HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դաշտ գյուղի մշակույթի տանը պատսպարվել են գյուղի բոլոր հիմնարկները

Արմավիրի մարզի Դաշտ գյուղի մշակույթի տան տանիքի տակ տեղավորվել են համայնքապետարանը, ամբուլատորիան, համայնքի գրադարանը, սակայն որպես մշակույթի օջախ այն իր գործառույթը չի իրականացնում:

Այդ շենքից համայնքապետարանին բաժին է հասել 2 փոքր սենյակ, որոնցից մեկը համայնքի ղեկավարինն է, մյուսը` աշխատակազմի 8 աշխատողներինը: Այնտեղ է նստում նաեւ գրադարանավարը, քանի որ գրադարանի մի հատվածը հատկացրել են ամբուլատորիային, որի արդյունքում գրադարանի մասնաբաժինն այնքան է փոքրացել, որ նույնիսկ մի սեղանի տեղ չկա:

Համայնքապետարանի 8 աշխատակիցների համար նախատեսված սենյակն այնքան փոքր է, որ այնտեղ 8 հատ աթոռ դնելու հնարավորություն էլ չկա, եւ եթե բոլոր աշխատողները որոշեն պարտաճանաչ ներկայանալ աշխատանքի, ապա ստիպված են հերթով նստել կամ էլ միջանցքում սպասել իրենց հերթին:

Ամենից շատ «տուժել» են ավագանու 5 անդամները. նրանց համար այդպես էլ հարմար սենյակ չի գտնվել: Դաշտի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հարություն Մուրադյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե ավագանու համար աշխատասենյակ առանձնացրել են, սակայն շենքի տանիքն ամբողջությամբ կաթում է եւ այնտեղ հնարավոր չէ նստել: Աշխատասենյակ կոչվածը մի քանի կոտրած աթոռով դատարկ սենյակ է` ծանրացած խոնավության գաղջ հոտով:

Մշակույթի տան` համայնքապետարանին հատկացված մասում պատերը ծանրացած էին զանազան հայտարարություններով, այդ թվում` վարկեր վերցնելու մասին, սակայն համայնքապետի հրամաններն ու կարգադրությունները, ինչպես նաեւ ավագանու որոշումներն այնտեղ տեղ չէին գտել: Բյուջեի, դրա կատարողականի, բյուջեում կատարված փոփոխությունների ու ծախսերի մասով նույնպես հրապարակայնությունն ապահովված չէր:

Աշխատակազմի քարտուղարն ասաց, թե ավագանու որոշումները միշտ էլ փակցվում են, պարզապես դրանք հանվել են, որպեսզի փոխարինվեն նորերով: Մինչդեռ գյուղացիները փաստում էին, որ երբեւէ ավագանու որոշումները չեն փակցվել, իսկ իրենք ընդհանրապես տեղյակ չեն, թե ավագանին երբ է նիստեր անում:

Գյուղում սոցիալական խնդիրները շատ են, այդ իսկ պատճառով համայնքապետին հասցեագրված դիմումներն էլ սոցիալ-կենցաղային են: Աշխատակազմի քարտուղարն ասաց, որ այս տարվա երկրորդ եռամսյակում համայնքապետ Հրանտ Պետրոսյանի անունով ստացվել է 8 գրավոր դիմում, իսկ ավագանին որեւէ դիմում քաղաքացիներից չի ստացել:

Հ. Մուրադյանի` մեզ ներկայացրած թվերը մի քանի անգամ պակաս են տարածքային կառավարման նախարարության հրապարակած տվյալներից, համաձայն որի` նշված ժամանակահատվածում Դաշտ գյուղի համայնքապետն ընդունել է 34 բնակչի, իսկ ավագանին` 4: Ինչ վերաբերում է դիմումների թվի անհամապատասխանությանը, Հ. Մուրադյանը սկսեց արդարանալ եւ տարբեր պատճառաբանություններ բերել` մոռանալով, որ հենց աշխատակազմի քարտուղարի պարտականությունների մեջ է մտնում դիմումների մուտքագրումը, ընդունելության կազմակերպման հարցերը:

Ըստ աշխատակազմի քարտուղարի` իրենք մարզպետարան ներկայացնում են ոչ թե իրենց մոտ գրանցված գրավոր դիմումների թվի մասին տեղեկատվությունը, այլ ընդհանրապես ընդունելության եկած քաղաքացիների դիմումների թիվը: Հարություն Մուրադյանը նաեւ հակասեց իրեն` ասելով, որ երկրորդ եռամսյակում համայնքապետին ավելի մեծ թվով քաղաքացիներ են դիմել: «Այդ դեպքում ինչո՞ւ բոլորի մասին չեն տեղեկացնում մարզպետարանին, այնտեղից էլ` տարածքային կառավարման նախարարություն» հարցին Մուրադյանը պատասխան չուներ:

Դաշտ գյուղն ունի մոտ 1000 բնակիչ, որոնք հիմնականում զբաղվում են հողագործությամբ: Անասնապահությունը համայնքում քիչ է զարգացած, որի պատճառը արոտավայրերի սակավությունն է: Աշխատակազմի քարտուղար Հ. Մուրադյանը հայտնեց, որ գյուղում 150 հա գյուղատնտեսական հողերից մոտ 50 հա հող չի մշակվում:

Նախ` դրանք վատորակ հողեր են եւ լավ բերք չեն խոստանում գյուղացուն, բացի այդ` ոռոգումն այդ տարածքում իրականացվում է պոմպակայանների միջոցով, որոնք մի քանի տարի է` չեն գործում: Նախկինում այդ հատվածում եղել է 20 հա ծիրանի, 5 հա` խաղողի այգի, ինչպես նաեւ` ցորենի եւ առվույտի դաշտեր: Չի մշակվում նաեւ ջրի խնդիր չունեցող բերրի հողատարածքների մի մասը: Այստեղ էլ եկամտաբերությունն է քիչ:

Անդրադառնալով գյուղի խնդիրներին` աշխատակազմի քարտուղարն առաջին հերթին առանձնացրեց որակյալ սերմերի բացակայությունը, ինչն էլ թույլ չի տալիս, որ գյուղատնտեսությունը Հայաստանում զարգանա:

«Առաջին խնդիրն այն է, որ սերմնաբուծություն մեր երկրում չկա, անորակ սերմեր են վաճառվում: Անձամբ ես մոտ 4000 քմ լոլիկ եմ ցանել եւ ստացել եմ մոտ 10 տոննա բերք, մինչդեռ ամենաքիչը պիտի 30 տոննա բերք ունենայի: Այնքան ծախս եմ արել, իմ աշխատանքն էլ որ հաշվում եմ, շահութաբերություն չկա: Դրա համար էլ այսօր երիտասարդները հողի վրա գործ չեն անում, ինչ էլ անում են, միջահասակներն ու տարեցներն են անում: Ամեն տարի հույս ենք ունենում, որ այդ տարի լավ կլինի, բայց ոչ մի բան էլ լավ չի լինում, գյուղացին ոչ մի հարցում պաշտպանված չէ»,- ասում է Հ. Մուրադյանը:

Ըստ նրա` գյուղն ունի ընդամենը մեկ տրակտոր, որը ֆիզիկապես եւ բարոյապես մաշված է: Վարը, հարթեցումն ու ակոսը միասին 1 հա-ի համար կազմում է ամենաքիչը 100.000 դրամ: Թանկ են նաեւ պարարտանյութն ու թունաքիմիկատները: «Հենց ես եմ լսել, որ գյուղնախարարն ասել է, թե պարարտանյութի գինը 7000 դրամից չի բարձրանալու, բայց մի պահ եղավ, որ 15.000 դրամով էինք պարարտանյութ գնում, հիմա էլ 9500 դրամ է»,- ավելացնում է Մուրադյանը:

Աշխատակազմի քարտուղարի խոսքերով` ինքը չի զգացել, որ գյուղատնտեսությունը Հայաստանում գերակա ճյուղ է հռչակված: «Եթե վերցնենք մեր գյուղատնտեսության այսօրվա վիճակը, կարող ենք ասել, որ նախնադարյան գյուղատնտեսություն է, ոչ միայն մեր գյուղում, այլեւ ամբողջ երկրում»,- ասաց Հ. Մուրադյանը:

Նշենք, որ անկախությունից ի վեր Դաշտ գյուղից արտագաղթել է մոտ 100 մարդ: Նրանք հիմնականում բնակություն են հաստատել Ռուսաստանում, սակայն շարունակում են հաշվառված մնալ Դաշտում: Միայն այս գյուղից 30 զինակոչիկներ հետախուզման մեջ են, որոնք պետք է ծառայեն բանակում, սակայն Հայաստանում չեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter