Ներիշխանական ճգնաժա՞մ, թե՞ դիրքային պայքար
Արմեն Առաքելյան
Ընդդիմության սպասողականությունը, շարունակվող իներտությունը իշխանական ուժերին հնարավորություն են ընձեռում 2012 թ. խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ, ըստ իրենց հայեցողության, վերաձեւումների ենթարկել քաղաքական դաշտը:
Ներկա դրությամբ քաղաքական օրակարգը ձեւավորվում է Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հարաբերությունների շուրջ: Եվ դա փաստացի լուսանցքում է թողել մնացած բոլոր խաղացողներին, այդ թվում նաեւ` արմատական ՀԱԿ-ին ու խորհրդարանական ընդդիմադիր երկու կուսակցություններին` «Ժառանգությանը» եւ ՀՅԴ-ին:
Երկրորդ էշելոնում գտնվող այս երեք կուսակցություններն էլ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի համար, ըստ էության, ռեզերվային ուժեր են, որոնք տարբեր վարիացիաներով ու տարբերակներով կարող են մոբիլիզացվել ու խաղարկվել միմյանց դեմ:
ՀՀԿ-ն, մասնավորապես` կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, փորձում են խորհրդարանական ընտրություններն օգտագործել կենտրոնացված միաբեւեռ իշխանություն ձեւավորելու համար:
ՀՀԿ-ն ընդդիմադիր դաշտից որեւէ վտանգ չի տեսնում, որովհետեւ այնտեղ իր նախագահի մասշտաբներին համապատասխան պոտենցիալ մրցակից չի տեսնում: Իշխող կուսակցությունն անգամ անլուրջ է վերաբերվում սկսված սոցիալական ինքնաբուխ բողոքի ակցիաներին` շատ լավ տեսնելով, որ որեւէ քաղաքական ուժ ոչ ցանկանում, ոչ էլ կարողանում է դրան քաղաքական բովանդակություն հաղորդել ու լայն հասարակական դիմադրության շարժում ստեղծել:
Գործնականում միակ մրցակիցը մնացել է ԲՀԿ-ն, իսկ ավելի ճիշտ` այս կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը հսկայական ֆինանսատնտեսական ու քաղաքական ռեսուրսների է տիրապետում: Հանրապետության գործող նախագահն ուզում է վստահ լինել, որ այդ ռեսուրսը երբեւէ չի աշխատի իր դեմ:
ԲՀԿ-ի կաշկանդումը կազատի Սերժ Սարգսյանի ձեռքերը ներքին ու արտաքին իր բոլոր «նախաձեռնություններում», ինչպես նաեւ հնարավորություն կտա լիարժեք վերահսկողության տակ առնել թե քաղաքական, թե տնտեսական դաշտերը: Միայն այդ դեպքում Սերժ Սարգսյանը կարող է վստահ լինել, որ 2013 թ. նախագահական ընտրություններում իրեն որեւէ այլընտրանք չի առաջադրվի, ու խոշոր խաղացողներն անսպասելի շրջադարձեր չեն կատարի:
Դա է պատճառը, որ նա շրջանառության մեջ դրեց ներկայիս կոալիցիոն դաշնակցության սկզբունքով թե խորհրդարանական, թե նախագահական ընտրություններին մասնակցելու գաղափարը եւ համառորեն ձգտում է այդ հարցում ստանալ իր ներկայիս գործընկերների` ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի համաձայնությունը:
Ինքնուրույնությունն անդառնալիորեն կորցրած ՕԵԿ-ի համար դա նույնիսկ փրկություն է, որովհետեւ այդպիսով իշխանության մեջ մնալու գերազանց հնարավորություն է ստանում եւ ազատվում քաղաքականապես վախճանվելու իրական հեռանկարից: Բայց ԲՀԿ-ն համառում է, որովհետեւ հասկանում է` այս նախաձեռնությունը բարոյապես իրեն ոչնչացնելու, քաղաքականության օբյեկտի, գործիքի վերածելու նպատակ ունի:
ՀՀԿ-ն քաղաքական երկխոսության ու համաձայնությունների միջոցով խնդիրները կարգավորելու փոխարեն ապավինել է կոշտ, պարտադրողական, նույնիսկ ուժային մեթոդների: Դա չափազանց ռիսկային մոտեցում է, որովհետեւ հղի է իր իսկ դեմ դիմադրողական բեւեռի ստեղծմամբ: ՀՀԿ-ն հույս ունի, որ իր կոալիցիոն գործընկերոջը կճզմի` պետական հարկային ու վարչարարական մեքենան ողջ թափով Ծառուկյանի դեմ գործադրելու միջոցով:
Ամբողջ հաշվարկն այն է, որ Ծառուկյանը փախչելու տեղ չունի: Որքանո՞վ է ճիշտ հաշվարկված այս քաղաքականությունը, դժվար է ասել: Սակայն փաստը, որ անգամ նման դաժան հեռանկարն աչքի առաջ ունենալով` ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը համառորեն հակադրվում են նախագահի պարտադրանքին, ցույց է տալիս, որ նրանք այլ ռեսուրսների վրա հենվելու, իրավիճակից դուրս գալու տարբերակներ ու հնարավորություններ են տեսնում:
