
Հայաստանում ԱՄՆ դեսպանի նախկին պաշտոնակատար Ժոզեֆ Փենինգտոնը 2008-ի ապրիլի 29-ին Վաշինգտոն է ուղարկել մի զեկուցագիր, որում մասնավորապես արձանագրված է. «Նա (Փենինգտոնի զրուցակիցը,- խմբ.) կանխատեսել է խորը քաղաքական եւ տնտեսական ճգնաժամ այս տարվա վերջին, ինչպես նաեւ արտահայտել է իր համոզմունքները, ըստ որոնց, Սերժ Սարգսյանը միայն դատարկ «ժեստեր» է անում` երկրի բնակչության եւ միջազգային հանրության շահերին համապատասխանող բարեփոխումներ իրականացնելու փոխարեն: Նա հայտարարեց, որ իշխանության կուլիսներում Սերժ սարգսյանը զբաղվում է իշխանության կենտրոնացմամբ, բարեփոխիչներին հեռացնելով` իշխանության է բերում քրեական աշխարհի ներկայացուցիչներին»:
Այս գնահատականների հեղինակը ոչ ավել, ոչ պակաս` ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Դավիթ Ավետիսյանն է, որը դեսպանի պաշտոնակատարի հետ զրուցելիս դեռեւս պաշտոնավարելիս է եղել:
Փենինգտոնի զեկույցը երեկ հրապարակված Wikileaks-ի հերթական փաստաթուղթն է: Ավետիսյանը դեսպանին տեղեկացրել է նաեւ, որ իրենց զրույցից մի քանի օր առաջ իր հետ հանդիպել է ՀՀ ոստիկանապետը, քանի որ, ըստ դեսպանի` փոխնախարարը մինչ այդ իրեն թույլ է տվել «մեծ ցինիզմով արտահայտվել ՀՀ կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ» (2008-ի ապրիլին ոստիկանապետը Հայկ Հարությունյանն էր):
«Ավետիսյանն ասաց, որ ինքը պատրաստվում է ամռանը թողնել պետական աշխատանքը: Մայիսին նա մեկնելու է Վաշինգտոն` Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկում աշխատանքի տեղավորվելու նպատակով»,- նշել է Փենինգտոնը: Իրոք, Ավետիսյանը 2008-ի մայիսի 20-ին հրաժարական է ներկայացրել եւ մեկնել ԱՄՆ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել