«Գիլան» արգելավայրի խնդիրը չի լուծվում
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում «Գիլան» պետական արգելավայրի խնդիրը շարունակվում է մնալ չլուծված: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը թեմայի շուրջ իրենց մտահոգությունները հայտնեցին Էկոլգիական հասարակական դաշինքի անդամներ Հրանտ Սարգսյանը, Մարինա Օգանեզովան, Մարիամ Սուխուդյանը եւ Կարինե Դանիելյանը:
Նրանք բազմաթիվ դիմումներ են ուղարկել նախագահին, վարչապետին, տարբեր նախարարություններ: Վերջերս ստացել են Մարդու իրավունքների պաշտպանի եւ Բնապահպանության նախարարության պատասխանները, որոնք միմյանցից քիչ բանով են տարբերվում: Այնտեղ հիմնականում նշված է Խոսրովի պատմության մասին: Մենք ունենք երեք արգելոց` Խոսրովը, Շիկահողը եւ Էրեբունին: Մարինա Օգանեզովայի խոսքերով` Խոսրովը տարբերվում է նրանով, որ այնտեղ կա եւ անտառ, եւ տափաստան, եւ նոսր անտառ, եւ պատմական հուշարձաններ, այսինքն` այն հետաքրքիր է բոլոր կողմերից: «Խոսրովը չի կարող դառնալ էկոտուրիզմի տարածք, քանի որ այդտեղ մարդկանց հոսք ապահովելով` մենք վտանգում ենք արգելոցը»,- ասում է Մարինա Օգանեզովան: Կարինե Դանիելյանի խոսքերով` արգելոցում կարելի է ծավալել ոչ թե տնտեսական, այլ միայն գիտական գործունեություն: Բանախոսները պահանջում են վերականգնել տարածքի ստատուսը եւ քանդել այնտեղ կառուցվող հյուրանոցը` նշելով, որ այդտեղ ամենեւին էլ նման կառույցի անհրաժեշտություն չկա: Մարիամ Սուխուդյանը նշեց, որ տարածքը հարուստ է բուսական եւ կենդանական աշխարհով, իսկ առկա շինությունը, որը կարող է հետագայում ծավալվել, լուրջ սպառնալիք է այդ ամենին:
1983թ. հրդեհ է բռնկվել Խոսրովում: Այդ ժամանակ Խոսրովում կար 7 ադրբեջանցի ընտանիք, որից 6-ը մշտական էին բնակվում, իսկ մեկը` ժամանակավոր: Իսկ 90-ականների սկզբներին այնտեղ արդեն մեկ տասնյակ հայ ընտանիքներ կար: Խոսրովի արգելոցի հետ կապված որոշումները, Կարինե Դանիելյանի խոսքերով, հակասում են թե մեր, թե միջազգային օրենքներին:
«Մեր երկիրն արդեն ունի երկու լուրջ զգուշացում «Օրհուսի» կողմից եւ եւս մեկ այդպիսի զգուշացում ունենալու դեպքում հնարավոր է` կոնվենցայից դուրս գալու պահանջ դրվի»,- ասում է Կարինե Դանիելյանը:
Բանախոսները մտադիր են դիմել բոլոր պատասխանատու մարմինններին, բնապահպանության նախարարությունից պահանջել ստեղծել մոնիտորինգ խումբ` Խոսրովի արգելոցում գործընթացներին հետեւելու համար: Ծրագրում են նաեւ բնակչության շրջանում կազմակերպել ստորագրահավք:
Մեկնաբանել