ԲՀԿ-ն այս պահին նախագահական հավակնություններ չունի: Որովհետեւ չունի այնպիսի առաջնորդ, որը կկարողանա համեմատվել ու հակակշռել Սերժ Սարգսյանին: Սակայն «Բարգավաճը» շատ ավելի լուրջ քաղաքական գործոն դառնալու խնդիր ունի, ինչը պայմանավորված է երկու հանգամանքով:
Նախ` Ծառուկյանը չի ցանկանում թույլ տալ 2007-ի խորհրդարանական ընտրություններին հաջորդած պորտֆելների բաժանման կրկնությունը: Խորհրդարան անցնելով իբրեւ երկրորդ ամենաշատ ձայները ստացած կուսակցություն` նա չստացավ դրան համարժեք պորտֆելներ ու իշխանական լծակներ: ՀՅԴ-ի աջակցությունը ստանալու համար նրան տրվեց այն, ինչ ԲՀԿ-ն իրենն էր համարում:
Երկրորդ` ԲՀԿ-ն այդպիսով ձգտում է դառնալ իշխանության ժառանգորդը` իրադարձությունների հետագա ցանկացած զարգացման դեպքում: Իսկ դա հնարավոր չէ` առանց այս խորհրդարանական ընտրություններում լուրջ հաջողությունների հասնելու:
Եթե դա հաջողվի, ապա 2013 թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը ստիպված կլինի ԲՀԿ-ի աջակցությունը ստանալու համար գնալ որոշակի զիջումների: ԲՀԿ-ն պարզապես թույլ չի տա, որ Սերժ Սարգսյանն իր համար ժառանգորդ ընտրի` բացառապես իր շահերից ելնելով: Այլ կերպ ասած` այդ ժամանակ ոչ թե ԲՀԿ-ն կախված կլինի Սերժ Սարգսյանից, այլ վերջինս` ԲՀԿ-ից:
ԲՀԿ-ն ձգտում է ինքնուրույնությունը պահպանել` հատկապես երկու, դեռեւս չօգտագործված հնարավորություններից ելնելով: Առաջինը տնտեսական, օլիգարխիկ շրջանակների հնարավոր կոնսոլիդացիան է: Վերջին ամիսների ընթացքում այդ կուսակցությունը համալրեցին մի քանի խոշոր գործարարներ: Նրանք, ինչպես նաեւ նույնիսկ նախագահի վերահսկողության տակ գտնվող օլիգարխները, կարող են չհամակերպվել Ծառուկյանի դեմ տնտեսական ու վարչական ձեռնարկումների հետ, որովհետեւ հասկանում են` ցանկացած պահի նույն վտանգը կարող է իրենց սպառնալ:
Ծառուկյանին «ջարդելը» նշանակում է փաստացի կորցնել ունեցվածքն ու այն անուղղակիորեն նվիրել Սերժ Սարգսյանին, ով այն կարող է հարմար պահի առանց դժվարության վերցվել: Որոշ փորձագետներ կարծում են, որ այդ վտանգը կարող է Ծառուկյանի շուրջ խոշոր տնտեսվարողների կոնսոլիդացման պատճառ դառնալ: Եթե դա տեղի ունենա, նախագահը կկորցնի ընտրություններում ձայներ բերող բոլոր ռեսուրսները:
Ծառուկյանը հույս ունի, որ նախագահը զերծ կմնա տնտեսական ու հարկային լծակների գործադրումից` չխթանելու համար կապիտալի` առանց այն էլ ավելի ու ավելի լայն մասշտաբներ ընդգրկող արտահոսքը, որը երկրի տնտեսությունն ու բյուջեն ուղղակի կրախի առաջ կկանգնեցնի:
Բացի դրանից` ԲՀԿ-ն ունի նաեւ չօգտագործված եւս մեկ ռեսուրս: Խոսքը հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է: Որ նա կարող է մտնել խաղի մեջ, հստակ հասկացրեց անձամբ Ռոբերտ Քոչարյանը:
«Մեդիամաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նա պարզորոշ հասկացրեց, որ չի ընդունում գործող նախագահի որդեգրած «եւ խաղացող, եւ մրցավար լինելու» գիծը: ԲՀԿ-ն ինքնին գուցե քաղաքական դաշտը կոնսոլիդացնելու լուրջ ներուժ չունի: Բայց նրա թիկունքում ու նրա միջոցով դա անելու հնարավորություն ու բավարար ներուժ ունի Ռոբերտ Քոչարյանը:
Հենց նրա գործոնով պայմանավորված` ՀՅԴ-ն կարող է համաձայնել ԲՀԿ-ի հետ տանդեմ կազմելուն` օգտագործելով ազգային խնդիրներում եւ արտաքին քաղաքականության մեջ նախագահի արած «նախաձեռնողական» սխալների եւ դրանք շտկելու անհրաժեշտության հանգամանքը:
Սակայն չեն բացառվում, իհարկե, նաեւ այլ սցենարներ: Օրինակ` ԲՀԿ-ն կարող է նահանջել: Կամ Սերժ Սարգսյանը կարող է հրաժարվել իր ռեպրեսիվ մեթոդներից ու ամեն ինչ թողնել խորհրդարանական ընտրություններից հետո: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ ինչ-որ նոր զարգացումներ լինելու են: Սպասենք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել