HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Երբ արհամարհված է ՏԻՄ օրենքը

Փետրվարի 9-ին հայտարարված էր Իջեւանի ավագանու նիստը: Նիստում, ի թիվս այլ հարցերի, պիտի հաստատվեր Իջեւան համայնքի 2011 թ. բյուջեն: Ավագանու վերջին նիստը տեղի է ունեցել մի տարի երկու ամիս առաջ` 2009 թ. դեկտեմբերի 21-ին: Հայտարարվեց, որ այդ նիստում ընդունվել է քաղաքի 2010 թ. բյուջեն: Հիմա էլ Վարուժան Ներսիսյանը փորձում է բյուջեի հարցը «մի կերպ» լուծել, որպեսզի  կարողանա պաշտոնավարել մինչեւ իր լիազորությունների ավարտը` այս տարվա աշուն: Հիշեցնենք, որ 2009 թ. հոկտեմբերի 6-ին ավագանու 8 անդամներ, դժգոհ լինելով քաղաքապետի ավտորիտար աշխատաոճից, պահանջել էին նրա հրաժարականը: Քաղաքապետ Ներսիսյանն էլ, ամենեւին մտադրություն չունենալով թողնել իր պաշտոնը, ավագանու նիստերից ոչ հարգելի բացակայության պատճառաբանությամբ դադարեցրեց ավագանու վերոհիշյալ 8 անդամներից  5-ի լիազորությունները: Ավագանու 5 անդամները Վարուժան Ներսիսյանի այդ որոշումը բողոքարկեցին դատարան, սակայն դատարանը մերժեց նրանց հայցը: Դեռեւս 2009 թ. դեկտեմբերի 16-ին ավագանու անդամ Նիկոլ Ղալթախչյանը ներկայացրել է հրաժարականի դիմում: Սակայն Վ. Ներսիսյանը 5 օր անց`  դեկտեմբերի 21-ի նիստում, այդ հրաժարականին ընթացք չէր տվել: 2010 թ. սեպտեմբերի 8-ին ավագանու անդամ Սուրեն Մանուկյանը դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նամակում նա հայտնել է, որ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանից  ստացել է Իջեւան համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ իր դիմումի պատասխանը: Վ. Տերտերյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Դ. Սարգսյանին եւ դիմումատու Ս. Մանուկյանին տեղեկացրել է, որ  դատաքննության փուլում է գտնվում ավագանու անդամ Վահե Ղալումյանի կողմից վճռաբեկ դատարան ներկայացված «Ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին» պահանջով հայցադիմումը եւ առաջարկել էր ձեռնպահ մնալ Իջեւանի ավագանու արտահերթ ընտրությունների նշանակման եւ անցկացման ծախսերի վերաբերյալ օրինագծին ընթացք տալուց: Ըստ Տերտերյանի` Վ. Ղալումյանի հայցի բավարարման դեպքում Իջեւանի ավագանին կունենար նիստեր անցկացնելու համար օրենքով պահանջվող թվաքանակը: Վարչապետին ուղարկված նամակում Ս. Մանուկյանը նշել է նաեւ, որ  ՀՀ վարչական դատարանի օրենքի ուժ ստացած վճիռներով Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը պետք է ավագանու անդամներին տրամադրեր համայնքին վերաբերող մի շարք փաստաթղթեր, այդ թվում` ավագանու նիստերի արձանագրություններ, սակայն նույնիսկ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը չի կարողանում քաղաքապետին պարտադրել, որ նա կատարի այդ վճիռների պահանջները: Նշված պատճառով, ՏԻՄ օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ կետով ավագանու անդամներ Սուրեն Մանուկյանը, Գրիգոր Դանիելյանը եւ Մհեր Մելիքսեթյանը հրաժարական են տվել եւ վարչապետին խնդրել դադարեցնել իրենց լիազորությունները: Նրանք Տիգրան Սարգսյանին  հայտնել են, որ անկախ Վահե Ղալումյանի հայցի  վերաբերյալ վարչական գործի ընթացքից, իրենց լիազորությունների դադարեցումից հետո ավագանու անդամների թիվը կնվազի ավելի քան կիսով չափ: Այդ պայմաններում ՀՀ ընտրական օրենսգրքի 138 հոդվածը նախատեսում է  ավագանու արտահերթ ընտրությունների պարտադիր անցկացում: Այդ պատճառով ավագանու 3 անդամները վարչապետին խնդրել են նրա աջակցությունը Իջեւանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման համար: Ավագանու անդամները նամակին կից ներկայացրել են իրենց հրաժարականի դիմումները, նաեւ այդ դիմումները քաղաքապետ Ներսիսյանին ներկայացնելու ապացույցներ: Հիմա կրկին անդրադառնանք ավագանու անդամ Վահե Ղալումյանի հայցին: Նա հետագայում Վճռաբեկ դատարանին դիմում է գրել ներկայացրած հայցի քննությունը կարճելու համար: Այն Վճռաբեկ դատարանի կողմից 2010 թ. նոյեմբերի 5-ին բավարարվել է, մեկ ամիս անց` իրավական ուժ ստացել, Վահե Ղալումյանն էլ դադարել է ավագանու անդամ լինելուց: Տեսնենք, թե ավագանու ի սկզբանե 13 անդամներից քանիսն են հիմա ավագանու անդամ: Ավագանու 5 անդամի լիազորությունները դադարեցվել են ավագանու անդամի իրենց լիազորությունները վերականգնելու վերաբերյալ նրանց հայցերը մերժվելուց հետո: Ավագանու 3 անդամ էլ, ինչպես վերը նշվեց, հրաժարականի դիմում են տվել 2010-ի սեպտեմբերին: Ավագանու անդամ Նիկոլ Ղալթախչյանն էլ դեռեւս 2009 թ. դեկտեմբերի 16-ին է հրաժարվել ավագանու անդամի իր լիազորություններից: Նա, դիմելով քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին եւ ավագանու անդամներին, տեղեկացրել էր, որ մշտական բնակության է մեկնում Երեւան, եւ ՏԻՄ օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` խնդրել է վաղաժամկետ դադարեցնել ավագանու անդամի իր լիազորությունները: ՏԻՄ օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը. «Եթե համայնքի ավագանու անդամի լիազորությունների դադարեցման հետեւանքով անհնարին է դառնում համայնքի ավագանու հետագա նիստերի անցկացումը, ապա ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու մնացած անդամները կամ համայնքի ղեկավարը: Տվյալ արձանագրությունը համապատասխան մարզպետի միջոցով ներկայացվում է պետական լիազորված մարմին: Կառավարությունը, օրենքով սահմանված կարգով, պետական լիազորված մարմնի ներկայացմամբ, նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ»: Ինչպես տեսնում ենք, անցած կես տարում այդ հոդվածի պահանջները չեն կատարվել: 2011 թ. փետրվարի 9-ին նշանակած ավագանու նիստի  օրակարգի 9-րդ կետով Վարուժան Ներսիսյանը  նախատեսել էր  Սուրեն Մանուկյանի, Մհեր Մելիքսեթյանի, Գրիգոր Դանիելյանի եւ Նիկոլ Ղալթախչյանի` որպես ավագանու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը: Քաղաքապետը հերթական անգամ խախտել է ՏԻՄ օրենքի 21-րդ հոդվածը: Այն սահմանում է, որ ավագանու անդամի լիազորությունները դադարեցվում են ավագանու  նիստի սկզբին: Ինչեւիցե, փետրվարի 9-ի ավագանու նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով. նիստին ներկայացել էր ավագանու ընդամենը 2 անդամ: Իջեւանում տեղական ինքնակառավարման ոլորտում ճգնաժամը շարունակվում է: Իսկ ՀՀ Կառավարությունը շարունակում է աչք փակել այս ամենի վրա: Սակայն ճգնաժամը վերաբերում է ոչ թե փոքրիկ մի գյուղի, այլ Տավուշի մարզկենտրոնին, ավելի քան 20 հազար բնակիչ ունեցող քաղաքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter