Դիվերսիա հայ ազգի դեմ
Հայկական հեռուստատեսության վիճակն «անհույս» են ախտորոշում ոչ միայն ամեն ինչին «սև ակնոցով» նայող ընդդիմությունն ու ամեն ինչից դժգոհ փնթփնթանները, այլև իշխանությանը ամեն առիթով ու անառիթ սեր խոստովանողները: Այն, ինչ այսօր կատարվում է հեռուստատեսությունում, կարելի է բնութագրել մի կերպ` բարոյական, հոգեբանական և մշակութային դիվերսիա հայ ազգի դեմ: Եվ զարմանալի է, թե ինչո՞ւ Թուրքիայի կառավարությունը շքանշաններով չի պարգևատրում հայ հեռուստագործիչներին:
Հայկական հեռուստատեսության բարոյազրկման ամենավերջին դրսևորումը կարելի է համարել «Արմենիա» հեռուստաընկերության «Ճիշտ, թե սուտ» հեռուստաշոուն, որն ընդամենը ռուսական հեռուստաալիքներով հեռարձակված հաղորդումների անհաջող և անճաշակ կրկնօրինակն է:
Հայկական հեռուստատեսության ավելի մեծ անկում, ինչպես նաև անբարոյականության բացեիբաց քարոզի ավելի ցայտուն դրսևորում բարդ է պատկերացնել:
Ընկնելով ամեն գնով սկանդալային շոու ստեղծելու հիվանդագին մոլուցքի ետևից` «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությունն, ըստ ամենայնի, մոռացել է, որ սկանդալն ինքնանպատակ չպետք է լինի, հակառակն` այն պետք է նպաստի որոշակի խնդիրների լուծմանը, այլ ոչ թե նոր խնդիրներ ստեղծի:
Զարմանք է առաջացնում այս խայտառակ նախագծին հայկական հեռուստատեսության ամենատաղանդավոր դեմքերից մեկի` Ավետ Բարսեղյանի` հանուն շահի մասնակցելը:
Կարծում ենք, որ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությունը կանի համապատասխան հետևություններ:
Ազատ լրագրողներ` Արամ Հովհաննիսյան, Ծովինար Հովսեփյան, Արաքս Կարապետյան, Նունե Ազատյան, Մանե Արմենակյան, Սարգիս Հովհաննիսյան, Սահինե Ասլանյան
10.02.2011թ.
Երևան
E-mail: [email protected]
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել