալեռ բնակավայրի հրետանային զորամասում: Ղեկավարման դասակի վարորդ էր:
Գևորգի սպանության օրը գլխավոր հրամանատարությունը բացակայել է զորամասից: Անձամբ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Նորայր Խաչիյանը «հանգստյան տանն» է եղել, նույնպես և զորամասի հետախուզության պետ մայոր Նորայր Բարսեղյանը: Նրանք զորամաս են վերադարձել դեպքից 2 ժամ անց, երբ իրավապահներն արդեն իրենց գործն էին անում:
Զինվորի մահվան հարցում փոխգնդապետ Նորայր Խաչիյանը ընդունում է նաև իր մեղքը: Չի ժխտում, որ նաև իր թերացումն է, որ զորամասում կարգապահությունը թուլացել է. «Դե երևի դա էլ ա էլի մի մինուս, մի բան բաց ա էղել էլի»,-ասում է Նորայր Խաչիյանը:
Բայց զինվորի սպանության հարցում պատասխանատվությունը դնում է հերթապահ սպաների և ստորաբաժանման հրամանատարի վրա: Խուսափում է անուններ տալ, իր ասելով, ելնելով նախաքննության շահերից:
«Չեմ կարա ասեմ` ով ա էղել, ինչ ա էղել, էդ կապ չունի, բայց տվյալ ստորաբաժանումում եղել ա հրամանատար, պատասխանատու անձ. պատիժը միանշանակ կրելու ա: Չեմ կարող հիմա ասել` ով ինչ պատիժ ա կրելու: Դա որոշելու ա մեր վերադասը` Պաշտպանության բանակի հրամանատարը»:
Դեպքի վերաբերյալ փոխգնդապետը պատմում է. «Կոտինյանը գնացել ա փեջից պապիրոս կպցրել, մյուս զինծառայողը տեսել ա, ասել ա` չգիտես, որ ըստեղ չեն ծխում, ասել ա` դու ով ես, արա, մարա և այլն, միջանձնային հարաբերություն ա ստեղծվել»:
Այն մասին, որ զինծառայողները հարբած խնջույք անելիս են եղել, փոխգնդապետը լռում է: Դրա վերաբերյալ տրված հարցին էլ միանշանակ պատասխանում է, որ ծառայության ընթացքում ոգելից խմիչքի օգտագործումը արգելված է, և այդ ուղղությամբ խիստ ստուգումներ են տարվում:
Փոխգնդապետ Նորայր Խաչիյանը, ով ներկա է եղել զինվորի դիակի նախնական զննությանն ու դիահերձմանը, ասում է, թե մարմնի վրա ոչ մի արտաքին նշան չի տեսել (այնինչ հարազատները բռնության հետքեր են նկարագրում):
«Սաղ ներսից ա էղել. դրսից ոչ մի բան, իսկ ներսից արյունահոսություն»,-ասում է փոխգնդապետը:
Մայոր Նորայր Բարսեղյանն էլ կարծում է, որ «մեղավոր կողմը» դեռ չի պարզվել. «Դե հիմա երիտասարդ երեխեք են, մեկը մի բան ա ասում, կապ չունի` նա խելոք ա, նա չար ա: Ցանկացածիս հետ էլ հնարավոր ա»,-ասում է:
Ավելին` բանակում զինվորի սպանությունը մայորը սովորական մահվան դեպք է համարում. «Բանակում ա կատարվել, մի քիչ ուրիշ ձև ա նայվում: Բայց էս պահի դրությամբ, ես Վանաձորից եմ, գիտեմ, որ քաղաքում էլ ա շատ էդձև դեպքեր լինում. էս ինչ մարդուն սպանեցին, էս ինչ մարդը մահացավ: Ուղղակի բանակում ա, ուրիշ ձև եք նայում»:
Հրամանատարության տվյալներով` հետաքննությունը դեռ պարզում է սպանության մասնակիցների թիվը: Նախնական կասկածյալները 4-ն են: Այս պահին ձերբակալված է 1 սպա, 4 զինվոր:
Հարցին` ինչպես կվարվեր Նորայր Խաչիյանը, եթե բանակից սպանված տուն բերեին իր որդուն, փոխգնդապետը պատասխանեց. «Ներկա պահին չեմ կարա ասեմ: Ով որ սպանել ա, գնամ ես էլ իրան սպանե՞մ: Ինչ ա դրանով լուծվում: Էդ մարդը արդեն չկա»:
«Որոշ մարդիկ պետք ա գիտակցաբար մոտենան… Էդ անասնական բնազդը` ընտանիքի հանդեպ ինչ-որ ոտնձգություններ անեն և այլն, հաղթահարեն: Հա, վիշտը մեծ ա, բայց օրենքով սահմանված պատիժներ կան»,-նրան լրացրեց մայորը:
Իսկ առհասարակ, փոխգնդապետը հետևյալ համոզմունքն ունի. «Մեքենան որ գնում ա, կարա՞ք ասեք` երբ ա փչանալու: Նույնն էլ մարդն ա էլի: Ինչ իմանաս` ինչ ա գլխին խփել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել