Կոզեռն թաղամասի բնակիչները դիմում են Սերժ Սարգսյանին
ՀՀ Նախագահ` Սերժ Սարգսյանին
Երբ Երևանի Կոզեռն թաղամասն ընդգրկվեց հասարակության և պետության կարիքների համար օտարվող տարածքների ցուցակում, բնակիչների մոտ հարցական մնաց «բացառիկ գերակա հանրային շահ»-ի ձևակերպումը, այն դեպքում, երբ ձեռք բերողի կողմից իրականացվում էր ընդամենը բիզնես ծրագիր:
«ԼՈԿԱԼ ԴԻՎԵԼՈՓԸՐԶ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Մայրապետյանի գործընթացի վաղեմությունը կորցրած գրություն-առաջարկը, որը թվագրված էր 2010թ դեկտեմբերի 30-ով և բաժանվել էր բնակչությանը 2011թ տոներից հետո, չէր ապահովում իրավական ակտերի 61-րդ հոդվածի 1-ին կետը, որում ասվում է. «Եթե քաղաքացիների վերաբերյալ կայացվում է որոշում, այն 3- օրյա ժամկետում գրավոր պատշաճ կարգով պետք է տեղեկացվի:
Հակառակ դեպքում այն անվավեր է»: Ինչ վերաբերում է առաջարկին և կից ներկայացված պայմանագրի նախագծին, այն չէր ապահովում «հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին օրենք»-ի պահանջներին:
Օտարվող գույքի համար օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի անտեսումով` միակողմանի, բոլորիս համար անհայտ «ԱՐԱՔՍ 80» ՍՊԸ-ի կողմից սահմանված գնով ներկայացված էր ավելի շուտ ոչ թե առաջարկ, այլ պահանջ-ուլտիմատում, որի շարադրանքը չէր համապատասխանում օրենքի մյուս կետերին նույնպես: Պայմանագրի նախագծում անգամ չէր խոսվում պետության կողմից երաշխավորի առկայության մասին:
Երբ բացատրության պահանջով դիմեցինք կառավարությանը, պատասխանը եղավ լրատվամիջոցներին տրված պրն.Մայրապետյանի հարցազրույցը, որտեղ բոլոր նրանց, ովքեր նախագահի կողմից մի քանի տասնյակ տարիների տնօրինած գույքի և հողակտորի համար ստացել էին սեփականության իրավունք, համարեց «քստիկավորներ» և ըստ իրեն և իր շահից, դիրքերից ելնող տրամաբանությամբ հայտարարեց. «Քանի որ քստիկավորները ստացածի համար չեն վճարել, ես նույնպես չեմ պատրաստվում վճարել դրա դիմաց»:
Հարգելի պրն. Նախագահ, թաղի բնակչության խնդիրները կարևորելով` թաղամասում մեզ հետ հանդիպելիս ստեղծվեց մի նոր իրավիճակ, որը խոսում էր փոխադարձ հարգանքից ու վստահությունից:
Եվ մեր մտքով չէր կարող անցնել, որ անտեսելով օրենքը գնորդը իր կամքը կարող է թելադրել վաճառողին` հիմք ընդունելով իր իսկ սուբյեկտիվ ձևակերպումները:
Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ թաղի բնակչությունը վրդովված և վիրավորված այդ արտահայտությունից, սպասում է Ձեր և կառավարության կողմից ադեկվատ պատասխան Սամվել Մայրապետյանին:
Ժողովուրդն իր քվեն տվել է Ձեզ և Ձեր կուսակցությանը: Ստեղծված ներկա իրավիճակում ժողովրդին առաջնահերթ հետաքրքրքրում է իր նկատմամբ նման թողտվությունների դեմ պայքարն ու գնահատականը:
Մենք մեզ համար ուզում ենք պարզել ո՞վ է նրան իրավունք տվել նման ածականներով վիրավորել ժողովրդին: Չէ՞ որ չենք չափազանցնի, եթե ասենք, որ սեփականության այդ իրավունքով հայ ժողովրդի համարյա կեսը ստացել է իր ուշացած սեփականության իրավունքը: Ասում ենք Զ«ուշացած», որովհետև անկախության հռչակումից հետո առաջին իսկ գործը պետք է լիներ ժողովրդի ունեցածի սեփականության իրավունքի ֆիքսումը` այսինքն յուրաքանչյուր քաղաքացու անկախությունը:
Չէ՞ որ Հայաստանը հայերի հայրենիքն է և ամեն մի հայ իրավունք ունի իր հայրենիքում սեփականություն ունենալու, առավելևս երբ ինքը այդ գույքը տնօրինել է մի քանի տասնյակ տարիներ, սակայն իրականացվեց 20 տարի անց:
Ի դեպ մինչև օրս կան բնակիչներ, որոնք դեռ սեփականաշնորհման գործընթացի քաշքշուկների մեջ են: Եվ վերջապես, եթե երկրի նախագահը գույքը և հողը սեփականացրել է ի օգուտ իր ժողովրդի, չի նշանակում, որ պետք է բոլորը միանան ու նվիրեն այն Սամվել Մայրապետյանին:
Մենք և մեր ծնողները պատահաբար չենք հայտնվել Կոզեռնում. մենք քաջ գիտակցում ենք մեր թաղամասի եզակի դիրքն ու արժեքը և պատկերացնում ձեռք բերողի սպասվելիք եկամուտների չափը: Մեր տները մեր դղյակներն են և մեր ունեցածին մենք տեր ենք:
Մեր թաղի յուրաքանչյուր ընտանիք իր սեփական աշխատանքով կարող է բարելավել իր բնակպայմանները:
Եթե կառուցապատման ծրագիրը բոլորի համար չի ապահովում ավելի բարեկեցիկ արժանապատիվ ապրելակերպ, ապա գերշահույթ ստանալու համար Կոզեռնը այնքան էլ հարմար չէ:
Թաղի բնակչությունը` դիմելով Ձեզ, խնդրում է մեզ զերծ պահել Ս.Մայրապետյանի հետ գործարքից, քանի որ ըստ օրենքի նա սպառել է իր ժամկետները և ընդանրապես հանրային շահին ենթադրյալ օրենքով սահմանված ժամկետները նույնպես:
Ինչ վերավերում է թաղամասի բարենորոգմանը, մենք դեմ չենք. եթե կլինեն բարեխիղճ ձեռք բերողներ և մեզ հետ գործարքի կգան հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին օրենքով և նրա տարրին համապատասխան կիրականացնեն գործընթացները, մենք միայն կողջունենք այդպիսիններին:
Հակառակ դեպքում մենք` կոզեռնցիներս, առաջիկա ընտրություններին կգտնվենք չկողմոնոշված իրավիճակում և չենք իմանա ինչպես մասնակցել ընտրություններին և ում տալ մեր ձայնը:
Որովհետև նման իրավիճակներում որոշ մարդիկ դառնալով դրության տեր օգտվելով առիթից անտեսում են օրենքը և քամահրանքով են վերաբերվում ժողովրդին:
Իրացվող տարածքների բնակչության հանդեպ նման վերաբերմունքը ակամա ապակառուցողական իրավիճակի նախապայման է, որը չի կարող խոսել մեր պետության ու ժողովրդի շահերից: Մեկ մարդու շահը վեր չէ պետության ու ժողովրդի շահերից:
Կից ներկայացված են թաղի բնակիչների ստորագրությունները:
Կոզեռն թաղամասի բնակիչներ:
Հ.Գ. Երբ կազմվում էր այս նամակը Կոզեռնի բնակիչները Երևանի քաղաքապետարանի ԾԻԳ-ի կողմից տեղեկացան տարածքի ձեռքբերողի կողմից վերջին առաջարկին, որը խոսում էր սեփականատիրոջ անշարժ գույքի դիմաց բնակմակերեսով փոխհատուցելու մասին:
Եվ քանի որ քաղաքացու փոխհատուցումը ըստ օրենքի պետք է ապահովեր անշարժ գույքի և հողատարածքի շուկայական առավել հավանական գնին գումարած այդ գնի 15 տոկոս հավելյալ գումարի հանրագումարը, որպիսին տեղ չէր գտել առաջարկում, չէր համապատասխանում օրենքին, որը կրկին ընդունելի չեղավ բնակչության կողմից:
Նամակի պատճեները ուղարկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին, ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ Կառավարությանը , Երևանի քաղաքապետարանին, ՀՀ պետական Կադաստրին, ՀՀ Սահմանադրական Դատարանին, Երևանի քաղաքապետարանի ԾԻԳ-ին և մի շարք լրատվական միջոցներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել